Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը
Fri, 06 Nov 2026 17:15:34 +0400

Այսօր տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու, ինչպես նախորդ անգամ, առաջադրվել են երկու թեկնածու` ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Գաղտնի քվեարկության արդյունքով առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ` 6 ձայն 9 հնարավորից։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիրմիր Վարդանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում կրկին այս հարցն էր ընդգրկված։ Որպես թեկնածու առաջադրվել էին դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը, սակայն նրանցից ոչ ոք առաջին փուլով նախագահ չէր ընտրվել, ընտրությունը մեկ ամսով հետաձգվել էր:
Այսօր մենք կապվեցինք Էդգար Շաթիրյանի հետ: Նա «Հրապարակի» հետ զրույցում խուսափեց հստակ գնահատականներ հնչեցնել նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասին, որը Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով է դատավոր նշանակվել, ապա ՍԴ նախագահ դարձել: Շաթիրյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը բարձագույն դատարանում, որի ղեկավարը քաղաքականացված անձ է, իշխանության ներկայացուցիչ. «Այդ հարցի լուծումը թողեք ինձ` առանց մեկնաբանությունների: Ես իմ աշխատանքը շարունակելու եմ որպես դատավոր, որպես փոխնախագահ վայր եմ դնում իմ լիազորությունները: Ստեղծված իրողությունների պայմաններում անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը»: Ինչո՞վ է անհնար փոխնախագահ աշխատելը. «Դա էլ իմ անձնական որոշման տիրույթում թողեք մնա»:
Մենք նաև փորձեցինք ճշտել` ինչո՞ւ թեկնածուներից ոչ մեկը բավարար չափով ձայներ չէր ստացել առաջին փուլում, և ինչպե՞ս է ստացվել, որ Վ. Վարդանյանը երկրորդ փուլով ընտրվեց ՍԴ նախագահ, Շաթիրյանն ասաց. «Այս պահին դա ոչ մի նշանակություն չունի, փաստն այն է, որ երկու թեկնածուներից մեկը ընտրվեց, ի՞նչ նշանակություն ունի, թե ով ում է քվեարկել: Առնվազն անհրաժեշտ կողմ ձայները ստացել է»: Պարզ է, որ իշխանությունների միջամտությամբ եւ հրահանգով է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը. Նիկոլ Փաշինյանը այս հարցում էլ հասավ իր ուզածին: Տարիներ շարունակ պայքարում էր Հրայր Թովմասյանին հանելու համար` հայտարարելով, որ նա Հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ-ի շահերն է ներկայացնում: Հիմա ՔՊ-ի վառ ներկայացուցչին կարգեց ՍԴ նախագահ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր