Իսակովի պողոտան նորից կքանդե՞ն
Mon, 26 Oct 2026 13:09:41 +0400

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է արտահայտվել այս տարի միջին նորոգման ենթարկված Իսակովի պողոտան նորից լայնակի քանդելու աշխատանքներին՝ ընդգծելով, որ ճանապարհների նորոգումից առաջ պետք է ավարտին հասցվեն համապատասխան ենթակառուցվածքային ծրագրերը։
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետը նշել է, որ Ջրային կոմիտեի ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն ճանապարհաշինական աշխատանքներից առաջ, որպեսզի նորոգված փողոցները կարճ ժամանակ անց կրկին քանդելու անհրաժեշտություն չառաջանա։
«Քաղաքի առաջնահերթությունը նոր միջին նորոգված ճանապարհը քանդելը չէ»,- հայտարարել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ Իսակովի պողոտայի դեպքում կարևոր է ոչ միայն պահպանել ճանապարհի նորոգված վիճակը, այլև ապահովել երթևեկության անխափան կազմակերպումը։ Քաղաքապետն ընդգծել է նաև Նորագյուղի բնակիչների տների դիմաց արդար փոխհատուցում տրամադրելու հարցի կարևորությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր