Հունիսի 7-ին էլ կեղծեցին, բայց գոնե պայքար կար
Sat, 31 Oct 2026 17:15:21 +0400

Օրերս Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում մեծ ծեծկռտուք սկսվեց խորհրդարանում, պատգամավորները բռունցքներով ու ոտքերով մոտ կես ժամ հարվածում էին իրար ու գոռգոռում: ԱԺ իշխանական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ: Այս անգամ հատուկենտ տղամարդ պատգամավորներ չներգրավվեցին ծեծկռտուքում: Կադրերում երևում է, որ վնասվածք ստացածներ էլ կային, մասնավորապես, «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում:
Ամեն ինչ սկսվեց, երբ ՔՊ-ական Չախոյանը, ամբիոնից ելույթ ունենալիս, սկսեց կոռուպցիայի թեմայով զուգահեռներ անցկացնել: Նախ հիշեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին, սակայն կրքերը բորբոքվեցին, երբ հիշատակեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ու նրա ազգականներին: «Կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ խոսում են կոռուպցիայից, ֆեյքերից, ընտանիքի անդամներին թիրախավորելուց։ Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փորձում բացել մեր երկրում: Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»,- իր ելույթում ասաց Չախոյանը:
Արձակագիր Գուրգեն Խանջյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով կատարվածի մասին, ասում է․ «Այդ պահը հասունացել էր։ Մենք բոլորս էլ գիտենք, որ ճիշտը քաղաքակիրթ ձևով հարցերին լուծումներ տալն է, բայց մեր երկրում քանի գնում իրավիճակը վատանում է, տարաձայնությունները խորանում են, տրոհումներ են լինում, և այսպես շարունակ։ Թե հասարակության վիճակը առանձին վերցրած, թե խորհրդարանում իրավիճակը բավականին լուրջ է, բայց ամեն ինչ գալիս է վերևից։ Եթե խորհրդարանում այդ վիճակն է, եթե մարդիկ իրար հայհոյում ու ծեծում են, ապա հասարակության ներսում էլ բնականաբար պետք է ամենաթողությունը ծաղկի, պետք է մարդիկ իրար վրա կրակեն։ Փչանում է հայ մարդը, այ թե ինչ։ Դոմինոյի օրենքով է իրավիճակը փոխվում։ Միշտ էլ այդպես է եղել։ Իշխող ուժն ու էլիտան են հասարակություն կերտողը, դաստիարակողը, կանոններ հաստատողը, բայց եթե մեր էլիտան սա է, հասարակության վիճակն էլ այս պետք է լինի։ Ուղղակի այս ամենը չի կարող երկար շարունակվել։ Խնդիրն այն է, որ եթե այպես մի փոքր էլ շարունակվեց կարող են անցանկալի բաներ լինել»։ Արձակագիրը նաև անդրադարձավ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակներին, և ընդդիմադիր ուժերի գործունեությանը․ «Մեղմ ասած այդ ամենը ավտորիտար ռեժիմի պարզագույն դրսևորում էր։ Այս մարդիկ արդեն չեն էլ պայքարում, քանի որ վստահ են՝ ադմինիստրատիվ ռեսուրսներով կարող են ամեն ինչ անել, էլ ինչո՞ւ մտնեն պայքարի մեջ։ Ամեն դեպքում այդ ընտրությունները ցուցիչ չէին, համապետական ընտրություններում պատկերը լրիվ այլ էր։ Թեպետ այո, այն ժամանակ էլ կեղծեցին, բայց գոնե պայքար կար, գոնե ընդդիմությունը ակտիվ էր։ Ես ընդդիմությունից դժգոհ եմ, որովհետև այս վիճակին իշխանությունը հասել է ընդդիմության թողտվությամբ։ Այս լկտի վիճակը ժամանակին պետք է կանխվեր, հետո կարող է ավելի տգեղ երևույթների ականատես լինենք»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր