Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Նիկոլ, դու թույլ ես, սովետին 100 տոկոս ձայնով չես հասնում…

Նիկոլ, դու թույլ ես, սովետին 100 տոկոս ձայնով չես հասնում…

Mon, 26 Oct 2026 13:15:12 +0400


ՏԻՄ ընտրությունների մասին որևէ բան ասելն անգամ ամոթ է։ Ասեմ՝ ինչու։
Նիկոլ Փաշինյանը որ բերանը բացում է, առաջինը ժողովրդավարությունից է խոսում։ Ժողովրդավար եմ, ժողովուրդն է ինձ ընտրել, ոչ մի կեղծիք չի եղել և նման բաներ։ Համամիտ եմ։ Սովետի տարիներին էլ մենք ժողովրդավար երկիր էինք, թե ինչու քանդեցին՝ չհասկացա։ Բայց լավ է, որ Փաշինյան Նիկոլն արդեն քարը քարի վրա է դնում ու սովետ կառուցում։

Ճիշտ է, մեր այս ընտրություններին 96, 94, 90 տոկոս է իշխանությունը վերցնում, բայց հաշվի առեք, որ տեղեր կան՝ ընդդիմության թեկնածու էլ է լինում, ու էդ մի քանի տոկոսը նրանց են բաշխում։ «Զա սալիդարնոստ»։
Սովետի ընտրություններին ես մասնակցել եմ։ Միշտ թեկնածուն 100 տոկոս ձայն էր հավաքում։ Վերջում թե ի՜նչ քեֆ-ուրախություն էր լինում, էլ չասած։ Փաշինյանը թուլություն է ցուցաբերել, թույլ է տվել, որ շատ տեղերում մի թեկնածուից ավելի մասնակցի։ Բայց ճարպկորեն այդ մի քանիսն էլ են իրենը եղել։

Սովետն էլ մի օրում չի կառուցվել։ Տարիների փորձ էր պետք, որ ժողովուրդը հասկանար՝ ընտրության գնալը պարտադիր է, իսկ ընտրելու բան չկա։ Հիմա Նիկոլը դեռ մի քիչ շտապում է։ Ժողովուրդն ինքնուրույն որոշելու հավակնության նշույլներ դեռ ունի։
Մեր ժողովրդավարությունը ուրիշ է։ Եվրոպայում ժողովուրդն ընտրում է, հետո հաշվում են՝ ով է հաղթել։ Մեզ մոտ նախապես գիտեն՝ ով է հաղթելու, հետո ընտրում են։ Շատ ավելի հարմար է։ Ո՛չ անքուն գիշերներ, ո՛չ նյարդեր, ո՛չ էլ ավելորդ անակնկալներ։
Նման պարագայում քննարկման թեմա դարձնել, թե ՏԻՄ ընտրություններում ով է հաղթել, քանի տոկոս է մասնակցել և այլն, անհեթեթություն է։

ՏԻՄ ընտրության մասնակիցներից մեկն ասում էր՝ որ գիտեին՝ «կասկածելի ես», ասում էին՝ ընտրություններին չմասնակցես, ավելի լավ կլինի։ Դրա համար էր մասնակցության ցածր տոկոսը։

Եվրոպայի աչքը թող բաց մնա ու հասկանա՝ ժողովրդավարություն է, երբ իշխանության թեկնածուն 96, 94, 92 տոկոսով անցնում է։ Եթե 96 տոկոս է ստանում, դա ժողովրդի վստահությունն է, եթե 94՝ ժողովրդի սերը, իսկ եթե 90՝ իշխանության համեստությունը։ Միայն թե հանկարծ 70 տոկոս չստանա։ Էդ ժամանակ արդեն մտածելու բան կա՝ ի՞նչ է պատահել, ժողովուրդը նեղացե՞լ է։

Այո՛, Նիկոլը շատ բան է արել։ Սովետը քանդեցին, ինքը կամաց-կամաց վերակառուցում է։ Միայն մի հարցում է դեռ հետ մնում։ Սովետն ընտրություններում 100 տոկոս էր ապահովում, իսկ Նիկոլը դեռ բավարարվում է 96-ով։ Նման դեպքում ասում են՝ Նիկոլ՝ դու թույլ ես, սովետին 100 տոկոս ձայնով չես հասնում․․․ Սովետից մի սմ-ով պակաս ես։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին

Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին Mon, 26 Oct 2026 14:22:17 +0400 ՏԻՄ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով