Նիկոլական «ժողովրդավարության» իրական դեմքը
Sat, 31 Oct 2026 21:15:30 +0400

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն, ըստ «Փաստինֆո» լրատվականի, հայց է ներկայացրել հանրահայտ դարձած, կարգալույծ նախկին հոգևորական Տեր Արամի դեմ: Սրբազանը դատական կարգով պահանջել է պարտավորեցնել Ասատրյան Ստեփանին հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները: Ինչպես նաև բռնագանձել նրանից 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Ասատրյանը Հանրային հեռուստատեսության եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում կատարել է իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ հայտարարություններ:
Դրանցից մեկի՝ «դոմփելու» վերաբերյալ լուրը վարչապետի մտքի փայլատակումն էր: Իսկ մանկապզղծության հեղինակին արդեն մոռացել եմ, ԱԲ-ն էլ չօգնեց այդ հարցում: Ենթադրաբար, աշխարհի բազմաթիվ (Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա) երկրներում կաթոլիկ հայրերի կողմից մի քանի տասնամյակ առաջ կատարվածն իրենց նախկին գործընկերներին հասցեագրելու գաղափարը հայոց եկեղեցու «բարեփոխիչներ» հայտարարված անձանցն էր:
Իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հերքելու պահանջով Սրբազանը դատական հայց էր ներկայացրել նաև քաղաքացի Սարոյան Արմանի (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դեմ՝ ֆինանսական առումով նրանից պահանջելով ընդամենը 1 դրամի փոխհատուցում: Սարոյանը պնդել էր, թե Արշակ Սրբազանը «կանգնած է շատ վարկաբեկող նյութերի հետևում», և որ հոգևորականների դեմ կոմպրոմատները գեներացվել են հենց Մայր Աթոռում՝ նրանց ճնշելու և եկեղեցին այդ կերպ կառավարելու համար:
Ֆինանսական առումով երկու դեպքում էլ հասկանալի է Սրբազանի մոտեցումը: Դա, նախ, նախկին հոգևորական իր ընկերներին չխեղճացնելու քրիստոնեական վարքն է: Բայց, մյուս կողմից, այն օբյեկտիվորեն ունի հայոց եկեղեցու կեղծ բարեփոխիչներին ձեռ առնելու իմաստը: Սակայն ինձ ավելի դուր է գալիս (դրա առավել ճշգրիտ իմաստն արտահայտում է ռուսերեն «импонировать» բառը) ընդդեմ Ասատրյանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցը: Սրբազանի հասցեին հնչեցված՝ արատավորող տեղեկությունները հերքելուց բացի պահանջվել է նաև 1 միլիոն դրամի փոխհատուցում:
Բացատրեմ, թե ինչու է ինձ դուր գալիս Միքայել Սրբազանի հայցի ֆինանսական բաղադրիչը: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ընդդեմ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարհանի հայցում առկա է 6 միլիոն դրամի փոխհատուցման պահանջը: Նպատակը հստակ է. ֆինանսապես խեղճացնել ընդդիմադիր պատգամավորին: Դա պատերազմ է առանց որևէ բարոյական կարմիր գծի: Թշնամու առաջ, որին ինքը փորձում է առանց որևէ հաջողության բարեկամ համարել, ստորացված ու խեղճացված անձը փորձում է խեղճացնել իր քաղաքական ընդդիմախոսին: Դա, ի միջի այլոց, հայաստանյան, այսպես կոչված, «ժողովրդավարության» իրական դեմքն է: Որի հիմնադիրն էլ, այսպես կոչված, «սիրո, թավշյա» և նման բնույթի այլ գաղափարներով իշխանափոխության առաջնորդն է:
Այդ դատական հայցերի դիտարկումը վկայում է, թե իրականում որքան հեռու են բարեփոխման մտայնությունից բոլոր այն անձինք, ովքեր գործող իշխանության հովանավորությամբ պայքարի են դուրս եկել ընդդեմ Վեհափառ Հայրապետի և ողջ հայոց եկեղեցու: Ու այդ աննորմալ պայքարին ևս վերջ տալու նպատակով անհրաժեշտ է օր առաջ մեր հայրենիքն ազատել գործող իշխանությունից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր