Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

«Թալանի» գործերը տեղապտույտի մեջ են. Փաշինյանի «հոբելյանական» զգուշացումը դատավորներին

«Թալանի» գործերը տեղապտույտի մեջ են. Փաշինյանի «հոբելյանական» զգուշացումը դատավորներին

Mon, 09 Nov 2026 20:15:02 +0400


Նիկոլ Փաշինյանն այսօր գնացել էր Հակակոռուպցիոն կոմիտեի 5-ամյակին նվիրված միջոցառմանը՝ շնորհավորելու, պարգևներ բաժանելու և, ինչպես միշտ, իրավապահներին ու դատարաններին հրապարակային «հանձնարարականներ» տալու: Պատերազմի ավարտի, կապիտուլյացիոն ակտի ստորագրման օրը, երբ մարդիկ ցավակցություն, հիշատակի ուղերձ են սպասում, ինչ որ բան նշելու առիթ է գտել իշխանությունը:

«Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ», – հանդիսավոր հայտարարել է Փաշինյանը եւ միաժամանակ մատնել ինքն իրեն, խոստովանելով, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունքում դատվում են հենց իր իսկ կառավարող թիմի ներկայացուցիչները։

Բայց ելույթի ամենահետաքրքիր մասը վերաբերում էր 2018 թվականին մեծ աղմուկով մեկնարկած, «թալանը հատիկ առ հատիկ հետ բերելու» խոստումներով համեմված քրեական գործերին։ Ութ տարի անց Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, որ այդ գործերն «իր համար գոնե անհասկանալի պատճառով տեղապտույտների վիճակում են հայտնվել, և մենք արագ պետք է այդ էջը փակենք»։ Հավանաբար, պետք է սպասել, որ առաջիկայում այդ տեղապտույտ գործերով արագացված տեմպով դատավճիռներ են «կորզելու» դատարաններից: Հենց նրանք են Փաշինյանի գլխավոր մեսիջի հասցեատերը:

«Շատ լավ` Հակակոռուպցիոն կոմիտեն գործը քննեց, դատախազությունը ուղարկեց դատարան, այսինքն՝ գործը գնաց դատարան։ Արդյունքում աղմկոտ գործով եղավ արդարացում։ Հանրությունն, ի վերջո, պետք է իմանա, լավ, ի՞նչ եղավ, որ եղավ արդարացում, կամ ի սկզբանե քրեական գործն էր անհիմն, կամ քննությունը որակով չի արվել, կամ քննությունը դիտավորյալ նենգափոխվել է, կամ դատախազությունը մի բան այն չի արել, կամ դատարանը մի բան այն չի արել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջիկայում պատրաստվում է դատախազությանը և դատական համակարգի ներկայացուցիչներին «խնդրել», որ մեխանիզմ ունենանք այս հարցերը պարզաբանելու: Այլ կերպ ասած՝ եթե աղմկոտ գործով դատարանում արդարացման դատավճիռ է կայացվում, պետք է «մեխանիզմ ստեղծել» ու պարզել՝ դա անորակ քննությունի՞ց է, թե՞ «դատավորի կողմնակալությունից»։ Ասել է թե՝ հարգելի դատավորներ, մենք մարդկանց բռնում ենք, աղմկոտ հաղորդագրություններ ենք տարածում, դուք իրավունք չունեք արդարացնել. կա՛մ մեղադրական դատավճիռ կկայացնեք, կա՛մ կգանք ձեր «կողմնակալությունը» ստուգելու։

Բյուջեի եկամուտների 135% աճը Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեին է վերագրում: Հարկային տեռորը, տուգանքների աննախադեպ աճը, գույքահարկի ու մյուս հարկերի թանկացումները կապ չունեն, ամեն ինչ Կոմիտեի «անձնվեր» աշխատանքի շնորհիվ է։ Եվ, իհարկե, վերջում Փաշինյանը չմոռացավ դասախոսություն կարդալ իր սիրած թեմայով՝ ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի չարաշահման անընդունելիության մասին` մի երկրում, որտեղ իշխող ուժը յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետական ամբողջ ապարատն ու համայնքային ռեսուրսները ծառայեցնում է իր քարոզարշավին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում

Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում Sat, 07 Nov 2026 21:15:56 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով