Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Մեկ անօրինական դատական ակտով եկեղեցուն ահռելի վնասներ հասցվեցին

«Հրապարակ»․ Մեկ անօրինական դատական ակտով եկեղեցուն ահռելի վնասներ հասցվեցին

Sat, 24 Oct 2026 10:45:32 +0400


Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավորներ՝ Սիմա Աբովյան եւ Հովհաննես Մելքոնյան) որոշել է, որ Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) եւ Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Դատարանը կարճել է գործերի վարույթները եւ վերացրել Ասատրյանին՝ Սուրբ Հովհաննավանքի եւ Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգեւոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։ Երկու գործով էլ դատարանի որոշումները հրապարակվել են մոտ 2 ամիս ուշ։ Դրանք նախատեսված էր հրապարակել 2026թ. օգոստոսին։ Զրուցել ենք փաստաբան Միհրան Պողոսյանի հետ:

– Դատարանն իրար հետեւից Մայր Աթոռի դեմ հայցեր ներկայացրած երեք հոգեւորականների հայցերը մերժեց, գործերը կարճեց: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին: Դավադրությունների տեսության որոշ սիրահարներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը հետ է կանգնել Եկեղեցու դեմ արշավից: Ի՞նչ եք կարծում` այս վճիռների հետ կապ ունի՞ Փաշինյանը:

– Հանձնարարությունը կա, Նիկոլ Փաշինյանն ազգային պետություն ունենալու առումով վախ ունի Եկեղեցուց, ես բացառում եմ, որ իշխանությունները կարող են Եկեղեցու դեմ պայքարից հետ կանգնել: Այս պայքարը, այս բոլոր գործողությունները բացառված է, որ արվում են Եկեղեցին բարենորոգելու համար: Հայ առաքելական եկեղեցին այս իշխանության հակառակորդն է, եւ իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է գործում եւ առաջնորդվում: Եկեղեցին ունի բարձր դիրք, հասարակության մոտ վստահություն, իսկ իշխանությունը խնդիր ունի այդ ամենը չեզոքացնելու, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի ստացվում: Այստեղ կարեւոր է մի հանգամանք․ հայցը ներկայացնելուց հետո դատավորի համար որեւէ նոր հանգամանք չի բացահայտվել, այնպես որ՝ այս որոշումներն իրականում ուշացած են: Այդ գործերն առհասարակ չպետք է ընթացք ստանային, այնպես չէ, որ դատավորները նոր պարզեցին, որ այդ գործերը քննության ենթակա չեն, եւ չեն կարող առանց քաղաքացիական քննության դրանք թողնել: Այդ հայցերը չպետք է վարույթ ընդունվեին: Մենք տեսանք, որ այդ հայցերի հիման վրա Վեհափառ հայրապետը մեղադրյալի կարգավիճակ ստացավ: Այս ամենը չպետք է լիներ: Մեկ անօրինական դատական ակտի պատճառով Հայ առաքելական եկեղեցուն ահռելի վնասներ հասցվեցին, ինչը, կարծում եմ, իշխանության տրամաբանության մեջ էր:

– Արդյո՞ք այս ամենից հետո չպետք է կարճվի Վեհափառի եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականների գործը, որը սերտորեն կապված է Արման Սարոյանի գործի հետ:

– Այդ գործն առհասարակ չպետք է լիներ: Գործով զբաղվողները պետք է վաղուց հանգեին այն հետեւությանը, որ նման քաղաքացիական գործ չէր կարող լինել, ավելին՝ չէր կարող լինել նման հայցի ապահովման միջոց: Ես այս ամենը հաղթանակ չեմ համարում իրականում, որովհետեւ կարծում եմ, որ իշխանության նպատակներից մեկը, եթե չասենք՝ գլխավոր նպատակը Եկեղեցին վարկաբեկելն էր:

– Չնայած այն հանգամանքին, որ Արման Սարոյանը վաղուց այլեւս Մասյացոտնի թեմի առաջնորդը չէ, սակայն շարունակում է ղեկավարել թեմի բյուջեն, ավելին` որեւէ պաշտոն չզբաղեցնելով՝ ինքն իրեն ամեն ամիս 500 հազար դրամ աշխատավարձ է դուրս գրում թեմի բյուջեից: Այժմ, երբ դատարանը նման վճիռ է կայացրել, արդյո՞ք չպետք է կասեցվեն այդ գործընթացները․ ի դեպ, կարգալույծ հռչակված նախկին հոգեւորականները չեն հեռանում եկեղեցու տարածքից: Այս հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:

– Նրանց պետք է հարկադիր կարգով դուրս բերել եկեղեցու տարածքից: Այդ մարդիկ ինքնիրավչությամբ են այս պահին զբաղված, այդտեղ կան քրեական հանցագործության տարրեր, այնպես որ՝ նրանց պետք է հարկադիր կարգով դուրս բերել եկեղեցու տարածքից: Արման Սարոյանն իրավունք չունի Մասյացոտնի թեմը տնօրինելու, նա եւս պետք է հեռանա: Հակառակ պարագայում, վաղը կարող է մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ մի եկեղեցու տարածք զավթել եւ այնտեղից դուրս չգալ կամ տնօրինել ինչ-որ մի թեմի ֆինանսական միջոցները: Ես կարծում եմ, որ նրանք երբեք այդ իրավունքը չեն ունեցել, քանի որ ի սկզբանե կարգալույծ են հռչակված եղել, այսինքն` շարքային քաղաքացիներ են:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են Sat, 24 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով