Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել

«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել

Sat, 24 Oct 2026 09:15:22 +0400


«Ազատ քվե» դիտորդական նախաձեռնությունը Ստեփանավանում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնելու։ «Ազատ քվե»-ն ստեղծվել է 2026-ին: Նախաձեռնության անդամները «Երիտասարդները՝ հանուն փոփոխության» եւ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ներն են։ Դիտորդական նախաձեռնության ղեկավար Գրիգոր Ջանիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել․ «Արձանագրել ենք վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր։ Բացի այդ, տեսնում ենք նաեւ, որ երեխաներին օգտագործում են քաղաքական պրոցեսներում։ Մենք նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ էինք արձանագրել, որ երեխաներին պետք է զերծ պահել ցանկացած տեսակի ընտրական պրոցեսներից, բայց այդ արատավոր միտումը նաեւ հիմա ենք նկատում։ ԿԸՀ հաղորդում ենք պատրաստվում ներկայացնել»։ Իրենք այս անգամ դիտարկելու են միայն Ստեփանավան համայնքը, մյուս համայնքների մասով մեդիամոնիթորինգ են անելու․ «Ստեփանավանում 29 տեղամասից 19-ի մուտքը մատչելի չէ։ Որեւէ տեղամասային կենտրոնի մոտ չի արձանագրվել հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված ավտոկայանատեղի, Բրայլյան գրատառով ցուցանակ կամ մատչելի սանհանգույց, իսկ 11 տեղամասում մուտքի դուռն ավելի նեղ է, քան ԿԸՀ-ի սահմանած 90 սմ-ն»։

Մեր դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ՔՊ-ի թիմը նախընտրական բուկլետներով ստեփանավանցու տուն էր այցելել, եւ բնակարան նվիրելու խոստում էին տալիս, դա ընտրակաշառք չէ՞, Ջանիկյանը պատասխանեց․ «Դա, միանշանակ, դիտարկվում է որպես ընտրակաշառքի խոստում, դա ընտրակաշառքի նման է դիտարկվում, սակայն սա միակ դեպքը չէ, այլ տեղերում եւս նմանատիպ դեպքեր եղել են, երբ, օրինակ, Մասիս համայնքի ՔՊ-ական թեկնածուն հավաքի ժամանակ երեխաներին հեռախոսներ խոսք տվեց, որ ընտրվելու դեպքում կնվիրի»։ Անդրադառնալով Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանին, որը ՔՊ-ով համայնքապետ էր դարձել, սակայն հունիսի ընտրություններից հետո ՔՊ-ն Լոռի Բերդի վարչական ղեկավարին առաջադրեց համայնքապետի թեկնածու, Գրիգորյանն էլ հայտարարեց, որ այլ ուժի հետ է առաջադրվելու, Ջանիկյանը նշեց, որ վերջինս դպրոցում խնջույք է կազմակերպել եւ արձակուրդում գտնվելու ժամանակ համայնքապետարանում մեդալներ է բաժանել, խոստումներ տվել․ «Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենն իրականացվում է բացահայտ, այսինքն՝ մենք չենք գնացել գաղտնի նկարել կամ հետեւել, այլ բաց աղբյուրներում այս ինֆորմացիան հասանելի է»։ Դիտորդները նաեւ գույքի ու եկամուտների հայտարարագրման հետ կապված են խնդիրներ արձանագրել․ «Ստեփանավանում 156 գրանցված թեկնածու կա, որից 44-ը հանրային հատվածից է, ընդ որում, բոլորն էլ կա՛մ ՔՊ-ից են, կա՛մ «Գործարար» կուսակցությունից, տարօրինակ ձեւով 32-ը դրամական միջոցներ ընդհանրապես չունեն, 42-ն էլ զրոյական եկամտով են, իսկ 14 հոգի ընդհանրապես հայտարարագիր չի լրացրել»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Sat, 24 Oct 2026 08:10:03 +0400 Խորհրդարանում վերանորոգման թեժ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով