Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Գնաճի մասին, կամ՝ ինչ է թաքցնում վիճակագրությունը

Գնաճի մասին, կամ՝ ինչ է թաքցնում վիճակագրությունը

Sat, 07 Nov 2026 19:15:21 +0400


Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը հիշեցնում է բիկինի․ այն մեր առջեւ բացահայտում է գեղեցիկը, բայց թաքցնում է ամենակարեւորը։ Այս տարվա մայիսի 20-ին «Հրապարակ»-ում տպագրված՝ միջին աշխատավարձին նվիրված հոդվածում անդրադարձել եմ այն հարցին, թե ինչու է այդ վիճակագրական ցուցանիշը հակասում մեր առօրյա փորձին։ Նույն խնդիրը ծագում է գնաճի պաշտոնական տվյալների պարագայում․ մեզնից շատերը նկատում են, որ առօրյա գնումներն օրեցօր թանկանում են, մինչդեռ գնաճի պաշտոնական ցուցանիշը չափավոր է ներկայացվում։ Այս հակասությունն անվստահության տեղիք է տալիս․ պաշտոնական վիճակագրությունը մի պատկեր է ներկայացնում, իսկ ընտանեկան բյուջեն վկայում է բոլորովին այլ իրականության մասին։

Խնդիրն այն է, որ սպառողական գների ընդհանուր ինդեքսը, որի փոփոխությամբ չափվում է գնաճը, ամբողջական պատկեր չի տալիս այն մասին, թե թանկացումն ինչպես է անդրադառնում սոցիալական տարբեր խավերի վրա։
Պաշտոնական գնաճն արտացոլում է սպառողական զամբյուղի արժեքի փոփոխությունը։ Այդ զամբյուղը ձեւավորում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ սպառողական գների ինդեքսը հաշվարկելու համար։ Դրանում յուրաքանչյուր ապրանքի եւ ծառայության տրվում է որոշակի կշիռ՝ բնակչության սպառողական ծախսերում ունեցած բաժնին համապատասխան։ Սակայն տնային տնտեսությունների ծախսերի կառուցվածքն էապես տարբերվում է հաշվարկի հիմքում դրված կառուցվածքից։ Ոմանց համար հիմնական ֆինանսական բեռն առաջնային կարիքների բավարարումն է՝ սննդամթերք, դեղորայք, կոմունալ վճարներ, իսկ ուրիշների բյուջեում զգալի բաժին ունեն թանկարժեք գնումները, ժամանցն ու ճանապարհորդությունները։ Ուստի գների նույն փոփոխությունները տարբեր կերպ են անդրադառնում ընտանիքների ծախսերի վրա։

Դիտարկենք պայմանական օրինակ․ սննդամթերքը թանկացել է 10%-ով, իսկ մյուս ապրանքներն ու ծառայությունները՝ 2%-ով։ Եթե ընտանիքը սննդի վրա ծախսում է իր բյուջեի կեսը, ապա նրա սպառողական զամբյուղի արժեքը կաճի 6%-ով։ Եթե մեկ այլ ընտանիքում սննդի բաժինը կազմում է ծախսերի ընդամենը մեկ հինգերորդը, ապա աճը կլինի 3,6%։ Երկու ընտանիքն էլ բախվում է թանկացմանը, սակայն ծախսերի կառուցվածքի տարբերության պատճառով նրանց կյանքի ծախսերն ավելանում են տարբեր չափով։

Այս խնդիրը բացահայտելու նպատակով կիրառվում է «անձնական գնաճի ինդեքսը»։ Այսպես՝ Ռուսաստանի բանկերի ասոցիացիան (ՌԲԱ) հաշվարկում է այն՝ հաշվի առնելով սննդամթերքի, կոմունալ ծառայությունների, դեղորայքի, առօրյա կենցաղային ապրանքների, կապի եւ հասարակական տրանսպորտի գների աճը։ Դրանք այն ծախսերն են, որոնք դժվար է կրճատել կամ հետաձգել։ «Անձնական գնաճի» ինդեքսը ցույց է տալիս, թե որքան է թանկանում առօրյա կարիքների բավարարումը՝ չշփոթել ցանկությունների հետ, թեեւ այն չի արտացոլում առանձին ընտանիքների ծախսերի բոլոր տարբերությունները։ 2026թ. 9 ամիսների կտրվածքով ասոցիացիան նշում է 9,19% ցուցանիշը, որը կիսով բարձր է պաշտոնական 6,35%-ից։ Այս ոչ կառավարական կազմակերպության կարծիքով՝ «անձնական գնաճի» ինդեքսն ավելի ճշգրիտ է արտացոլում ՌԴ ընտանիքների առօրյա ծախսերի աճը։

Գնաճի հաշվարկի նման փորձ կա նաեւ այլ երկրներում։ Նոր Զելանդիայի վիճակագրական ծառայությունը կյանքի ծախսերի ցուցանիշներ է հաշվարկում տարբեր եկամուտներ ու ծախսեր ունեցող խմբերի, կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար։

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի վիճակագրական ծառայությունները քաղաքացիներին առաջարկում են «անձնական գնաճի հաշվիչներ»։ Օգտատերը նշում է, թե որքան է ծախսում սննդամթերքի, բնակարանի, տրանսպորտի եւ այլ առաջնային կարիքների վրա, իսկ ծրագիրը, հիմնվելով գների փոփոխության տվյալների վրա, հաշվարկում է տվյալ ընտանիքի գնաճը։ Նման գործիքները լրացնում են գնաճի պաշտոնական ցուցանիշը՝ օգնելով հասկանալ, թե ինչու անհատական սպառողական զամբյուղի թանկացումը կարող է գերազանցել երկրի միջին ցուցանիշը։

Հայաստանի համար այս մոտեցումը հատկապես կարեւոր է, քանի որ շատ տնային տնտեսություններ իրենց բյուջեի գերակշռող մասը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Սա էական նշանակություն ունի կենսաթոշակների չափի եւ բնակչության անապահով հատվածի գնողունակության քննարկման համար։ 2022թ. 3-րդ եռամսյակի հաշվետվությունում ՀՀ կենտրոնական բանկը վերլուծել էր գնաճի ազդեցությունը բնակչության՝ եկամտի տարբեր մակարդակ ունեցող 10 խմբի վրա՝ հաշվի առնելով նրանց սպառողական զամբյուղների առանձնահատկությունները։ ՀՀ ԿԲ-ի եւ ՀՀ վիճակագրական կոմիտեի հետագա հրապարակումներում նման տվյալներ չհաջողվեց գտնել։ Ուստի նպատակահարմար է օրենքով ամրագրել տնային տնտեսությունների եկամտային խմբերի համար գնաճի առանձին ցուցանիշներ պարբերաբար հրապարակելու պարտավորությունը։ Դա թույլ կտա ճշգրիտ գնահատել, թե կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների բարձրացումը որքանով է փոխհատուցում բնակչության առավել անապահով խավերի անխուսափելի ծախսերի աճը։ Ողջունելի կլինի նաեւ ոչ կառավարական տնտեսագիտական վերլուծական կենտրոնների մասնակցությունն այս խնդրի ուսումնասիրությանն ու լուսաբանմանը։

ՀՀ քաղաքացու համար կարեւոր է հասկանալ, թե ինչու են իր առօրյա ծախսերն աճում ավելի արագ, քան ցույց է տալիս գնաճի պաշտոնական ցուցանիշը։ Ճշգրիտ տվյալները սոցիալական աջակցության շուրջ քննարկումները կդարձնեն ավելի առարկայական, իսկ որոշումները՝ հիմնավորված։ Թեեւ միջին ցուցանիշն անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության մշակման համար, բայց այն չպետք է քողարկի մարդկանց կենսապայմանների տարբերությունները։ Հակառակ դեպքում վիճակագրությունը, բիկինիի նման, կթաքցնի ամենակարեւորը։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր (1990–1999թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի

Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի Tue, 03 Nov 2026 15:00:49 +0400 Հայաստանի ազգային հավաքականի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով