Ողորմելի վիճակ
Sat, 24 Oct 2026 09:00:31 +0400

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ողբերգական վիճակում են հայտնվել մեր պետությունն ու ազգը, որ մեր երկրի օրակարգը թելադրվում է հարեւան բռնապետական պետություններից, որոնք մեզ հանրաքվեներ են պարտադրում։ Իսկ սահմանադրություն փոխելու պահանջն այնքան միանշանակ է ու անվերապահորեն կատարման ենթակա, որ այս իշխանությունը պատրաստ է անգամ նոր ընտրությունների գնալ։ Այդ փորձություններով նորից անցնել՝ այն կատարելու համար։
Երբ սկսում ես խորանալ իրավիճակի ողջ ողբերգականության մեջ, ուղղակի սարսափում ես, թե ինչքան է ոչնչացվել մեր պետությունը, հողին հավասարեցվել մեր ինքնիշխանությունը, ինչպես ենք զրկվել սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից։ Ինչ վասալային կախման մեջ ենք ընկել մեր թշնամուց։ Ինչքան է ՀՀ իշխանությունը զրկվել ինքնուրույնությունից, որ ընտրություններից 4-5 ամիս անց խոսում է արտահերթ ընտրությունների եւ Ալիեւի դրած «նախապայմանը» կատարելու մասին։ Ի՞նչ է սա․ չպատճառաբանված կույր վախ հակառակորդի՞ց, պատերազմից խուսափելուն ուղղված հուսահատ քա՞յլ, Արեւմուտքից ու Արեւելքից որեւէ օգնության հույս չունենալու ապացո՞ւյց, թե՞ իր իշխանությունը պահելու միակ երաշխավորը, ըստ այդմ՝ միակ վտանգը զգում է Ադրբեջանից, ուստի պատրաստ է նրա ամեն պահանջը կատարել։ Եթե պատերազմից վախն է, ուրեմն վերջին 5-6 տարում ոչ թե պետք է ֆեստիվառներ ու կոպեր կազմակերպեին, այլ պետբյուջեի գերակշռող մասն ուղղեին զինվելուն, զորքը մարտունակ դարձնելուն։ Եթե արտաքին հովանավորների բացակայությունն է, ապա պետք է դիվանագիտական խողովակներ աշխատեցնեին, սփյուռքի ազդեցիկ հայերի հետ համագործակցեին, Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնեին։ Եթե սեփական աթոռն է՝ այդ նվաստացումն ու ողորմելի կյանքը հազար նման աթոռ չարժե։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր