Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Գևորգյանի մահը չի կարող մնալ առանց պատասխանատուների

Գևորգյանի մահը չի կարող մնալ առանց պատասխանատուների

Thu, 12 Nov 2026 12:17:46 +0400


Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան հանգամանքները պետք է հանգամանորեն քննվեն, իսկ պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն հնարավոր անմիջական մեղավորները, այլև քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմն ու հերթապահ պատասխանատուները։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ Գևորգյանի մահվանն ու ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների գործողություններին նվիրված ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է ապահովել ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի և առողջության պաշտպանությունը՝ անկախ նրանից, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված կամ ինչ քաղաքական հայացքներ ունի։
Ալավերդյանը մտահոգություն է հայտնել, որ ազատազրկման վայրերում և բանակում մահվան դեպքերը կարծես վերածվում են սովորական երևույթի՝ ընդգծելով, որ նման իրավիճակն անընդունելի է։

Նախկին ՄԻՊ-ը հիշեցրել է նաև ՄԱԿ-ի բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտները, որոնք հայտնի են «Նելսոն Մանդելայի կանոններ» անվամբ։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են կալանավորված անձանց արժանապատվության պահպանմանը, առողջության պաշտպանությանը և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանը։
Անդրադառնալով Գևորգյանի մահվան նախորդող իրադարձություններին՝ իրավապաշտպանը հարցականի տակ է դրել բժշկական օգնության կազմակերպման արդյունավետությունը։ Նրա խոսքով՝ երբ կալանավորը գանգատվել է սրտի հետ կապված խնդիրներից, նրան զննելու է ուղարկվել բուժակ, ոչ թե համապատասխան բժիշկ։

Ալավերդյանի ներկայացմամբ՝ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գևորգյանի առողջական վիճակի վատթարացման մասին առաջին ահազանգից մինչև շտապօգնության ժամանումը մոտ մեկ ժամ է անցել։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ սրտամկանի ինֆարկտի պարագայում նման ուշացումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք ժամանակին և պատշաճ բժշկական միջամտությունը կարող էր կանխել մահը, ինչպես նաև ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների գործողություններն ու անգործությունը։
Ալավերդյանը նշել է, որ նման դեպքերի քննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը պետության վրա դնում են ոչ միայն մահվան հանգամանքները բացահայտելու, այլև արդյունավետ քննություն իրականացնելու և պատասխանատուներին իրավական պատասխանատվության ենթարկելու պարտավորություն։

Նրա համոզմամբ՝ միայն քրեական վարույթ նախաձեռնելը դեռևս չի նշանակում, որ արդարադատությունն ապահովված է։ Նա դժգոհություն է հայտնել այն հանգամանքից, որ գործով դեռևս մեղադրյալներ չկան՝ հարց բարձրացնելով, թե այդ դեպքում ո՞վ պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։

Իրավապաշտպանը պահանջել է ուսումնասիրել նաև քրեակատարողական հիմնարկներում մահվան նախկին դեպքերը, այդ թվում՝ Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները, և բավարար հիմքերի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ալավերդյանը վստահեցրել է, որ շարունակելու են հետևողական լինել Արսեն Գևորգյանի մահվան իրական հանգամանքների բացահայտման և պատասխանատուներին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սեւ ուրբաթը» կարող է մարդու մոտ տագնապ առաջացնել․ հոգեբան

«Սեւ ուրբաթը» կարող է մարդու մոտ տագնապ առաջացնել․ հոգեբան Wed, 11 Nov 2026 20:45:58 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով