ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին
Mon, 26 Oct 2026 13:05:56 +0400

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպի օրը ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները տեղում են եղել, իսկ դեպքին արձագանքած համայնքային ոստիկանը հանգստի մեջ է եղել։
ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում նախարարը, անդրադառնալով միջադեպին, նշել է, որ դեպքի մասնակիցներից մեկը՝ Անի Ավետիսյանը, ունեցել է համայնքային ոստիկանի անձնական հեռախոսահամարը և անմիջապես կապ է հաստատել նրա հետ։
Սարգսյանի գնահատմամբ՝ այս դեպքը ցույց է տալիս համայնքային ոստիկանության աշխատանքի այն սկզբունքի գործնական կիրառումը, ըստ որի՝ քաղաքացիները պետք է ճանաչեն իրենց համայնքային ոստիկանին և անհրաժեշտության դեպքում կարողանան անմիջականորեն դիմել նրան։
Ավելի վաղ Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանը հայտնել էր, որ ոստիկանություն ահազանգելուց հետո ինքն ավելի շուտ է հասել տուն, քան ոստիկանները՝ դեպքի վայր։
Նախարարը պարզաբանել է, որ համայնքային ոստիկանը դեպքին նախորդող օրը հերթապահություն է իրականացրել, ուստի միջադեպի օրը հանգստի մեջ է եղել։ Նրա խոսքով՝ ահազանգից հետո տասը րոպեն չանցած՝ ոստիկանը հասել է դեպքի վայր, սակայն այդ ժամանակ միջադեպն արդեն տեղի ունեցած է եղել։
Սարգսյանը նշել է, որ դեպքի ժամանակային մանրամասները քննության ընթացքում լրացուցիչ կհստակեցվեն։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ Անի Ավետիսյանը ոստիկանին զանգահարել է, երբ արդեն տան մոտակայքում է եղել, մինչդեռ ոստիկանն այդ պահին գտնվել է ավելի հեռու։
Նախարարի փոխանցմամբ՝ Սիսիանի ոստիկանության բաժնից հեռու բնակվող ծառայողի՝ կարճ ժամանակում դեպքի վայր հասնելը բավականին օպերատիվ արձագանք է եղել։
Սարգսյանը նաև հայտնել է, որ դեպքի վայր հասնելուց հետո համայնքային ոստիկանը տղային հորդորել է զանգահարել 911՝ լրացուցիչ ուժեր կանչելու համար։ Նրա խոսքով՝ այդ զանգից հետո տասը րոպեի ընթացքում դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը, որի աշխատանքի արդյունքում էլ հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայողը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր