Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Եվրոպական չափանիշները գործողության մեջ

Եվրոպական չափանիշները գործողության մեջ

Mon, 26 Oct 2026 19:15:56 +0400


Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Քրիստիան Վիգանդը (ով ներկայացնում է նաև ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասի ղեկավարած կառույցի դիրքորոշումը) Վրաստանի Սահմանադրական դատարանում ընդդիմադիր կուսակցություններն արգելելու հարցով ընթացող գործընթացը որակել էր որպես «դատական համակարգի մտահոգիչ գործիքավորում»։

Պարոնը, սակայն, չէր բավարարվել միայն մտահոգություն հայտնելով՝ ինչպես դա վերջերս հազարից մեկ արվում է Հայաստանի կապակցությամբ: Վրաստանի առումով այն ամրագրվել է մի շարք վտանգավոր գործոնների թվարկմամբ: Առաջին, այդ «գործիքավորում» ներկայացվել է որպես ժողովրդավարությունը (հիմնարար ազատությունները, բազմակարծությունը, արդար քաղաքական մրցակցությունը) վտանգող երևույթ: Որքան հիշում եմ, երկու-երեք հազար ընտրողի քվեարկությունը չեղարկելը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ԱԺ-ից դուրս թողնելը Եվրամիության կողմից չորակվեց որպես ժողովրդավարությունը վտանգող երևույթ:

Պարոնը հայտարարել էր նաև, որ «Եվրամիությունը չափազանց ուշադիր հետևում է ստեղծված իրավիճակին և շարունակելու է մանրակրկիտ մոնիտորինգի ենթարկել դատական հայցերի ընթացքը»։ Որքան տեղյակ եմ (իսկ ես համարյա օրվա կեսը նվիրում եմ մամուլը դիտարկելուն), նույն բնույթի վերահսկողություն չի սահմանվել հայաստանյան դատական գործընթացների նկատմամբ: Իսկ եթե նույնիսկ դա արվել է, ապա արվել է նիկոլական «ժողովրդավարության» առումով Փաշինյանի դեմ կոմպրոմատներ հավաքելու նպատակով: Համենայն դեպս, Վեհափառ Հայրապետի նկատմամբ իրականացվող իրավական ֆարսը՝ մինչև Արմավիրի առաջին ատյանի դատարանի նախորդ օրերի որոշումը, որևէ կերպ ուշադրության չի արժանացել Քրիստիան Վիգանդի կամ նրա ղեկավարների կողմից:

Եվ, վերջապես, պարոն Վիգանդը քննադատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողությունները՝ ուղղված ընդդիմության, լրագրողների ու ակտիվիստների լռեցմանը՝ կոչ անելով վրացական իշխանություններին անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին և չեղարկել ռեպրեսիվ օրենսդրությունը: Եվ կրկին, մենք չենք լսում ոչ միայն պարոն Վիգանդի, այլև գոնե Երևանում եվրոպական երկրների դեսպանատների ու Եվրամիության ներկայացուցչության արձագանքը Հայաստանում Նիկոլենց կողմից նույն բնույթի բռնությունների իրականացման առումով: Հաշվի առնելով, որ նախկինում նման մի դեպքին անմիջապես արձագանքում էին ողջ Արևմուտքը և նրա ներկայացուցիչները մեր երկրում, այս լռությունը խիստ հատկանշական է:
Ասեմ, որ պարոնի հայտարարությանն ի պատասխան Վրաստանի ԱԳՆ-ի և իշխող թիմի այլ ներկայացուցիչները Եվրահանձնաժողովին մեղադրել են երկրի ներքին գործերին և դատական իշխանության սուվերենությանը կոպտորեն միջամտելու փորձերի մեջ։ Ու այդ պատասխանում երևում է Վրաստանի ղեկավարության կողմից իրենց երկրի ինքնիշխանության նկատմամբ հոգատարությունը: Իսկ մեզանում «նման բնույթի հոգատարություն» տեսնում ենք միայն մեր նախկին դաշնակցի ու ռազմավարական գործընկերոջ նկատմամբ Նիկոլենց վերաբերմունքում: Արդյունքում տուժեց ու շարունակում է տուժել փոքր բիզնեսն ու հասարակ ժողովուրդը: Իսկ Եվրահանձնաժողովի՝ էլ չասած «բարեկամ» Ադրբեջանի մասին, հասցեին նման պատասխան լսելու դեպքում էլ կարող ենք մտածել, որ տեխնիկական սխալ է տեղի ունենցել: Մտածելու ենք, որ խոսքը պետք է ուղղվեր Ռուսաստանին:

Տեղեկանք. 2024 թ.-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացիների 53.93%-ը ձայն էր տվել իշխող «Վրացական երազանք»-ին, իսկ 37.79%-ը՝ ընդդիմությանը: Դրա արդյունքում 150-տեղանոց խորհրդարանում ընդդիմադիր 4 քաղաքական ուժեր միասին վերցրել են 61 մանդատ, իսկ մնացածը հասել է իշխող կուսակցությունը։ Ողջ ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը: Ընդ որում, 61-ից 49-ը հրաժարվելով, իսկ 12-ը պահպանելով մանդատները: Մանդատ ստացած այս 4 ուժերին և 5%-ի շեմը չհաղթահարած մեկ այլ կուսակցությանը իշխանությունը որոշել է պատժել՝ ՍԴ-ի որոշմամբ արգելելով դրանց գործունեությունը:

Ի դեպ, հայաստանյան կեղծ ժողովրդավարության իրական պատկերը հերթական անգամ երևաց երկու տասնյակ համայնքներում անցկացված ավագանու ընտրություններում: Բազմաթիվ համայնքներում մասնակցում էր միայն կոմունիստական… Կներեք, «Քաղպայմանագիր» կուսակցությունը: «Սխալիս» պատճառը սովետը հիշեցնող՝ մեկ կուսակցության առաջադրվելն էր: Եվ միաժամանակ, սովետի հետ որևէ կապ չունեցող՝ իրավապահների ապօրինությունները: Վստահ եմ, որ ընտրակաշառքի վերաբերյալ կեղծ մեղադրանքների շարանը Եվրամիության կողմից ուշադրության չի արժանանա: Ճիշտ այնպես, ինչպես չարժանացավ խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Էլ ո՜ւր մնաց, թե արձագանք տրվի տեղական մակարդակում տեղի ունեցածին:
Ասեմ, որ վրացական տարբերակը ցանկանում էր անել Փաշինյանը, սակայն վախեցավ հետևանքներից: Ինքն ընտրեց ավելի անվնաս տարբերակ. ԲՀԿ-ին դուրս թողեց Ազգային ժողովից: Ինչևէ, կուսակցություն արգելես, թե 5 տարով նրան դուրս թողնես խորհրդարանից՝ տարբերությունը շատ մեծ չէ: Որովհետև ԵՄ-ի աջակցությամբ վրացի ընդդիմադիրները հինգի փոխարեն կարող են հիմնադրել մեկը՝ դրա շնորհիվ ավելի ուժեղանալով: Ինչևիցե, համարյա նույն արարքի համար ԵՄ-ն որոշում է պատժել վրացիներին, սակայն աջակցում է Նիկոլին: Կարող ենք ասել, որ այսպիսին են եվրոպական չափանիշները գործողության մեջ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը կտրվում են

Որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը կտրվում են Mon, 26 Oct 2026 15:00:31 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով