«Հրապարակ»․ Ես չեմ վիրավորվել եւ կարծում եմ` Նարեկը դրական իմաստով է դա ասել
Tue, 03 Nov 2026 09:15:49 +0400
«Այն մարդիկ, ովքեր ամիսներով մեր ներվերը սղոցում էին այստեղ, կերան՝ բերնին կերան ու վատ կերան։ Մենք անում ենք այնպիսի բան, որը չի արել Սեյրան Օհանյանը։ Չի արել ժամանակին, դրա համար հիմա կարիք եղավ անելու։ Տեսանք՝ ով ինչ արեց՝ տղայական հայկական նորմալ կռիվ էր։ Ոնց որ ուրախացել եք, որ կռվի մեջ ենք ընկել, ժողովուրդ»,- ԱԺ նիստում հայտնի ծեծկռտուքից հետո ունեցած ելույթում ասել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նաեւ հավելել էր․ «Մեր երկրի համար երեկ շատ կարեւոր օր էր՝ Արարատ Միրզոյանի հետ խոսակցության ժամանակ մենք հասկացանք մի հետաքրքիր բան, որ ճամփեն տվել եք, խաղաղությունը չեն ստորագրում։ Քցել եք դուք այս ժողովրդին։ Դուք ժողովրդին խաղաղության սրտիկ անելով՝ ձայն եք հավաքել, վերջում եկել ասում եք՝ ԹՐԻՓՓ-ն ապաշրջափակման համար է։ Ապաշրջափակմա՞ն, թե՞ խաղաղության, բա ասում էիք՝ ԹՐԻՓՓ-ը խաղաղություն է բերում»։ «Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիեւն էլ ձեզ է քցել»,- նույն ելույթում ասել էր Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանի այս հայտարարությունը որոշ շրջանակներ ծանր էին տարել եւ վերջին օրերին ֆեյսբուքյան հերթական «փոխհրաձգության» պատճառն էին դարձել, քոչարյանական թեւի աջակիցները, նրանց հարող տելեգրամյան ալիքներն ու ֆեյսբուքյան էջերը, «ուժեղներին» չսիրող մի քանի շրջանակ միավորվել էին եւ Սեյրան Օհանյանին էին պաշտպանում` Նարեկ Կարապետյանին դատափետում: Չնայած ԱԺ «Հայաստան» դաշինքը խոհեմաբար լռեց, սակայն նրանց հարող անհատներն ու էջերը շատ բուռն արձագանքեցին Նարեկ Կարապետյանի ելույթին, որ նորաթուխ քաղաքական գործիչը հանդգնել է քննադատել պաշտպանության նախկին նախարար, պատերազմում ոտքը կորցրած Օհանյանին, որը նախորդ գումարման ԱԺ-ի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն էր` տեսակով մեղմ ու կիրթ մարդ: Նարեկ Կարապետյանն էլ հենց այդ «փափկությունը» նկատի ուներ, որ եթե ժամանակին դաս տված լինեին ՔՊ-ին, նրանք չէին համարձակվի այսօր նման լկտի պահվածք դրսեւորել խորհրդարանում:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ չի արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Մենք հետաքրքրվեցինք` Նարեկ Կարապետյանի այս հայտարարությունից ինքը վիրավորվե՞լ է, խոցե՞լ է նրա խոսքն իրեն, թե՞ ոչ: Օհանյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ես գտնում եմ, որ Նարեկը երբ ասաց այդ խոսքը, ասաց դրական իմաստով: Ես կարող եմ այդքանն ասել, մանավանդ որ հիմա երկրում այսքան լարված քաղաքական մթնոլորտ է, ես չեմ կարծում, որ նա կարող էր բացասական իմաստով ասել այդ ամենը: Ինչ վերաբերում է համացանցում այդ թեմայի մասին քննարկումներին, ես դրանց չեմ հետեւում: Ես չեմ վիրավորվել եւ նորից եմ ասում` կարծում եմ, որ Նարեկը դրական իմաստով է այդ ամենն ասել»: Այդ դեպքում ինչո՞ւ չեք հանդարտեցնում ձեր աջակիցներին, որպեսզի երկու ընդդիմադիր խմբակցությունների մեջ պառակտում եւ լարվածություն չմտցնեն։ «Ես վստահ եմ, որ երկու խմբակցությունների միջեւ կոնֆլիկտային իրավիճակ չի ստեղծվի` անկախ ամեն ինչից: Ես շատ լավ ու բարեկամական հարաբերություններ ունեմ բոլորի հետ, այդ թվում` Նարեկ Կարապետյանի: Քանի որ ես չեմ հետեւում այդ համացանցային կռիվներին, այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, սակայն, ըստ իս, պառակտվելու խնդիր չկա, ընդդիմադիր դաշտը՝ հակառակը, պետք է համախմբվի, քանի որ մենք ունենք շատ կարեւոր խնդիրներ, երկիրը գահավիժում է, եւ այդ պրոցեսը պետք է կանգնեցնել: Այս իշխանություններին պետք է անհապաղ հեռացնել»: