Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ տեղական ինքնակառավարվող մուտացիա

ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ տեղական ինքնակառավարվող մուտացիա

Tue, 27 Oct 2026 18:15:17 +0400


Ըստ ձեզ՝ ինչի՞ մասին են խոսում վերջին ՏԻՄ ընտրությունները: Ընդդիմության պառակտվածության ու պարտությա՞ն, ՔՊ-ի հաջողությունների՞, Հայաստանում ժողովրդավարության վախճանի՞… Ինչի՞ մասին: Կխնդրեի այս հարցին պատասխանել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՏԻՄ ընտրությունների այս փուլից ընդամենը հաշված օրեր առաջ Հայաստանի դատարանը, բառի բուն իմաստով, խայտառակեց ՀՀ կենտրոնական իշխանությանը եւ նրա հակաեկեղեցական արշավը՝ միանգամից մի քանի գործով արդարացնելով Էջմիածնի դիրքորոշումները տիրադավների հարցում: Ինչ է՝ մեր խոշորացված համայնքներում ժողովուրդը չգիտե՞ր այդ մասին: Եվ կամ՝ մեր ժողովուրդը չգիտե՞ր, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության պատճառով, ինչ տեղի ունեցավ Արցախում, Կիրանցում, Գորիս-Կապան ճանապարհին, Ջերմուկի մոտ, Սեւ լճի շուրջ, Շաքիում։ Մեր ժողովուրդը չգիտե՞ր, թե ինչ է պատրաստվում անել այս իշխանությունը Տիգրանաշենի եւ հյուսիսային «անկլավների» հետ: Իսկ գուցե չէի՞ն լսել պաշտոնյաների աշխատավարձերը աստղաբաշխական թվերով բարձրացնելու, իրենց մահացած հարազատի 200 հազար դրամ օգնությունը չեղարկելու, թոշակառուի երեսին 1000 դրամ շպրտելու՝ այս իշխանությունների հայտարարությունները:

Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու են մեր ինչ-ինչ համայնքներում այնքան սիրում ՔՊ-ին, որ 90-100 տոկոս քվե են տալիս: Գոնե ես որեւէ խելամիտ բացատրություն չունեմ, իմ ուժերից վեր է այս ֆենոմենը հասկանալը: Եվ, դատելով վերջին ՏԻՄ ընտրությունների մասին ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից, հասկանում եմ, որ ես մենակ չեմ այս անորոշ վիճակում: Հավանաբար, ՔՊ-ում էլ մարդիկ կան, որ իրենց աչքերին ու ականջներին չեն հավատում՝ տեսնելով ընտրության արդյունքները:

Մեր միջի լավատեսներն ասում են՝ ցածր մասնակցությունն է պատճառը, որ ՔՊ-ն հաղթանակ տարավ ՏԻՄ ընտրություններում: Ուզում եմ հիասթափեցնել լավատեսներին՝ մասնակցությունն ավելի պակաս չի եղել, քան նախորդ ընտրություններում, իսկ եթե որոշ տեղերում էլ մասնակցության տոկոսն իջել է, դա ոչ թե լավատեսության, այլ վատատեսության հիմք է: Ես վերեւում թվարկեցի, թե ինչեր են տեղի ունեցել այս ՏԻՄ ընտրություններից առաջ: Եթե այդ ամենը մեր քաղաքացիներին չի դրդել ավելի ակտիվ մասնակցել ընտրություններին, ուրեմն նրանց հետ ինչ-որ բան է կատարվել… Մարդու տունը քանդես, ու նա դուրս չգա փողո՞ց, չաղաղակի՞, չքվեարկի՞ իր տունը քանդողի դեմ: Եվ, ուրեմն, մի կողմ դրեք ձեր բոլոր լավատեսական մեկնաբանություններն ու լսեք՝ ինչ եմ ասում:

Դուք ամերիկյան սարսափ-ֆիլմեր դիտո՞ւմ եք: Նրանցից, որ ֆիլմի հերոսները մուտանտ են դառնում, երբ շփվում կամ հպվում են կոյուղիներից ու լճերից դուրս եկող անհասկանալի արարածների, հսկա առնետների, գորտամաշկով մարդանման հրեշների հետ: Հետո պարզվում է, որ այդ մուտանտներն արդյունք են ինչ-որ գիտահետազոտական հիմնարկի գործունեության, որի հավաքարարը մուտանտ բջիջներով լի տարան դատարկել է կոյուղու դիտահորի մեջ: Ազատություն ստանալով՝ այդ հրեշները սկսում են հոշոտել մարդկանց, վարակել, դարձնել իրենց նման: Հետո հրաշքով փրկված մի տղա ու աղջիկ վերջ են տալիս այդ հրեշներին՝ կրակում, պայթեցնում, ծծմբական թթու լցնում վրաները… Այո, հետո այդ տղան ու աղջիկը համբուրվում են, եւ կինոն այդ ամենահետաքրքիր տեղում վերջանում է:

Ես լուրջ կասկածներ ունեմ, որ հայ ժողովուրդը ոչ այնքան դրսի ճնշումների, որքան մուտացիայի զոհ է: Կորոնավիրուսն ի՞նչ էր, սովորական տարածովի հիվանդություն: Ինչքա՞ն զոհ ունեցանք՝ ո՞ւթ, ի՞նը հազար… Մուտացիան մեր ժողովրդին հնձում է տասնյակ եւ հարյուր հազարներով: Մարդիկ շատ տեղերում կամավոր գնում-ընկնում են մուտանտների գիրկը, վերածվում իրենց տանը, գյուղում, քաղաքում քայլող ստվերների: Վարակը սկսել է տարածվել կենտրոնից, այն ժամանակներից, երբ Փաշինյանն ու իր խմբակը դարձան իշխանություն: Ո՞վ իմանար, որ արեւմտյան այսինչ կամ այնինչ գիտահետազոտական ինստիտուտի հավաքարարը մուտանտ բջիջներով լի տարան դատարկել էր հենց Բաղրամյան փողոցի կոյուղու դիտահորի մեջ: 2018թ. հոկտեմբերի 2-ին մուտանտների առաջին հարձակմանը ենթարկվեցին ԱԺ պատգամավորները, 2019-ի մայիսին՝ դատարանները, հունիս-օգոստոսին՝ ՀՀ Սահմանադրությունը… Կորոնավիրուս, պատերազմ, խայտառակ պարտություն… Մուտանտների տանձի՞ն էր, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նրանք իշխանության էին եկել եւ այլեւս չէին ուզում հեռանալ: Մուտացիան անխնա տարածում էին բոլոր ուղղություններով՝ գիտության, կրթության, պաշտպանության, իրավապահության, տնտեսության: Ով դիմադրեր՝ բանտ, աքսոր, կտտանքներ, տանջամահություն: Բոլորը պետք է դառնային իրենց պես մուտանտ՝ սա էր ծրագիրը: Ավաղ, այդ մուտանտների հետ շփումն ազդեցություն չէր գործում մեր թշնամիների վրա, որոնք հակամուտացիոն պատվաստանյութեր էին նախօրոք ձեռք բերել:

Կենտրոնական իշխանությունից մուտացիան աստիճանաբար անցավ մարզեր: Ասել, որ այն շատ արագ էր տարածվում, ճիշտ չի լինի: Եղան դիմադրության օջախներ՝ Վանաձոր, Գյումրի, Փարաքար, Մասիս: Ուժերը, սակայն, հավասար չէին: Մեկ-երկու ընտրություններում մուտացիայի դեմ տարած հաղթանակներն ի վերջո ավարտվեցին հաղթողների բանտարկությամբ կամ սպանությամբ: Մուտացիան տեղերում աստիճանաբար դառնում էր ինքնակառավարվող: Այլեւս կարիք չի զգացվում, որ Կենտրոնից հատուկ մուտանտներ գնան մարզեր: Տեղական մուտանտներն էլ վատ չեն գործում: Ապացույցը տեղական ինքնակառավարվող մուտացիայի ցույց տված արդյունքներն են: Օրինակ, Փաշինյանը վեր կենա, հասնի Դիլիջան, որ ի՞նչ անի… Էն է, այնտեղ մի «արու» մուտանտ ունեն, որ իր նման մուտանտներից 77 տոկոս քվե է ստացել ու դարձել Դիլիջանի մուտանտապետ:

ՀԳ. Խնդրում եմ ավելորդ հարց չտալ՝ բա ո՞ւր է ընդդիմությունը: Աշխարհում դեռ ոչ մի ընդդիմություն համաժողովրդական մուտացիան չի հաղթահարել:

ՀԳ1․ Եվ վերջում՝ ընդամենը մի անհույս նախազգուշացում մեր ժողովրդին: ՀՀ սիրելի քաղաքացիներ, ձեր վիճակը ծանր է, բայց ոչխարի վիճակն ավելի ծանր է: Ոչխարն ընդհանրապես չի դիմադրում մուտացիային: Շունը հաչում է, կատուն՝ ճանկռում, ավանակը՝ աքացի տալիս… Իսկ ոչխարը… ոչ մի դիմադրություն: Հայտնի ֆիլմում ասում է՝ Պավլեն 5 րոպեում ոչխարը միս է անում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները հայտնի են

Խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները հայտնի են Tue, 27 Oct 2026 17:00:38 +0400 Իսրայելի Կենտրոնական ընտրական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով