Աշխարհում չկա երկիր, որ ասի՝ իմ բյուջեն շատ է
Mon, 02 Nov 2026 11:25:29 +0400

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում , ինչպես հայտնի է , ներկայացնում է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Ներկայացնելով ֆինանսական հիմնական ցուցանիշները՝ Փաշինյանը հայտնել է, որ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 604 միլիարդ դրամի չափով, ինչը մոտավորապես 10 միլիարդ դոլար է։
Վարչապետի ներկայացրած տվյալներով՝ 2017 թվականի համեմատ բյուջեի եկամուտներն աճել են 191 տոկոսով՝ հասնելով շուրջ երեք անգամ ավելի բարձր մակարդակի։ Նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերի աճը նախատեսվում է 223 տոկոսով կամ 3.2 անգամ։
Կրթության ոլորտի ֆինանսավորումը 2017 թվականի համեմատ նախատեսվում է ավելացնել 181 տոկոսով, իսկ գիտության ոլորտի հատկացումները՝ 166 տոկոսով։ Համայնքներին տրամադրվող դոտացիաների և սուբվենցիաների ընդհանուր ծավալը նույն ժամանակահատվածի համեմատ կաճի 157 տոկոսով։
Անդրադառնալով բյուջեի ծավալների բավարարության հարցին՝ Փաշինյանը նշել է, որ պետական բյուջեն երբեք չի կարող համարվել չափազանց մեծ, քանի որ ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ աճում են նաև հասարակության պահանջներն ու ակնկալիքները։
Նրա խոսքով՝ որքան բարձրանում է երկրի բնակչության բարեկեցության մակարդակը, այնքան մեծանում են կյանքի պայմանների բարելավման սպասումները։
Վարչապետը նաև ընդգծել է, որ քաղաքացիների ընտանիքների բարեկեցության ապահովման համար պետական և համայնքային բյուջեներն ավելի մեծ ծախսեր են իրականացնում, քան կարող է կատարել առանձին քաղաքացին իր ընտանիքի համար։
«Բյուջեն ընդհանրապես շատ երբեք չի լինում, աշխարհում երբեք գոյություն չի ունեցել և գոյություն չի ունենալու մի երկիր, որը կասի՝ իմ բյուջեն շատ է, և հետևաբար ինչքան մեծանում է բյուջեն, այնքան ավելի մեծանում են կարիքները ծախսերը և ակնկալիքները»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր