Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Խոստում, որը կարող է սկանդալի առիթ դառնալ

Խոստում, որը կարող է սկանդալի առիթ դառնալ

Wed, 28 Oct 2026 09:30:01 +0400


Իտալական Gazzetta diplomatica պարբերականը հայտնում է, որ Վատիկանը եւ Կովկասի մահմեդականների վարչությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Վատիկանից ստորագրել է Սբ Աթոռի Միջկրոնական երկխոսության Դիքաստերիայի ղեկավար՝ կարդինալ Ջորջ Ջեյքոբ Քյուվաքադը, ադրբեջանական կողմից՝ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Փաստաթուղթը նախատեսում է Վատիկանի հետ միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության ամրապնդում, մշտական հիմունքներով Համատեղ հանձնաժողովի ստեղծում, որը տարեկան 2 անգամ նիստ կգումարի եւ կզբաղվի Հուշագրի դրույթների իրականացմամբ։ Նախատեսվում է իրականացնել միջոցառումներ, որոնք նպաստելու են կրոնների, էթնիկ խմբերի եւ մշակույթների միջեւ փոխըմբռնմանը, հաշտեցմանը, խաղաղարարությանը, խաղաղ համակեցությանը, հավասարությանը, փոխադարձ հարգանքին եւ այլն։ Այս ստանդարտ իրադարձության մասին չէինք խոսի, եթե մի նյուանս չլիներ․ ըստ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների՝ Փաշազադեն կարդինալ Քյուվաքադին գանգատվել է, թե իբր Վատիկանի պաշտոնական Vatican News լրատվական գործակալությունում «հայկական ֆեյքերի վրա հիմնված հրապարակումներ են արվում»։

Կարդինալն էլ «խոստացել է տեղեկացնել Սբ Աթոռի պատկան կառույցներին խնդրի մասին, որ այն կարգավորվի կամ վերացվի»։ Հայկական կողմը պետք է փորձի հակազդել դրան։ Հայաստանում գործող Վատիկանի ներկայացուցիչն առնվազն պետք է բացատրություն տա, թե իրականում ինչ է ասել կարդինալ Քյուվաքադը, ինչ է խոստացել Փաշազադեին, եւ դա որքանով է ոտնահարում հայկական շահերը։ Անելիք ունեն նաեւ երկու հայկական կաթողիկոսությունները՝ ե՛ւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ե՛ւ Անթիլիասի կաթողիկոսությունը, որոնք սերտ կապեր ունեն Վատիկանի հետ։ Նման գործընթացները չի կարելի թողնել ինքնահոսի եւ սպասել, թե ադրբեջանական կեղծարարներն ինչ հերթական կեղծիք են տարածելու հայկական մշակույթի եւ ինքնության դեմ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատկերը՝ Գեղարքունիքում․ որ ուժը որքան ձայն է ստացել

Պատկերը՝ Գեղարքունիքում․ որ ուժը որքան ձայն է ստացել Sun, 25 Oct 2026 22:15:46 +0400 Գեղարքունիքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով