«Հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել կոտորածը և խուսափել մեծաթիվ զոհերից»
Mon, 09 Nov 2026 12:29:16 +0400

Նոյեմբերի 9-ը պետք է ոչ միայն անցյալի իրադարձությունները հիշելու, այլև դրանցից հետևություններ անելու օր լինի։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս օրը նաև առիթ է հասկանալու, որ տարիների ընթացքում թույլ տրված սխալներն ու չկատարված քայլերն ի վերջո իրենց հետևանքներն են ունենում։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Թանդիլյանն անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը նախորդած իրադարձություններին՝ ընդգծելով, որ իր համար ամենացավոտ հանգամանքներից մեկը պատերազմի ավելի վաղ դադարեցման հնարավորությունն է։
Նրա խոսքով՝ հետագայում իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե պատերազմը հնարավոր էր կանգնեցնել մինչև նոյեմբերի 9-ը և այդպիսով նվազեցնել զոհերի թիվը, մշտապես հարցեր են առաջացնում։ Թանդիլյանի համոզմամբ՝ դեռևս հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել մարդկային կորուստներով ուղեկցվող պատերազմը և իրավիճակից դուրս գալ ավելի քիչ զոհերով։
Նա նաև նշել է, որ Հայաստանի տարբեր իշխանությունների օրոք թույլ տրված սխալները հանգեցրել են այն իրավիճակին, որի հետևանքները դրսևորվեցին նոյեմբերի 9-ին։ Սակայն, նրա գնահատմամբ, հատկապես անհամեմատելի են այն քայլերը, որոնք ձեռնարկվեցին 2020 թվականի նոյեմբերին և դրանից հետո։
Թանդիլյանի պնդմամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստեղծված իրավիճակը դեռևս հնարավորություն էր տալիս պահպանել Արցախի առնվազն մի հատվածի հայկական կարգավիճակը, ժամանակ շահել, վերակազմակերպել ուժերը և հաղթահարել հասարակության բարոյահոգեբանական ծանր վիճակը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ուներ առնվազն հինգ տարի՝ անհրաժեշտ ներուժը վերականգնելու և Արցախը հայկական պահելու համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով։
«Ամեն անգամ մենք չենք կարողացել վերաիմաստավորել պատահածը, ու այսօր էլ չի ստացվում»,- նշել է Թանդիլյանը՝ հուզմունքով խոսելով այդ իրադարձությունների մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր