Լավ կլինի, որ դա լինի ոչ թե կոչի ու հրավերի ձեւով, այլ հստակ առաջարկի ու հանդիպման
Thu, 05 Nov 2026 21:15:50 +0400
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նախօրեին փակ քննարկումից հետո հանդես եկան միասնական հայտարարությամբ, որ գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ հայտարարում են համազգային համախմբման ձեւավորման մասին, հաստատելով համախմբման հետեւյալ առաջնային նպատակները`ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն, առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների, ազգային ինքնության եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում։
Մեզ հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ արցախցիները հանդիպմանը հրավեր չեն ստացել, բայց մասնակից ու աջակից են այդ պրոցեսին․ «Մենք ցանկացած՝ մեծ կլինի, թե՝ փոքր, անհատի կողմից, թե միասնական շարժման, որը առողջ, ազգային գաղափարներ է ունենում իր տակ, միանշանակ այդ շարժման մեջ ենք, որը դեմ է այս ազգակործան իշխանությունների քայլերին եւ կողմ է այս իշխանությունների հեռացմանը, որովհետեւ ժամանակը, իրավիճակները ցույց տվեցին, որ կանխել հնարավոր չէ, ուղղակի պետք է ամեն բան անել, որ հեռացնենք այս իշխանություններին։ Ուղղակի մի փոքր երեւի մեզ բոլորիս համար անհասկանալի էր, որ նաեւ արցախյան հատվածից չկար մարդ, եթե անգամ այդ ամեն ինչը կապված է եղել հապճեպության հետ: Երբ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին զանգում էին, ընդամենը մեկ զանգ ավել էր պետք անել, որովհետեւ մենք վերջերս անընդհատ խոսում ենք, որ անթույլատրելի է` ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից Արցախի ձայնը չլսելը կամ թույլ չտալը, որ այն հնչի, քանի որ Արցախի քաղաքական ուժերը պետք է ունենան իրենց հստակ ձայնը հայաստանյան քաղաքական դաշտում, հակառակ դեպքում դառնում է լռեցնել Արցախի քաղաքական ձայնը։ Բայց, իհարկե, գաղափարը շատ ավելի բարձր է, քան ինչ որ քաղաքական կամ մարդկային վիրավորվածությունները, մենք չունենք այդպիսի բան, ցանկացած պարագայում մենք աջակցել ենք, աջակցում ենք ու աջակցելու ենք, եւ որեւէ հարցից չենք ընկրկելու»։
Հարցին իսկ պատրաստվո՞ւմ են դիմել նախաձեռնող խմբին` միանալ, որովհետեւ նման կոչ է հնչել` ֆորմատը բաց է, ցանկացած ուժ եւ անհատ կարող է միանալ, Հակոբյանը նշեց․ «Անկեղծ ասած, մենք նման քննարկում չենք ունեցել, բայց առաջիկա օրերին ունենք հանդիպում, միգուցե այնտեղ կառաջարկվի նման ֆորմատ, նման ձեւ։ Եթե առաջարկը ընդունվի, շատ ավելի լավ, եթե առաջարկը, օրինակ, չընդունվի, միեւնույն է` հնարավորություն կա Արցախի քաղաքկան կամ ակտիվ պայքարում գտնվող ուժերի ներգրավվածությունը ապահովել միանշանակ: Ես որեւէ խնդիր այդտեղ չեմ տեսնում, բայց իհարկե, շատ ավելի լավ կլինի, որ ոչ թե դա լինի կոչերի ու հրավերների ձեւով, այլ հստակ առաջարկ եւ հանդիպման ձեւաչափ հենց ընդդիմադիր ուժերի կողմից, զուտ ավելի ընկալելի, ընդունելի ու գործնական՝ օրակարգային կլինի ու ներգրավվածությունն այդ առումով կապահովվի»։