Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը

Tue, 10 Nov 2026 18:15:08 +0400


Իրանն ու Ռուսաստանը իրականացնում են ԹՐԻՓՓ-ին այլընտրանք հանդիսացող մի նախագիծ, առնվազն երկաթուղու մասով: Նրանք պայմանավորվել են կառուցել երկու երկրներն իրար կապող երկաթուղու բացակայող հատվածը:
Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է չափազանց կարեւոր եւ արդյունավետ աշխատանքով` Հայաստանում ընդդիմության առաջնորդներին կալանավորելով, Հայաստանի սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով փոխելով եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգություններ կազմակերպելով, Հայաստանի տնտեսական շրջափակումն էլ ավելի է խորանում, Հայաստանն ավելի ու ավելի է դուրս մնում միջազգային ենթակառուցվածքային նախագծերից: Իրանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանն իրականացնում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում Ռուսաստանը երկաթուղային հասանելիություն է ստանալու Պարսից ծոց եւ ծոցի երկրներ, այնտեղից էլ՝ հարավարեւելյան երկրներ: Իրանն ու Հարավարեւելյան Ասիայի երկրներն էլ՝ Ռուսաստան:

Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթերի փաթեթ են ստորագրել՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի նախագծի իրականացման համար, որը կդառնա Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարեւոր օղակը։ Փաստաթղթերի փաթեթի ստորագրման մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը: Փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո այն հաստատվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից: Խոսքն Ադրբեջանին սահմանակից իրանական Աստարա քաղաքից մինչեւ իրանական Ռեշտ քաղաք 162 կիլոմետր երկարութամբ երկաթգծի կառուցման մասին է, Ռեշտից մինչեւ Պարսից ծոց երկաթուղի գոյություն ունի, արդյունքում Ռուսաստանի եւ Իրանի երկաթուղիները միանում են իրար՝ Ադրբեջանի երկաթուղու միջոցով: Նախագծի արժեքը 1 միլիարդ 600 միլիոն է, որից 1 միլիարդ 300 միլիոնը ծախսելու է Ռուսաստանը, իսկ մնացած 300 միլիոնը՝ Իրանը: Կառուցվելիք երկաթգիծն անցնելու է Իրանի տարածքով, բայց գումարի գրեթե 80 տոկոսը ծախսելու է Ռուսաստանը, ինչը ցույց է տալիս այն կարեւորությունը, որ երկաթուղուն տալիս է Ռուսաստանը:

Երկաթուղու այս գծի կառուցման նախագիծը երկար տարիների պատմություն ունի, չխորանալով մանրամասների մեջ՝ ասենք, որ երկաթուղու կառուցման այլընտրանքը կարող էր լինել Մեղրիի տարածքով անցնող երկաթուղու վերականգնումը, որի դեպքում Ռուսաստանի եւ Իրանի երկաթուղիները կմիանային իրար՝ այս դեպքում օգտագործելով ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի տարածքը, մի բան, որ եղել է Խորհրդային Միության գոյության տարիներին եւ դադարել է գործել Հայաստան-Ադրբեջան հակամարտության պատճառով: 2020 թվականից հետո, երբ Փաշինյանը եւ Ալիեւը հայտարարեցին, որ երկու երկրների միջեւ հակամարտությունն ավարտվել է, եւ կողմերը պատրաստվում են խաղաղության պայմանագիր ստորագրել, Ռուսաստանը եւ Իրանը հույս ունեին, որ հնարավոր կլինի գործարկել նախկինում գոյություն ունեցած տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկաթուղին: Սակայն Փաշինյանը որոշեց Մեղրիի հատվածը հանձնել ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի եւ Իրանի ռազմավարական հակառակորդին, իսկ Ադրբեջանը կարողացավ Հայաստանին դուրս թողնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման նախագծից: Մինչեւ վերջերս Ռոսաստանի իշխանությունները փորձում էին Հայաստանին համոզել, որ ճիշտ կլինի, եթե Ռուսաստանը ներգրավված լինի ԹՐԻՓՓ նախագծի մեջ, որ երկաթուղին լինի Ռուսաստանի կառավարման ներքո, սակայն նման բան անելու համար պետք է առնվազն այնքան ինքնուրույն լինել, որ կարողանաս դրա շուրջ բանակցես ամերիկյան կողմի հետ, բայց ճորտերը տերերի հետ խոսելու իրավունք չունեն:

Քանի որ Ռուսաստանը եւ Իրանը ստորագրել են Ռեշտ- Աստարա երկաթգծի շինարարության մասին համաձայնագիրը, նշանակում է՝ Ռուսաստանը վերջնականապես հասկացել է, որ Հայաստանի իշխանության հետ համաձայնության հասնելն անիմաստ գործ է, Հայաստանն այնքան ինքնիշխան է, որ իրավունք չունի պաշտպանելու իր տնտեսական շահերը, Փաշինյանը կարող է միայն նամակների պատասխանել եւ գլուխը սեղանին տալ՝ դրա իրավունքը նա դեռ ունի: Մինչդեռ Ադրբեջանն այս առումով ավելի հուսալի գործընկեր է, քանի որ Ռուսաստանը եւ Իրանը համաձայնության են եկել Ադրբեջանի հետ՝ այդ երկրի երկաթգիծն ընդհանուր կարիքների համար օգտագործելու համար, ինչը շահավետ է գործարքի բոլոր կողմերին:

Եթե մինչեւ հիմա Հայաստանին շրջափակման էին ենթարկում միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, հիմա այդ շրջափակմանը փաստացի միացան նաեւ Ռուսաստանը եւ Իրանը, բայց ոչ թե Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունենալու պատճառով, այլ Հայաստանի գործող խունտայի խամաճիկային բնույթի բերումով: Այդ երկրները կարող էին երկթուղային կապ ունենալ՝ օգտագործելով նաեւ Հայաստանի տարածքը, բայց ստիպված են դա անել Հայաստանի տարածքը շրջանցելով: Սա այն գինն է, որ Հայաստանը եւ հայ հասարակությունը վճարում են Հայաստանի վասալային իշխանության գոյության դիմաց, մի բան, որ երբեւէ գոյություն չի ունեցել ո՛չ Խորհրդային Միության տարիներին, ո՛չ դրանից հետո՝ մինչեւ 2018 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չնայած վնասվածքին՝ Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստան

Չնայած վնասվածքին՝ Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստան Wed, 11 Nov 2026 13:45:11 +0400 Հայաստանի ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով