Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Պանիկա. լրագրային շանսոն

Պանիկա. լրագրային շանսոն

Wed, 11 Nov 2026 19:45:08 +0400


Բայց մենք ինչ պանիկյոր ազգ ենք, չէ՞: Էն խեղճ աղջիկը քաղաքականություն մտնելու իր մտադրության մասին դեռ կես խոսք չի ասել, իսկ մենք արդեն խառնվել ենք իրար, ընկել պանիկայի մեջ, թե Աննա Հակոբյանը որոշել է մասնակցել Երևանի ընտրություններին: Մինչդեռ տեղի է ունեցել մի բան, որ ֆեյսբուքում հաճախ է պատահում: Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, «կիսվել» է Աննա Հակոբյանի «ավտոլայվով», որի մեջ տիկինը դժգոհում է երևանյան խցանումներից և, առանց անունը տալու, նաև Տիգրան Ավինյանի աշխատանքից:

Հանրության շրջանում, հասկանում ես, հարց էր առաջացել՝ Ալեն, դու ի՞նչ գործ ունես «ուրիշի կնգա» լայվերի և մանավանդ «ավտոլայվերի» հետ: Եվ ստացվել էր այնպես, որ ոչ այնքան Աննայի ավտոլայվն էր տպավորվել երևանցիների մեջ, որքան Ալեն Սիմոնյանի անմիջական մասնակցությունն այդ լայվի տարածման գործում: Խոսակցությունները, թե Աննան պատրաստվում է մասնակցել Երևանի ընտրություններին, կարելի է ասել, Ալեն Սիմոնյանի այդ քայլով էին պայմանավորված: Այս հարցին դեռ կանդրադառնամ, իսկ առայժմ երկու խոսք մեր ժողովրդի չտեսության մասին:

Ես չէի պատկերացնում, որ Երևանի բնակչության կեսից ավելին, այսինքն կանայք, այդքան ուշադիր են վարչապետի կնոջ (՞՞՞) հագուկապի, նստելու ձևի, կոկետության, շարժուձևի և անգամ բերանը բացել-փակելու մաներաների նկատմամբ: Ասա դե՝ կին է, խոսում է… էլ ի՞նչ եք կպել՝ դրա նստելու ձևը, ավտոյի մեջ ոտը ոտին գցելը, բառերը երկարացնելը… Մի տիկին նույնիսկ գրել էր՝ սա կոֆե էլ կխմի: ֆեյսբուքահայուհիներից գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, թե ինչից է խոսում Աննա Հակոբյանը: Մինչդեռ թեման խիստ արդիական էր՝ երևանյան խցանումներ: Ճիշտ էր ասում տիկինը: Այդ խցանումներից, մինչև A կետից հասնի C կետը, մարդ կարող է ինֆարկտ ստանալ: Բա ինչքան գրագետ դրեց հարցը՝ այդ ինչի՞ց է, ասաց, որ աշխարհի 30-40 միլիոնանոց քաղաքներում, որտեղ մեքենաներն ավելի շատ են, այսպիսի խցանումներ չկան: Իսկ որ Աննա Հակոբյանն այս լայվով Երևանի «բեխաբար» քաղաքապետին էր քննադատում, ես մի փոքր ուշ հասկացա, երբ նա խոսեց կառուցապատման այն բազմամիլիոնանոց պայմանագրերի մասին, որոնց տակ «թույլատրել» բառը հայտնվում է արագ և հեշտությամբ, մինչդեռ տրանսպորտային կոլապսը որևէ կերպ չի հաղթահարվում: Իսկ տոնը, որով նա հեռակա մեղադրանքներ էր հնչեցնում, հուշեց ինձ, որ սա վերջնագիր է՝ ուղղված Ավինյանին:

Իսկ ինչո՞ւ էր հայտնի տիկնոջ ավտոլայվն այնքան հուզել ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին: Ավելին ասեմ, ինչո՞ւ էր իշխանականներից միայն Ալեն Սիմոնյանն այդպես հուզվել: Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ մամուլում քննարկվում է Երևանի քաղաքապետի աթոռի շուրջ Ալեն Սիմոնյան-Տիգրան Ավինյան հակամարտության թեման: Թերթերը գրում են, որ այս երկուսի միջև նույնիսկ ներկուսակցական դեբատներ կան, թիմը մտածում է՝ ինչ անել, ում թեկնածությունը պաշտպանել Երևանի ընտրություններում (հնարավոր է արտահերթ): Եվ ահա, Աննայի լայվից և այդ լայվով Ալենի «կիսվելուց» հետո որոշ ջրեր են պարզվել ՔՊ-շնիկների շարքերում: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ի ջոջակազմը կարծում է, որ Ալենն է հաջորդ քաղաքապետը: Նույնիսկ քաղաքական նոր ուժի անունն են մտածել՝ «Ա&Ա» (Ալեն և Աննա) դաշինք: Մինչդեռ իրենց համառությամբ նրանց չեն զիջում նաև Ավինյանի կողմնակիցները, որոնք Ալենի աշխուժացումը բացատրում են Նիկոլ Փաշինյանի՝ այս հարցով զբզղվելու դժվարություններով: ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվե, Սահմանադրական հանրաքվե, ԱԺ արտահերթ ընտրություններ: Քանի՞ կտոր լինի վարչապետը: Ահա և Ալենն ու Աննան լայվ են մտել, որ, եթե հանկարծ Երևանի արտահերթ ընտրությունների կարիք լինի, իրենք առաջինը ներկայանան ԿԸՀ:
Իսկ Ավինյա՞նը… Որքան էլ զարմանալի է, Ավինյանի հետագա ճակատագիրը ֆեյսբուքահայությանն այնքան էլ չի հետաքրքրում… Նիկոլից ավելի ստախոս, Նիկոլից ավելի ապալեգիտիմ, Նիկոլից ավելի ձախողակ: Նիկոլից վերան՝ ոչ մի խոստում չի կատարել: Եվ, քանի որ Ալեն Սիմոնյանն էլ մի բարի պտուղ չէ, հանրությունը կենտրոնացել է Աննայի վրա և համարում է, որ «Ա&Ա»-ն կհաղթի, եթե դաշինքի ցուցակը գլխավորի Աննա Հակոբյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հսկիչն իրավասու չէ ուղեւորներին, առավել եւս անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից

Հսկիչն իրավասու չէ ուղեւորներին, առավել եւս անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից Wed, 11 Nov 2026 18:27:03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով