Փաշինյանն այնպես է անում, որ թվում է՝ մեր թշնամին Հայաստանի իշխանությունն է
Wed, 11 Nov 2026 16:15:26 +0400

Այսօր փոխանակ Բաքվում պահվող մեր գերիների մասին խոսելու՝ խոսում ենք Հայաստանում պահվող քաղաքական գերիների մասին։ Իսկ տարբերություն կա՞։
Նայեք սոցիալական ցանցերին։ Կարդացեք մարդկանց գրառումները, տեսեք զայրույթը, վրդովմունքն ու հայհոյանքները։ Նման բառապաշար սովորաբար օգտագործում են հակառակորդ պետության հասցեին, այն պետության, որը քո հայրենակիցներին գերության մեջ է պահում։ Բայց այսօր այդ բառերն ուղղված են Հայաստանի իշխանությանը։
Նիկոլ Փաշինյանը մեկ մարդու բողոքով մարդ է կալանավորում։ Չի՞ կարդում հարյուր հազարավոր մարդկանց բողոք- հայհոյանքները, չի՞ լսում, թե ինչ են ասում իրեն։ Մեկ մարդու բողոքը լսում է, իսկ հարյուր հազարներինը՝ ո՞չ։
Էլ ի՞նչ բառ կա, որ իրեն չեն ասել, էլ ո՞վ կա, որ իրենից չի խոսում։ Ամբողջ երկիրը դարձել է իր մասին խոսելու հարթակ։ Ու դեռ կարծում է, թե մեկին կալանավորելով՝ մյուսներին կվախեցնի՞, մեկին լռեցնելով՝ հասարակության ձայնը կկտրի՞։
Ամեն քննադատության համար մա՞րդ է կալանավորելու, ամեն հայհոյանքի համար քրեական գո՞րծ է հարուցելու, ամեն դժգոհի՞ն է դատարան տանելու։ Գուցե Հայաստանը քննչական մեկուսարան դարձնի, որովհետև իր հասցեին ասելիք ունեցող մարդկանց հերթը հաստատ չի վերջանալու։
Փաշինյանը կարող է մարդկանց բանտերը լցնել, բայց դրանից իր դեմ կուտակված զայրույթը չի պակասելու։ Կարող է մեկին կալանավորել, տասին սպառնալ, հարյուրին լռեցնել, բայց մի՞թե դրանով մարդկանց բերանը փակելու է։ Որքան շատ է դիմում բռնաճնշումների, այնքան ավելի շատ է մարդկանց մղում իր դեմ։ Ամեն նոր կալանքով, ամեն ողբերգությամբ ավելի է խորացնում հասարակության և իշխանության միջև անդունդը։
Մի տարբերություն կա, սակայն։ Ադրբեջանը մեր գերիներին պահում է իր բանտերում, իսկ Հայաստանում սեփական իշխանությունն է մարդկանց կանգնեցնում բանտի առաջ՝ իրենց խոսքի, դիրքորոշման ու անհնազանդության համար։ Մի երկրում, որտեղ պետք է պայքարել հայրենակիցներին ադրբեջանական գերությունից ազատելու համար, քաղաքացիները ստիպված են նաև սեփական երկրում պայքարել քաղաքական հետապնդումներից ու կալանքներից պաշտպանվելու համար։ Փաշինյանն այնպես է անում, այնպիսի քայլերի է գնում, որ մարդկանց թվում է՝ մեր թշնամին Հայաստանի իշխանությունն է…
Ու այս ամենի անունը դնում է ժողովրդավարությո՞ւն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր