Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Թշնամու կողմից ստորացվածը ստորացնում է իրենից կախված անձանց

Թշնամու կողմից ստորացվածը ստորացնում է իրենից կախված անձանց

Fri, 30 Oct 2026 17:45:45 +0400


Նախորդ օրը վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեղադրում էր իր օրոք պաշտոնավարած իրավապահներին ու ուժայիններին, որ հետո պաշտոնանկ էին եղել ու դարձել ընդդիմադիր: Խոսքն այն մասին էր, որ վերջին ութուկես տարում ևս տեղի են ունեցել հանցագործություններ կամ ինքնասպանություններ, որ մնացել են չբացահայտված: Մեղադրում էր, թե ինչու ժամանակին դա չէին բացահայտել ու եթե ինքը որևէ առնչություն է ունեցել այդ գործերին՝ իր նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել: Չեզոք ու հայաստանյան իրականությանն անտեղյակ մեկը կասեր, որ ինքը ճիշտ է: Հատկապես եթե այդ մեկը լիներ ժողովրդավարական մտածողության կրողը: Սակայն արևմտյան ժողովրդավարության և ոչ թե Հայաստանում իբրև թե հաստատված ռեժիմի, ինչն իրականի դառը ծաղրապատկերն է:

Վերը նշված անձի այդ դատողությունն ինձ հիշեցրեց ՌԴ նախագահի մեղադրանքը, թե ինչու Հայաստանը ժամանակին չճանաչեց Արցախի Հանրապետթյունը՝ էլ չասած այն ՀՀ կազմ ներառելու մասին: Այնինչ, Արցախը չճանաչելու առումով հիմնավորումը լայնորեն հայտնի է. դա կդիտարկվեր որպես միակողմանի քայլ: Հայաստանը կմեղադրվեր բանակցությունները վիժեցնելու մեջ և արդյունքում կտապալվեր Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցային գործընթացը: Եվ, որքան հասկանում եմ, այդ գաղափարը ծնվել է ոչ թե Երևանում, այլ Երևանին է փոխանցվել ՌԴ նախկին ղեկավարությունից: Ուրիշ հարց, որ ռազմականորեն հզորացած ու Փաշինյանի վարչապետությամբ հարմար առիթ ստացած Ադրբեջանը գնաց հենց այդ քայլին: Ու էթնիկ զտման ենթարկեց հազարմյա հայկական Արցախը: Նույն ձևով Փաշինյանը վարվում է սեփական երկրի ընդդիմության նկատմամբ. եթե ինքն օրենքի հետ խնդիրներ ուներ, ինչու իրեն ոչինչ չի արվել:

Ինչ մնում է Փաշինյանի օրոք նախկինում գործող պաշտոնյանների ձայն չհանելուն, ապա դա ընտրություն էր օրինականության ու հայրենասիրության և պաշտոնի ու ազատության միջև: Այդ անձինք ընտրեցին պաշտոնն ու ազատությունը, հետո, իհարկե, զրկվեցիօն, պաշտոնից, բայց պահպանեցին ազատությունը: Նույնը տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անդամների առումով: 2021-ի փետրվարի 25-ին ԳՇ-ն հայտարարություն տարածեց ընդդեմ վարչապետի, բայց բավարարվեց դրանով՝ խուսափելով մնացած քայլերից: Արդյունքում ԳՇ-անդամները որոշ ժամանակ պահպանեցին իրենց պաշտոնները: Հետո, իհարկե, աստիճանաբար զրկվեցին պաշտոններից, քանի որ միայն քաղաքականապես միամիտը կարող էր հույս ունենալ, որ Փաշինյանի պես մեկը, իր դիրքերն ամրապնդելով, կարող է ձեռք չտալ իրեն: Ինչևէ, դրանցից մի քանիսը չպահպանեցին ազատությունը՝ հայտնվելով կալանավայրերում:
Հասկանալի է, որ այն, ինչ ասվեց այստեղ, շատ լավ գիտակցում էր նաև Փաշինյանը: Ով նախորդ օրը լրագրողների հարցին ի պատասխան՝ վերը նշված միտքն էր շրջանառում: Ինչը ցույց է տալիս, որ ուղղակի ձեռ էր առնում ընդդիմությանը: Որովհետև ով էր առյուծի սիրտ կերել, որպեսզի հրապարակավ վարչապետին մեղադրեր ինչ-որ հարցում: Հաջորդ օրը նա կհայտնվեր «ԱԱԾ-ի պադվալում»: Բայց դա նորմալ է, որովհետև, նախ, ոչ մեկը առյուծի սիրտ չէր կերել: Երկրորդ, նորմալ էր (իրականում աննորմալություն էր) այն առումով, որ թշնամու կողմից ստորացված անձը փորձում է դա փոխհատուցել սեփական երկրի ներսում: Որովհետև, եթե ի վիճակի լիներ պատասխանելու Իլհամին, ապա դրա կարիքը չէր ունենա: Ընդ որում, այդ երևույթն խիստ ծայրահեղ առումով առկա է ընտանիքներում: Երբ ընտանիքի հայրը չի կարողանում պատասխանել իր գործատուին կամ ղեկավարին՝ իր մուռը հանում է ընտանիքի անդամներից:

Դա, իհարկե, ընտանիքի հորը դրականորեն չի բնութագրում: Բայց այդ տիպի անձինք թքած ունեն նման բնութագիր ստանալու կամ չստանալու վրա: Նրանց անհրաժեշտ է ընդամենը իրենց բարկությունն իրենցից կախված անձանց վրա թափելն ու դրանով հոգեբանորեն բավարարված լինելը: Իսկ թե ինչ կզգան իրենց զոհերը՝ դա նրանց բացարձակ չի հետաքրքրում: Ցավալի է, որ հենց այդպիսի մեկին ութուկես տարի առաջ ինքնակամ մեզ կարգեցինք ղեկավար: Ու չենք կարողանանում ազատվել նրանից նույնիսկ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից վեց տարի անց:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գնա, քեզ համար Բաքվից ընդդիմություն բեր

Գնա, քեզ համար Բաքվից ընդդիմություն բեր Wed, 28 Oct 2026 19:45:37 +0400 Նիկոլ Փաշինյանին, ասացեք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով