Ինչու «Ուժեղ Հայաստանը» դեմ չէ ԹՐԻՓՓ-ին
Fri, 23 Oct 2026 18:45:05 +0400

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Առաջիկայում այն կմտնի ԱԺ օրակարգ, եւ ՔՊ-ական մեծամասնությունն այն կվավերացնի։ Նախագծին կողմ էին քվեարկել հանձնաժողովի 4 ՔՊ-ական անդամները, դեմ` «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Սյուզան Ավետիսյանը: Հանձնաժողովում ընդդիմության մյուս ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն այս թեմայի շուրջ զգուշորեն է արտահայտվում: Ինչո՞ւ է ընդդիմությունը, մասնավորապես` «Ուժեղ Հայաստանը», չեզոքություն պահում այս հարցում, արդյո՞ք դա հիմնավորված է:
Պարզ է, որ ոչ մի ԹՐԻՓՓ էլ գոյություն չունի, քանի դեռ ԱՄՆ- Իրան եւ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կարգավորված չեն, այդ տարածքում ամերիկյան ներդրումները չեն կարող ապահովագրված լինել, եւ որեւէ նախագիծ այդտեղ չի կարող կյանքի կոչվել: Այս պահին ԹՐԻՓՓ-ը բացառապես նախագիծ է Ադրբեջանին Հայաստանի տարածքով Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապելու մասին, ՀՀ տարածքի օգտագործմամբ այդ երկրներին տրանսպորտային եւ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու հնարավորություն տալու մասին: Հայաստանն այդ տարածքի նկատմամբ հսկողություն չի ունենալու, այն վերահսկելու են ամերիկյան մասնավոր ընկերության ներկայացուցիչները, այդ ընկերությունն Ադրբեջանից եւ Թուրքիայից գումար է գանձելու Հայաստանի տարածքն օգտագործելու դիմաց, գումարի 74 տոկոսը պահելու են իրենց, իսկ 26 տոկոսը տալու են Հայաստանին, երբ համարեն, որ իրենց ներդրումները հետ են ստացել, այսինքն` երբեք: Իրականում, Հայաստանը ոչինչ չի ստանալու, բայց կորցնելու է իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը: Ադրբեջանն իր տարածքով Հայաստանին ճանապարհ չի տալու` երկրի կենտրոնական շրջանները հարավի հետ կապելու, մասնավորապես՝ երկաթուղային կապ ունենալու համար, կամ առնվազն պայմաններն այնպիսին չեն լինելու, ինչպիսին գործելու է ՀՀ տարածքի օգտագործման պարագայում: ԹՐԻՓՓ-ը հակահայկական, հակապետական ծրագիր է:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համաձայնել է այդ ծրագրի իրականացմանը՝ մտավախություն ունենալով, որ չհամաձայնելու դեպքում Ադրբեջանը կարող է զորք մտցնել Սյունիք, գրավել եւ այդպիսով միջանցք բացել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Հիմա այդ նույն միջանցքը տրվում է առանց պատերազմ՝ իբրեւ թե ամերիկյան հսկողության եւ երաշխավորության տակ: ԱՄՆ ներկայությունը եւ ենթակառուցվածքների` ԱՄՆ պատկանելությունը պետք է իբրեւ թե երաշխավորեն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը զորք չեն մտցնի այդ տարածք: Եթե մի տարի հետո ԱՄՆ-ն վաճառի իր մասնաբաժինը, ո՞վ է դրան խոչընդոտելու` Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Ալեն Սիմոնյանը:
Թե ինչու է իշխանությունը կողմ այս հակապետական, Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնող նախագծին, պարզ է` այս նախագիծը պետք է կոչվեր «միջանցք` իշխանության դիմաց»: Փաշինյանը եւ իր խունտայի անդամները հույս ունեն, որ նախագծի գոյությունը, իրականացումը երաշխավորելու է, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ն կապահովեն իրենց տիրապետության պահպանումը Հայաստանի մնացած տարածքի նկատմամբ: Ինչո՞վ է առաջնորդվում ամենամեծ խորհրդարանական ընդդիմությունը` «Ուժեղ Հայաստանը», դեմ չարտահայտվելով նախագծին: Մենք կարող ենք միայն ենթադրել:
«Ուժեղ Հայաստանը» կարծում է, որ ԹՐԻՓՓ-ն ամերիկյան նախագիծ է, եւ եթե իրենք դեմ արտահայտվեն նախագծին, այդպիսով կդիրքավորվեն որպես հակաամերիկյան ուժ, դրանով ամրապնդելով փաշինյանական իշխանությունը, որը կարող է ԱՄՆ իշխանություններին ասել. տեսեք` Հայաստանում ձեր շահերի միակ պաշտպանը ես եմ, իսկ մյուսները գործում են ռուսական ցուցումով: «Ուժեղ Հայաստանը» փորձում է դիրքավորվել որպես բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ լավ հարաբերություններ հաստատելու եւ պահպանելու կողմնակից:
«Ուժեղ Հայաստանում» երեւի կարծում են, որ ԹՐԻՓՓ-ն ունի կայունացնող դեր եւ գոնե այս պահին խոչընդոտում է պատերազմի վերսկսմանը, ու քանի դեռ չկան խաղաղության եւ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունը կանխելու այլ մեխանիզմներ, այս նախագիծը կարող է եւ մնալ շրջանառության մեջ: Հնարավոր է, որ «Ուժեղ Հայաստանում» համարում են, որ Իրանի եւ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով այս նախագիծը կյանքի կոչվելու հնարավորություն չունի: Ռուսաստանը փաստացի մաս է ուզում նախագծից, ինչը նրան չեն տալիս, իսկ Իրանը կարծում է, որ նախագծի իմաստն իր տարածքը շրջանցող, իրեն շրջափակող համաթուրանական ծրագիրն է, որը վտանգում է իր ազգային անվտանգությունը: Քանի դեռ Իրանն ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ է, Իրանի դիրքորոշումը հնչում է որպես մտահոգություն եւ զգուշացում, եթե Իրանը հաղթի պատերազմում կամ առնվազն չպարտվի, ինչը հավանական է, այդ զգուշացումը կդառնա պահանջ եւ նույնիսկ՝ պարտադրանք: Մենք ականատես ենք ավելի ու ավելի կոշտացող դիրքորոշման:
Հնարավոր է, որ «Ուժեղ Հայաստանում» մտածում են` ի՞նչ իմաստ ունի փչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ մի նախագծի առնչությամբ, որը կյանքի կոչվելու շատ քիչ հնարավորություն ունի: Ի տարբերություն «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» խմբակցության դիրքորոշումն ավելի հստակ է եւ քաղաքական իմաստով ավելի ընդունելի: Երբ մի նախագիծ վտանգում է երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ծառայում է օտարի եւ թշնամու շահերին, դրան կողմ լինել կամ նույնիսկ անտարբերություն դրսեւորել, մեղմ ասած, չի կարելի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր