Քայլ առ քայլ՝ դեպի երազանքի իրականացում
Wed, 11 Nov 2026 19:15:21 +0400

Փաշինյանի երազանքն իրականանում է. Բաղրամյան խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, եւ այդ ընտրություններին մասնակցելու է միայն երկու ուժ` ՔՊ-ն եւ «Գործարար» կուսակցությունը: ՔՊ-ն հանդես է գալիս որպես իշխանություն, իսկ «Գործարարը»՝ որպես պետականակենտրոն ընդդիմություն, եւ սա այն ընդդիմությունն է, որի մասին խոսում էր Փաշինյանը: ՔՊ-ի համամասնական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Շանթ Առաքելյանը, «ընդդիմության» ցուցակը՝ նրա առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը: Ըստ տեղի ՔՊ-ականների, այս մոդելը գործարկելու հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում, Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել դրան: Երկուսն էլ փաստացի ՔՊ-ական են, եւ որ մեկն էլ հաղթի, հաղթելու է իշխանությունը, բայց ընտրության ձեւական կողմն ապահովված է լինելու: Սա է Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը, երբ ընդդիմությունը նշանակվում է իր կողմից`ՔՊ-ի ներսից, թեկնածությունը համաձայնեցվում է իր հետ, եւ տեղի են ունենում միանգամայն ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններ:
Երբ Փաշինյանը խոսեց պետականակենտրոն ընդդիմության ակտիվացման մասին, որոշ փաշինյանահարճ կուսակցությունների ղեկավարներ մտածեցին, որ նա իրենց է աչքով անում, փորձեցին արձագանքել տիրոջը եւ պոչերը շարժել, թե բա` մենք կանք, կենդանի ենք, որ թույլ տաս, կարող ենք ծառայել, պետականակենտրոն խաղալ: Առաջամարտիկն Արամ Սարգսյանն էր, եղածների մեջ թերեւս ամենանողկալին, որ կոչ արեց գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց մինչ այդ Մոլդովայի օրինակով արգելել իրական ընդդիմադիր կուսակցություններին, ինչպես նաեւ արգելել ընդդիմադիր թեկնածուներին՝ մտնել դեռեւս չարգելված կուսակցությունների ցուցակներ, բոլոր նորմալ մարդկանց զրկել ընտրելու եւ ընտրվելու իրավունքից: Եթե նա մի քիչ էլ անկեղծ լիներ, պետք է առաջարկեր, որ Փաշինյանն ընտրություններին մասնակցելու թույլտվություն տա միայն ՔՊ-ին եւ «Հանրապետությանը», եւ միասին գնան ընտրությունների: Սարգսյանն ասում է, չէ՞, որ ՔՊ-ի ընդդիմությունն իրենք են, ուղղակի «ընդհանրություններ ունենք միայն ռուսահպատակ ուժերի դեմ պայքարում եւ ՀՀ ինքնիշխանության ամրապնդման խնդիրներում, ու փառք Տիրոջը»: Ավելորդ չենք համարում կրկնել, որ Սարգսյանն ամեն անգամ տիրոջը փառք տալիս նկատի ունի Նիկոլ Փաշինյանին:
Բայց Արամ Սարգսյանին շարունակում է արհամարհել ոչ միայն հասարակության ճնշող մեծամասնությունը, այլեւ անգամ Նիկոլ Փաշինյանը: Բաղրամյան համայնքի եւ ոչ միայն այդ համայնքի ավագանու ընտրություններից երեւում է` Փաշինյանի համար պետականակենտրոնը ո՛չ «Հանրապետությունն» է, ո՛չ էլ որեւէ այլ կուսակցություն, որը չի ստեղծվել անձամբ իր կողմից եւ իր թելադրանքով: Փաշինյանին Արամ Սարգսյանը պետք չէ, ինչքան պետք էր օգտագործել, արդեն օգտագործել է: Արամ Սարգսյանին` որպես ապօրինի հարստացած օլիգարխի, ունեզրկելու է, Արարատի ցեմենտի գործարանը խլելու է նրանից` որպես ապօրինի եղանակով ձեռք բերված գույք: Նույնիսկ ամերիկացիների հետ մտերմությունը եւ նրանց ծառայելու պատրաստակամությունը չեն փրկելու: Երբ դա տեղի ունենա, Արամ Սարգսյանը կասի, որ իրեն պատժում են Պուտինի հրահանգով, իսկ հասարակությունը կմտածի, որ գոնե մեկ-մեկ արդարադատությունն էլ է հաղթում:
Ինչ վերաբերում է Բաղրամյան համայնքի ընտրություններին եւ կոնկրետ այդ մոդելի գործարկմանը, ապա այստեղ կարեւորն այն հարցն է, թե ում օգտին կաշխատի վարչական ռեսուրսը: Որովհետեւ նման կեղծ ընտրություններին հասարակությունը չի մասնակցում, մասնակցում են վարչական ռեսուրսը եւ առաջադրված թեկնածուների անձնական ռեսուրսը` շրջապատը: Շանթ Առաքելյանը համայնքի ղեկավար է եւ ինքն է նշանակում վարչական շրջանների ղեկավարներին, տրամաբանորեն՝ հենց նրան էլ պետք է ծառայեն վարչական ղեկավարները` նախկին գյուղապետերը։ Բայց Մհեր Հարթենյանն էլ համայնքի ամենամեծ՝ Քարակերտ գյուղից է, նրա եղբայրն ԱԱԾ բարձրաստիճան սպա է, նախկինում եղել է ԱԱԾ Բաղրամյանի բաժնի պետը, հիմա ղեկավարում է Էջմիածնի բաժինը: ՔՊ-ականները մի քիչ տարակուսած են, բայց սպասում են հրահանգի, որովհետեւ նոր կարգի ընտրություններում, երբ երկու թեկնածուն էլ յուրային են, կարեւորը վերեւից իջեցված հրահանգն է: Նրանք ասում են, որ, ամենայն հավանականությամբ, վարչական շրջանի ղեկավարները կաշխատեն գործող համայնքապետի օգտին, իսկ նրա առաջին տեղակալին թույլ կտան, որ իր ունեցած անձնական ռեսուրսով կարողանա ավելի բարձր մասնակցություն ապահովել: Հնարավոր է ընտրությունների արդյունքում իշխանությունը եւ պետականակենտրոն ընդդիմությունը կոալիցիա կազմեն եւ շարունակեն աշխատել նույն ձեւով․ Շանթ Առաքելյանը՝ համայնքի ղեկավար, իսկ Մհեր Հարթենյանը` առաջին տեղակալ կամ հակառակը:
Փաշինյանի երազած այս կատարյալ ժողովրդավարական մոդելը կարող է գործի դրվել արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ ինքը կգլխավորի ՔՊ ցուցակը, իսկ Ալեն Սիմոնյանը կամ Ռուբեն Ռուբինյանը՝ «Գործարար» կոչվող կուսակցության ցուցակը, կախված է, թե ում կորոշի Փաշինյանը: Մյուս կուսակցությունների մասնակցությունը կա՛մ բացահայտ, կա՛մ քողարկված ձեւով կարգելվի: Մինչեւ դրան հասնելը մի բան է պետք անել՝ կալանավորել մի քանի հազար մարդու, ինչը եւ Փաշինյանն անշտապ ու հանգիստ անում է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր