Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Առանց Արարատի, շուռ տված Խոր Վիրապով. որքա՞ն նստեց անձնագրերի տաշիտուշին

«Հրապարակ»․ Առանց Արարատի, շուռ տված Խոր Վիրապով. որքա՞ն նստեց անձնագրերի տաշիտուշին

Tue, 03 Nov 2026 10:15:18 +0400


Կենսաչափական նոր անձնագրերի թողարկման սովորական, տեխնիկական գործընթացը, որը ցանկացած նորմալ երկրում կանցներ անաղմուկ, մեզանում վերածվեց համազգային տոնախմբության։ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, հոլոգրամներ, պաշտոնական էլիտայի դեսանտ՝ ԱԺ նախագահով, վարչապետ-փոխվարչապետներով, ՆԳ նախարարով: Անգամ ԲԴԽ նախագահն ու դատական իշխանության այլ ներկայացուցիչներ էին ներկա, Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, «ՀայՓաս» ընկերության ներկայացուցիչներ ու «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, դիվանագետներ: Լորիս Ճգնավորյանն անձնագիր ստացավ, ինչ-որ ջահելներ, որոնց ծնունդն էր այդ օրը, բայց առաջին անձնագիրը բաժին հասավ Նիկոլ Փաշինյանին, որի մտքով չէր անցել մեր պետության հիմնադիրներից, նախկին նախագահներից ու վարչապետներից գոնե մեկին հրավիրել: Ինքն է, ու վերջ, եւ ջրհեղեղը՝ իրենից առաջ ու հետո:

«Եվ այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանի Հանրապետությունում»,- ասում էր Նիկոլը եւ բացատրում, թե ինչ է պետությունը: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը մի կորած-մոլորած աֆրիկյան երկիր է, որտեղ առաջին անգամ անձնագիր են տպագրել եւ շատ ուրախացել:

«Որտեղ կա ստանդարտ, վստահաբար՝ այնտեղ կա պետություն»,- ասում էր Նիկոլը։ Այսինքն, չարաչար սխալվել ենք՝ կարծելով, թե պետությունը պաշտպանված սահմաններն են, կայուն տնտեսությունն ու անվտանգությունը: Պետականության գլխավոր հենասյունն ու ապացույցը կենսաչափական անձնագրի միջազգային ստանդարտն է։ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ այս նոր անձնագրի ձեւավորումը ցույց է տալիս այն հազարամյա ճանապարհը, որը հաղթահարելով՝ հասել ենք այս կետին՝ «իրական Հայաստանին»։ Թե ինչպես է հազարամյա պատմությունը տեղավորվել կեղծումից պաշտպանող հոլոգրամների ու պլաստիկի մեջ, դժվար է ասել։ Եթե սա է արդյունքը, ապա այն տխուր է: Հազարամյա ճանապարհի գծանկարում մեր ինքնության ամենակարեւոր պատմական սիմվոլը՝ Արարատը չկա, Խոր Վիրապն է՝ Թուրքիայի կողմից նկարված, որպեսզի ֆոնին Արարատի եզրն անգամ չերեւա, ճիշտ այնպես, ինչպես պահանջում է Թուրքիան:

Որքա՞ն գումար են ծախսել նոր սերնդի կենսաչափական անձնագրերի այս հանդիսավոր հանձնման արարողությունը կազմակերպելու համար՝ համերգի, հրապարակի դեկորացիաների, այլ ծախսերի համար: Պետական գնումների պաշտոնական էջերում այս կոնկրետ շոու-միջոցառման ծախսերի պայմանագիրը դեռեւս հրապարակված չէ: Այն կազմակերպել է ներքին գործերի նախարարությունը, կոնկրետ՝ գնումների վարչությունը: ՆԳՆ խոսնակը ծախսերը ներկայացնելու համար գրավոր հարցում է պահանջում:

Քանի դեռ պաշտոնական թվերը հրապարակված չեն, հիմնվելով Հայաստանում նմանատիպ պետական միջոցառումների, բացօթյա շոուների եւ տեխնիկական հագեցվածության գների վրա՝ կարող ենք մոտավոր հաշվարկ կատարել: Մեզ օգնեց շոու բիզնեսի ծախսերի «փորձագետներից» մեկը: Ֆիլհարմոնիկը՝ ամբողջական կազմի ներգրավմամբ, հոնորարներով, փորձերով, գործիքների տեղափոխմամբ եւ բեմական սպասարկումով, շուկայական գներով 3-5 մլն դրամ է նստելու: 3D հոլոգրաֆիկ պրոյեկցիաների պատրաստում, կարճաժամկետ անիմացիոն ֆիլմերի գրաֆիկական դիզայն եւ մոնտաժ` շուկայական գներով 5-8 մլն դրամ, իսկ բարձրակարգ ձայնային ու լուսային եւ բեմական ձեւավորումները՝ 6-10 մլն: Եթե մի այդքան էլ՝ միջինը մոտ 6 մլն, հաշվարկենք հրապարակում մուլյաժների ու հատուկ կոնստրուկցիաների պատրաստման, տպագրության, մոնտաժման ու ապամոնտաժման համար ու մի այդքան էլ՝ բարձրաստիճան հյուրերի, դիվանագետների եւ արտասահմանյան պատվիրակությունների հյուրասիրության, տպագիր հրավիրատոմսերի ու ֆուրշեթի համար, ապա խիստ մոտարկված գներով կառավարության մեկօրյա շոուի նվազագույն արժեքը 25-40 մլն դրամ է: Բայց թե որքան է կազմել իրական ծախսը, ով է ֆինանսավորողը՝ կիմանանք գրավոր հարցումների համար սահմանված հնգօրյա ժամկետում: Չի բացառվում, որ իրական թվերը կրկնապատիկ, եռապատիկ մեծ լինեն:

Բայց եթե անգամ առաջնորդվենք այս՝ շատ մոտավոր շուկայական արժեքներով եւ այդ 25-40 մլն դրամը բաժանենք անձնագրի արժեքի՝ 28 հազար 650 դրամի վրա, ապա կստացվի, որ մոտ 1000-1500 քաղաքացի արդեն իսկ իրենց գրպանից վճարել է նոր անձնագրերի 28 հազար 650 դրամանոց պետական տուրքը՝ զուտ այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանն ու կառավարական էլիտան ֆիլհարմոնիկի երաժշտության տակ իրենց առաջին կարմիր գրքույկները ստանան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանը մի խնդիր է դրել` քանդել պետությունը մինչեւ վերջ

«Հրապարակ»․ Փաշինյանը մի խնդիր է դրել` քանդել պետությունը մինչեւ վերջ Tue, 03 Nov 2026 09:45:25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով