Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը
Mon, 02 Nov 2026 13:16:21 +0400

Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությունը նոր հարցեր է առաջացնում Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Նոր Սահմանադրության ընդունման գործընթացի մասին խոսելիս վարչապետը փաստացի հայտարարեց, որ եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի իշխանության նախաձեռնությանը, ապա նրա նկատմամբ հանրային ճնշումը պետք է առաջնորդի հենց իշխանությունը։
Այս ձևակերպման մեջ առանցքայինը ոչ այնքան նոր Սահմանադրության շուրջ քաղաքական բանավեճն է, որքան ընդդիմության հնարավոր դիրքորոշմանը նախապես տրվող արձագանքը։ Իշխանության ղեկավարը, ըստ էության, չի սահմանափակվում սեփական քաղաքական օրակարգը պաշտպանելու մտադրությամբ, այլ խոսում է քաղաքական հակառակորդի նկատմամբ ճնշման գործընթացը ղեկավարելու մասին։
Սա մի շարք լուրջ ռիսկեր է առաջացնում։ Նախ՝ ընդդիմության քաղաքական դիրքորոշումը կարող է ներկայացվել ոչ թե որպես սահմանադրական գործընթացի շուրջ օրինաչափ անհամաձայնություն, այլ որպես խաղաղության դեմ ուղղված գործողություն։ Նման քաղաքական մոտեցումը ընդդիմությանը զրկում է բովանդակային բանավեճի հնարավորությունից և նրան տեղափոխում է քաղաքական մեղադրանքների թիրախ։
Առավել խնդրահարույց է այն, որ այս դեպքում իշխանությունն ինքն է դառնում ոչ միայն քաղաքական հակամարտության կողմ, այլև հայտարարում է հակառակորդի նկատմամբ ճնշման կազմակերպման և առաջնորդման հավակնության մասին։ Ստացվում է մի իրավիճակ, երբ պետական իշխանության ռեսուրսները կարող են ընկալվել որպես քաղաքական մրցակցին չեզոքացնելու գործիք։
Այստեղ առաջանում է նաև իրավական և սահմանադրական կարևոր հարց․ որտե՞ղ է ավարտվում քաղաքական պայքարը և որտե՞ղ սկսվում ընդդիմության սահմանադրական իրավունքների սահմանափակումը։ Ո՞վ է երաշխավորելու, որ հանրային ճնշման անվան տակ չեն կիրառվի վարչական լծակներ, քաղաքական հետապնդման մեխանիզմներ կամ ընդդիմադիր գործիչների գործունեությունը խոչընդոտելու այլ միջոցներ։
Մյուս վտանգը հասարակական և քաղաքական բևեռացման խորացումն է։ Եթե ընդդիմության դեմ պայքարը կառուցվի այն թեզի վրա, թե նոր Սահմանադրությանը դեմ լինելը հավասարազոր է խաղաղությանը դեմ լինելուն, ապա քաղաքական տարաձայնությունը կարող է վերածվել արժեքային և բարոյական հակադրության։ Այդ պայմաններում փոխզիջման հնարավորությունները նվազում են, իսկ քաղաքական դաշտում արմատական հռետորաբանության տարածման համար նոր հիմքեր են ստեղծվում։
Նման գործընթացները կարող են ունենալ նաև շատ ավելի ծանր հետևանքներ։ Երբ քաղաքական հակառակորդը ներկայացվում է որպես պետության ռազմավարական շահերին հակադրվող ուժ, նրա նկատմամբ ճնշումը կարող է աստիճանաբար ընկալվել որպես արդարացված գործողություն։ Իսկ եթե այդ հռետորաբանությունը դուրս գա քաղաքական հայտարարությունների շրջանակից և վերածվի կազմակերպված առճակատման, հնարավոր են փողոցային միջադեպեր, սադրանքներ և ֆիզիկական բախումներ։
Հայաստանի քաղաքական համակարգն առանց այդ էլ գործում է բարձր բևեռացվածության պայմաններում։ Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հետագա սրումը կարող է հանգեցնել ոչ միայն խորհրդարանական աշխատանքի կաթվածի, այլև քաղաքական գործընթացների տեղափոխմանը փողոցային պայքարի հարթակ։ Այդ դեպքում վտանգի տակ կհայտնվի նաև հանրային անվտանգության և պետական ինստիտուտների բնականոն գործունեության հարցը։
Առանձին ուշադրության է արժանի նոր Սահմանադրության և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի միջև կապի քաղաքականացումը։ Խաղաղության պայմանագրի անհրաժեշտության ընդունումը ինքնաբերաբար չի նշանակում, որ քաղաքացին կամ քաղաքական ուժը պետք է համաձայնի իշխանության առաջարկած սահմանադրական բոլոր լուծումներին։ Սահմանադրական փոփոխությունների շուրջ առարկությունները չեն կարող ինքնին դիտարկվել որպես խաղաղության դեմ դիրքորոշում։
Ավելին՝ եթե սահմանադրական գործընթացը տեղի ունենա ընդդիմության նկատմամբ ճնշումների, քաղաքական պիտակավորման և հասարակական բևեռացման պայմաններում, ապա դրա լեգիտիմության հարցը կարող է դառնալ առանձին քաղաքական խնդիր։ Սահմանադրությունը չի կարող լինել միայն իշխանության քաղաքական կամքի արտահայտությունը․ այն պետք է ունենա հնարավորինս լայն հասարակական և քաղաքական ընդունելիություն։
Փաշինյանի հայտարարությունը, հետևաբար, կարևոր է ոչ միայն իր անմիջական բովանդակությամբ, այլև այն քաղաքական մեթոդաբանությամբ, որը կարող է նախանշել առաջիկա գործընթացների համար։ Եթե իշխանությունը սահմանադրական փոփոխությունների շուրջ անհամաձայնությունը փորձի հաղթահարել ընդդիմության նկատմամբ ճնշման միջոցով, ապա քաղաքական մրցակցությունը կարող է վերածվել ինստիտուցիոնալ դիմակայության։
Իսկ նման դիմակայության վերջնական հետևանքները կարող են շատ ավելի լայն լինել, քան իշխանության և ընդդիմության հարաբերությունների հերթական սրացումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր