Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Հայկական արմատներով հունգարացի գեներալը

Հայկական արմատներով հունգարացի գեներալը

Tue, 27 Oct 2026 22:00:28 +0400


Յանոշ Ցեցի (1822–1904) մասին քչերը գիտեն։ Հայկական արմատներով հունգարացի գեներալն Արգենտինայի Ազգային ռազմական քոլեջի հիմնադիրն է եղել, 1848-49 թվականների հեղափոխության՝ Հունգարիայի անկախության համար մղված պայքարի մասնակից։ Ծնվել է Տրանսիլվանիայում՝ հորական գծով հայկական արմատներ ունեցող ընտանիքում։ Հոր մահից հետո, որը նույնպես զինվորական է եղել, ընդունվել է Վիներ-Նյոշտադտի ռազմական ակադեմիա, 8 տարի ուսանել, ավարտել փայլուն արդյունքներով։ Զինվորական ծառայությունը սկսել է Հաբսբուրգների միապետության բանակում։ 1848-ին անցել է հունգարական կառավարության կողմը։

Հեղափոխության ընթացքում դրսեւորվել է որպես տաղանդավոր շտաբային սպա, գործել է լեհ գեներալ Յուզեֆ Բեմի հրամանատարության ներքո։ 1849-ին՝ 27 տարին չլրացած, դարձել է ամենաերիտասարդ հեղափոխական գեներալը։
Հեղափոխության պարտու­թյունից հետո Ցեցը հեռացել է Եվրոպայից։ Որոշ ժամանակ ապրել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, զբաղվել թարգմանություններով՝ պահպանելով կապերը հունգարական վտարանդի շրջանակների հետ։ 1860 թվականին ընտանիքով տեղափոխվել է Արգենտինա, որտեղ գիտելիքներն է կիրառել երկրաչափագրության (գեոդեզիա), քարտեզագրության եւ ռազմական գործի մեջ։ 1870-ին գլխավորել է նորաստեղծ Ազգային ռազմական քոլեջը, ուսումնական պրոցեսը կազմակերպել զրոյից։ Հետագայում աշխատել է որպես ինժեներ, դասախոս, քարտեզագիր՝ պահպանելով կապը հայրենիքի եւ հայկական ծագման հետ։

Հանրային հիշողության մեջ նրա անունը վերականգնվել է պատմաբան Քրիշթոֆ Սոնգոթի՝ հունգարերեն «Արմենիա» պարբերականի խմբագրի շնորհիվ, որտեղ հրապարակվում էին նյութեր տրանսիլվանյան հայ կաթոլիկների մասին։ Պատմաբանն ու գեներալը նամակագրական կապ են ունեցել, փոխանակել նյութեր, լուսանկարներ։ Ցեցը հայերենին չի տիրապետել եւ չի կարողացել այլեւս այցելել Հունգարիա, սակայն միշտ երազել է վերադառնալու մասին։ Մահացել է 1904-ին՝ Բուենոս-Այրեսում։ Հուղարկավորվել է զինվորական պատիվներով։ Հունգարիայում նրան հիշում են որպես հեղափոխության գեներալ, Արգենտինայում՝ որպես ռազմական կրթարանի հիմնադիր, հայ համայնքում՝ որպես երեւելի հայազգի գործիչ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր…

Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր… Thu, 29 Oct 2026 21:45:48 +0400 Կարծում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով