Ուզում են օրինականացնել եւ հավերժացնել հրեշի գոյությունը
Fri, 13 Nov 2026 18:15:01 +0400

ՔՊ-ն հասարակության օրգանիզմին կպած եւ այդ օրգանիզմից սնվող չարորակ գոյացություն է, նման այն բազմագլուխ հրեշին, որի գոյությունը հասարակությունից անվերջ նոր մարդկային զոհեր է պահանջում։ Հասարակությունն ընդվզում է հրեշի դեմ, նրա պահանջները համարում անընդունելի, փորձում ազատվել, իսկ հրեշը փորձում է օրինականացնել, նույնիսկ հավերժացնել հասարակության հաշվին սնվելու իր իրավունքը, որ այլեւս որեւէ մեկի մտքով չանցնի մտածել, որ ինչ-որ ժամանակ հետո կարող է ավարտվել։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում է մի նախագիծ, որի ընդունման դեպքում քաղաքացիներն իրավունք կունենան իրենց վճարած եկամտահարկից մասհանում անել կուսակցություններին, ԶԼՄ-ներին եւ հասարակական կազմակերպություններին։ Ըստ նախագծի, յուրաքանչյուր աշխատող կարող է այդ նպատակով հատկացնել տարեկան առավելագույնը 3 հազար դրամ։ Քննարկմանը մասնակցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ նման օրենքը միտված է մարդկանց ճնշելու, որ նրանք գումարներ փոխանցեն իշխող կուսակցությանը, այն դեպքում, երբ մարդիկ կվախենան ընդդիմությանը գումար փոխանցել։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հակադարձում է` հո Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չե՞ն, որ մարդը վախենա, թե հանկարծ պետությունը կիմանա, որ ինքը 1000 դրամ է փոխանցել, ենթադրենք՝ ՀՅԴ-ին։ Բաբկեն Թունյանը երբեք ընդդիմադիր չի եղել, որ իմանա, թե ինչ ժամանակներ են եղել ընդդիմության համար Քոչարյանի իշխանության տարիները, եւ ինչով են դրանք տարբերվում այսօրվանից։ Նա եղել է բանկային օլիգարխիայի շահերի սպասավորը, նախկինում՝ լրագրողի, հիմա՝ պատգամավորի կարգավիճակում։ Ռ. Քոչարյանի օրոք մարդուն չէին կալանավորում եւ զրկում պատշաճ բժշկական օգնությունից, միայն այն պատճառով, որ նա համարձակվել է ավագանու թեկնածու առաջադրվել։ Քոչարյանի իշխանության օրոք ընդդիմության առաջնորդներին ընդդիմադիր հայացքների համար չէին կալանավորում։ Քոչարյանի իշխանության օրոք կային քաղաքական ազատությունների մեծ սահմանափակումներ, բռնաճնշումներ, քաղաքական ընդդիմախոսների հետապնդումներ, բայց դրանք որեւէ կերպ համեմատելի չեն ներկայիս բռնաճնշումների հետ։
Հիմա՝ ըստ էության։ Փաշինյանի առաջարկած օրենքի նախագիծը իշխանական կուսակցության ֆինանսավորումն ապահովելը կամ այդ ֆինանսավորումը հասարակության վզին կախելը չէ, չնայած դա էլ կա։ Այդ օրենքի ընդունումը շատ ավելի վտանգավոր ու հեռուն գնացող նպատակ ունի` փաշինյանական իշխանության հավերժականացումը։ Մի փոքր մաթեմատիկա․ պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում կա 845 հազար գրանցված աշխատող, այսինքն, այդքան եկամտահարկ վճարող։ Դրանցից մոտ 300 հազարը պետական, ՏԻՄ եւ իշխանության հետ այս կամ այն կերպ ասոցացվող հաստատությունների, կազմակերպությունների աշխատողներ են։ Բնական է, որ նրանք մասհանում կանեն հօգուտ ՔՊ-ի, այլապես կզրկվեն աշխատանքից, կկալանավորվեն, շարունակությունը բոլորը գիտեն։ Բայց մասնավոր ընկերություններում աշխատողների մեծ մասը եւս պարտադրված կլինի իր եկամտահարկից մասհանում անել հօգուտ ՔՊ-ի, դրա համար կօգտագործվեն հարկային մարմինները, ընկերության սեփականատիրոջը կառաջարկեն հաշվապահին զգուշացնել, որ մասհանումն իրականացվի ՔՊ-ի օգտին, նրանք էլ կմտածեն, որ դա իշխանության շառից զերծ մնալու ամենահեշտ տարբերակն է։ Ամենահամեստ հաշվարկով՝ գրանցված 845 հազար աշխատողից 750 հազարն իր եկամտահարկից 3 հազարական դրամ կփոխանցի հենց ՔՊ-ին, միայն 100 հազարը կկարողանա դիմադրել իշխանության ճնշմանը, եւ սա՝ ամենալավատեսական կանխատեսումներով։ 750 հազարի փոխանցած 3 հազար դրամը կազմում է 2 միլիարդ 225 միլիոն դրամ։ Իհարկե, մեծ գումար է, բայց ոչ իշխանության եւ ՔՊ-ի համար, ՔՊ-ն միայն ընտրությունների քարոզարշավի ժամանակ հարյուր միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ է ծախսել, 2 միլիարդ դրամը կաթիլ է հսկայական օվկիանոսում։ Այդ փոփոխության նպատակն այլ թաքնված իմաստ ունի։
Պատկերացրեք՝ օրենքի ընդունումից հետո անցնում է մեկ տարի, 2027-ի վերջին ՊԵԿ-ը ներկայացնում է հաշվետվություն, ըստ որի՝ 750 հազար մարդ իր եկամտահարկից կամավոր, բնական է՝ չակերտավոր, մասհանում է արել հօգուտ ՔՊ-ի, եւ միայն 100 հազար մարդ է նախընտրել, որ իր եկամտահարկը գնա ընդդիմությանը կամ ոչ մի կուսակցության, ՀԿ-ի կամ ԶԼՄ-ի չփոխանցվի, այլ շարունակի գնալ պետբյուջե` Փաշինյանին եւ մյուս ՔՊ-ականներին աշխատավարձ եւ պարգեւավճար դառնալու համար։
Փաշինյանն ասելու է` տեսեք, մենք ունենք 750 հազար մարդու օրինական աջակցություն, եթե մարդ իր գումարը տալիս է մեզ, ուրեմն մեր իշխանությունը համարում է օրինական եւ ամենակարեւորը` համարում է իրենը, չհամարեր` փող չէր տա։ 750 հազարն այն թիվն է, որը Փաշինյանը եւ նրա հրահանգով այլոք նկարեցին որպես հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում ՔՊ-ի ստացած արդյունք։ Փաշինյանն ասելու է, տեսեք, թե որքան մարդ է մեզ աջակցում, եւ որքան մարդ` ընդդիմությանը։ Նման խոսուն տվյալների պարագայում կարելի է նույնիսկ ընտրություններ էլ չանցկացնել, եկամտահարկի մասհանումն ինքնին ընտրություն է, մարդն ընտրում է ՔՊ-ին, եթե իր փողը փոխանցում է նրան։ Կամ եթե նույնիսկ ձեւական ընտրություն էլ լինի, արդյունքը դարձյալ լինելու է 750 հազար հօգուտ ՔՊ-ի, եւ ոչ մեկը չի կարողանա ասել, թե այդ ձայները նկարված են, այդքան մարդ փող է մուծվում ՔՊ-ին։
Ռոբերտ Քոչարյանի եւ որեւէ մեկի մտքով չէր անցնի նման նողկալի օրենքի նախագիծ ներկայացնել, մարդկանց ստիպել՝ իշխանությանը փող փոխանցել եւ հետո դա ներկայացնել որպես կուսակցության հանրային աջակցության ապացույց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր