Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին գագաթնաժողովը հարցականի տակ է

Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին գագաթնաժողովը հարցականի տակ է

Wed, 11 Nov 2026 14:30:22 +0400


ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք գագաթնաժողովը հայտնվել է հարցականի տակ՝ հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Պատճառն օրակարգի հետ կապված Վաշինգտոնի եւ Պեկինի մոտեցումների տարբերությունն է։ Պեկինն առաջարկում է հանդիպումն անցկացնել նախապես համաձայնեցված սցենարով։ Ըստ այդմ, 3 առաջնորդներից յուրաքանչյուրը պետք է նախապես պատրաստված հայտարարությամբ հանդես գա, իսկ ազատ քննարկումները լինեն սահմանափակված։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ ֆորմատը լինի ավելի բաց, որը կենթադրի միջազգային հարցերի շուրջ մտքերի փոխանակություն։ Գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ չինական Շենջեն քաղաքում։ Պեկինն ասում է, որ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ, եթե արդյունքները լինեն կանխատեսելի։ Հակառակ դեպքում՝ նախընտրելի կլինեն Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ առանձին հանդիպումներ։ Վիճելի հարցերի շարքում է միջուկային սպառազինությունների վերահսկման հարցը։ Թրամփը նախապես հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի եւ Ծինփինի հետ քննարկել ապամիջուկայնացման հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւս հայտարարել էր, որ գագաթնաժողովին կարող է քննարկվել 3 գերտերությունների միջուկային սպառազինությունների հարցը։ Սակայն Պեկինին նման բանակցությունները հետաքրքիր չեն, քանի որ դա կարող է ամրագրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համեմատ չինական միջուկային զինանոցի անհավասարությունը։ Վաշինգտոնն իր հերթին կարեւորում է, որ Չինաստանը ներգրավվի սպառազինությունների վերահսկման միջազգային համաձայնագրին։ Հատկապես այս տարվա փետրվարի 5-ից հետո, երբ դադարեց գործել Ռուս-ամերիկյան ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ երեք կողմերը դեռ առաջարկներ են ներկայացնում բանակցային օրակարգի հետ կապված։ Առանձին հարցեր դեռեւս համաձայնեցված չեն եւ մասնակիցների կողմից լիովին ընդունելի չեն, ուստի առայժմ փորձում են օրակարգի հարցով հասնել փոխընդունելի տարբերակի։ Կարելի է ասել, որ այդ փոխընդունելի օրակարգի ձեւավորումից էլ կախված է գագաթնաժողովի կայացումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ը հետագայում կհասկանա, թե որն է իրենց հիմնական, ամենամեծ սխալը

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ը հետագայում կհասկանա, թե որն է իրենց հիմնական, ամենամեծ սխալը Thu, 12 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով