Ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդը
Wed, 28 Oct 2026 23:23:41 +0400

Արհեստական բանականությունը զարգանում է աննախադեպ արագությամբ՝ փոխելով աշխարհն ու առաջ բերելով մի հարց, որը մինչև վերջերս գիտական ֆանտաստիկայի ոլորտից էր․ ի՞նչ կլինի, երբ մեքենաներն ավելի խելացի դառնան, քան մարդիկ։
Ֆիզիկայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, համակարգչային գիտնական Ջեֆրի Հինթոնը ժամանակակից արհեստական բանականության զարգացման ակունքներում կանգնած գիտնականներից է։ Նա Ջոն Հոփֆիլդի հետ համատեղ արժանացել է մրցանակի՝ արհեստական նեյրոնային ցանցերի միջոցով մեքենայական ուսուցման զարգացմանը նպաստած հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար։ Տասնամյակների ընթացքում նրա աշխատանքները հիմք են դրել բազմաթիվ արհեստական բանականության համակարգերի ստեղծմանը, որոնք այսօր վերափոխում են աշխարհը։ Այդ պատճառով նրան հաճախ անվանում են «արհեստական բանականության կնքահայր»։
2023 թվականին Հինթոնը հեռացավ Google ընկերությունից, որպեսզի ավելի բաց խոսի իր իսկ մասնակցությամբ զարգացած տեխնոլոգիայի հնարավոր վտանգների մասին։ Նրա մտահոգությունները չեն սահմանափակվում միայն աշխատավայրում մարդկանց՝ մեքենաներով փոխարինվելու հավանականությամբ։ Նա նախազգուշացնում է, որ ավելի ու ավելի խելացի դարձող արհեստական բանականության համակարգերը կարող են դժվար կառավարելի դառնալ, իսկ դրանց չարաշահումը կարող է նոր սպառնալիքներ առաջացնել՝ բարդ կիբերհարձակումներից մինչև կենսաբանական զենքերի ստեղծմանն ու կիրառմանն առնչվող վտանգներ։
Այդուհանդերձ, Հինթոնը չի կարծում, որ մարդկությունը պետք է հրաժարվի արհեստական բանականությունից։ Նրա համոզմամբ՝ այն կարող է հսկայական օգուտներ բերել մարդկությանը, եթե դրա զարգացմանը զուգահեռ լուրջ քայլեր ձեռնարկվեն հնարավոր վտանգները կանխելու և կառավարելու ուղղությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր