Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

«Մածեմի» ժամին տուժածին ինչո՞ւ Թորոսյանը խայտառակեց․․․

«Մածեմի» ժամին տուժածին ինչո՞ւ Թորոսյանը խայտառակեց․․․

Tue, 03 Nov 2026 14:45:19 +0400


Հանրությունը մի լավ ծիծաղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արաքսյա Վարդանյանի վրա, որը ,,մատեմի,, ժամից հետո անցել էր տնտեսագիտության ժամի։ Կասեի՝ նա օնլայն հարթակի ,, ուրախությունն է”։ Երբ նա Արսեն Թորոսյանին հարց ուղղեց, վերջինս պլշած աչքերով նայում էր պատգամավորին։ Երևում էր՝ չէր հասկանում, թե ինչ է իրեն հարցնում, չնայած պատգամավորը երկրորդ անգամ ավելի բարձր ձայնով կրկնեց։

Հարցը հետևյալն էր.
«Ինչպե՞ս է ապահովվելու այն կենսաթոշակառուների գնողականությունը, որոնք անկանխիկ վճարումներից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն»։
Պատգամավորը, ըստ ամենայնի, ցանկացել էր հարցնել, թե ինչպես է ապահովվելու թոշակառուների գնողունակությունը, այսինքն՝ նրանց ֆինանսական հնարավորությունը՝ իրենց թոշակով ապրանքներ գնելու։ Բայց «գնողունակություն» բառի փոխարեն օգտագործել էր «գնողականություն»։

Իսկ այստեղ մի հետաքրքիր նրբություն կա։ Երբ ես հարցնում էի կատակողներին՝ կարո՞ղ են բացատրել, թե ինչ տարբերություն կա այդ երկու բառերի միջև, լավագույն դեպքում պատասխանում էին, որ գնողունակությունը ֆինանսական տերմին է։ Իսկ բուն տարբերությունը բացատրել ոչ ոք չէր կարողանում։
Փորձենք ավելի պարզ բացատրել։
Գնողունակությունը մարդու գրպանում եղած փողի հնարավորությունն է՝ ինչքան ապրանք կարող է նա գնել այդ փողով։ Իսկ գնողականությունը վերաբերում է գնելու հակվածությանը, գնումներ կատարելու վարքագծին կամ հակմանը։ Գնելու ցանկությանը։
Տարբերությունը, տվյալ դեպքում, բավականին էական է։ Մի դեպքում խոսքը մարդու ֆինանսական հնարավորության մասին է, մյուս դեպքում՝ նրա գնման վարքագծի։

Ու հիմա տեսնենք, թե ինչ է ստացվում պատգամավորի հարցից։
Նա, փաստորեն, հարցնում է ոչ թե ինչպես անել, որ թոշակառուն իր թոշակով կարողանա անհրաժեշտ ապրանքներ գնել, այլ ինչպես ապահովել, որ նա գնումներ անելու հակվածություն, ցանկություն ունենա։
Մարդը փող չունի, որ խանութ մտնի, իսկ նա մտածում է՝ ինչպես նրա մեջ գնումներ անելու ցանկություն արթնացնի։ Նույնն է, թե մարդը տանը սոված նստած լինի, որովհետև հաց գնելու փող չունի, իսկ կողքից մեկը մտահոգված հարցնի՝ ինչպե՞ս բարձրացնենք նրա ուտելու ակտիվությունը, ինչպե՞ս վերադարձնենք ուտելու սովորությունը։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս իմաստային շեղումը որոշակիորեն հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտնի հարցադրումը՝ ի՞նչ են անելու թոշակառուները 10 հազար դրամը, որտե՞ղ են ծախսելու։

Երկու դեպքում էլ ուշադրությունը մարդու գրպանից տեղափոխվում է մարդու վարքագծի վրա։ Մեկը հարցնում է՝ ինչի՞ վրա ծախսեն, մյուսը՝ ինչպե՞ս անենք, որ ծախսելու ցանկություն ունենան։

Մինչդեռ թոշակառուի միակ ցանկությունն այն է, որ թոշակը բավականացնի գոնե ամենաանհրաժեշտ ապրանքներին։ Նրան ո՛չ գնումների դասընթաց է պետք, ո՛չ էլ առևտրի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու պետական ծրագիր։ Փող է պետք։
Իհարկե, կարծում եմ՝ Արաքսյա Վարդանյանի դեպքում էլի նման դասընթացների կհանդպենք։ Հուսանք՝ նա Փաշինյանի նման չի մտածում, թե թոշակառուն 10 հազար դրամն ինչի՞ վրա պիտի ծախսի, եթե, ասենք, դեռ չի հասցրել ծախսելու ցանկություն ձեռք բերել… Բայց մի բան ակնհայտ է։ Արսեն Թորոսյանը կարող էր մեղմ ուղղել պատգամավորին, նա շատ էլ լավ էր հասկացել հարցը , թե ինչ է ուզում ասել պատգամավորը։ Մանավանդ, որ բառարաններում այդ երկու բառերը նախկինում հոմանիշներ էին եղել և ինքը պատկերացնում էր, թե խոսքը ինչի մասին է։ Հարց է առաջանում՝ «Մածեմի» ժամին տուժածին ինչու՞ Թորոսյանը խայտառակեց․․․

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով