Օտարների մեջ՝ օտար, յուրայինների մեջ՝ ձայնազուրկ
Fri, 13 Nov 2026 18:45:20 +0400

ԵՄ-ից անտեսված, Թուրքիայի եւ Ադրբեջանի արանքում մոլորված Հայաստանին ՀԱՊԿ-ում «շնորհեցին» ձայնազուրկ անդամի կարգավիճակ: ՀՀ սիրելի հպարտ քաղաքացիներ, ես չգիտեմ, թե այս կապակցությամբ դուք ինչ եք մտածում, բայց Նիկոլ Փաշինյանը, օրինակ, արդեն հասկացել է, որ ինքը, իր հետ նաեւ մեր երկիրն ու ժողովուրդը, հայտնվել է, շատ ներողություն, «հետույքային» վիճակում: Ուրիշ ի՞նչ խոսքով բնութագրես այս վիճակը, երբ դու օրենք ես ընդունել ԵՄ գնալու մասին, հայտնվել ես Թուրքիայի եւ Ադրբեջանի աքցանում, իսկ ՀԱՊԿ-ից էլ չես կարողանում դուրս գալ:
Եթե որեւէ մեկն ինձ փորձի հավատացնել, թե այս վիճակին ենք հասել մեր անկախության ավելցուկի պատճառով, հնարավոր է՝ ես չհավատամ: Մինչդեռ կարող ենք պնդել հակառակը՝ մենք այս վիճակում ենք հայտնվել Փաշինյանի իշխանության տարիներին մեր անկախությունից քայլ առ քայլ հեռանալով, մեր անկախությունը թիզ առ թիզ զիջելով: Իսկ ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա ասեմ, որ Հայաստանը դրանից զրկվել է դեռ 2018-ին, երբ գունավոր խեղկատակության միջոցով Հայաստանում իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած սորոսական հորդան: Պատերազմ, Արցախի հանձնում, ՀՀ սուվերեն տարածքների օտարում, անվտանգության համակարգերի ոչնչացում, տնտեսական անկում, հասարակության դեգրադացում… Սրանք փաստեր են, որ խոսում են ոչ թե մեր անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման, այլ հակառակի մասին: Կորցնելով թե՛ մեկը եւ թե՛ մյուսը՝ մենք այլ տեղ, քան «հետույքային վիճակն» է, չէինք կարող հայտնվել:
Երկու օր առաջ, երբ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետը Թուրքիայում COP31 էր «խաղցնում», իսկ ավելի ճիշտ՝ հակառուսական դեմարշ էր իրականացնում, ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովում մեզ զրկեցին այդ ռազմականացված կազմակերպությունում ձայնի իրավունքից: Մեզ չհեռացրին Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպությունից, ինչի մասին երազում էր Փաշինյանն ու «կատակում», թե ավելի լավ, մենք կազատվենք ՀԱՊԿ-ից դուրս գալու քաշքշուկից: Մեզ թողեցին մի կազմակերպության մեջ, որտեղ որոշումներն ընդունվում էին կոնսենսուսով, որտեղ մենք ունեինք վետոյի իրավունք, բայց զրկեցին ձայնի իրավունքից: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենամեծ խայտառակությունը անկախ եւ ինքնիշխան պետության համար: Մեզ ձեռ առան ուղղակի՝ ասելով, որ այդ իրավունքը Հայաստանը կարող է վերականգնել, եթե մարի անդամավճարների հետ կապված պարտքերն ու շտկի իր փնթի մոտեցումը կազմակերպությունում ընդունված կանոններին:
Ի՞նչ ստացանք մենք՝ դառնալով ՀԱՊԿ ձայնազուրկ անդամ: Այս հարցը, թերեւս, շատերը կտան Փաշինյանին, երբ նրա ոտն արտասահմանյան ուղեւորություններից հետո կրկին հայտնվի Հայաստանում: Բայց ես կարող եմ հստակ ասել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջին դեմքերի այս «հակահայկական դեմարշը» շատ է վախեցրել Անթալիայից Դուբլին թռած Նիկոլ Փաշինյանին: Ով՝ ով, բայց Փաշինյանը բոլորից լավ գիտի, թե ինչեր կարող են անել ՀԱՊԿ հավաքական ուժերը, եթե անդամ պետություններից մեկում սահմանադրական կարգի խաթարման կամ տվյալ երկրի կայունության սասանման փորձեր արվեն դրսից: Ժամանակին Փաշինյանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի առաջին դեմք, անձամբ է «գլխավորել» ՀԱՊԿ ուժերի գործադրման մի այդպիսի օպերացիա՝ Ղազախստանում: Նկատենք, որ Ղազախստանն այդ ժամանակ ՀԱՊԿ լիիրավ անդամ էր՝ ոչ ձայնազուրկ: ՀԱՊԿ-ը երկու օրում կարգուկանոն հաստատեց այնտեղ՝ չմոռանալով իշխանությունից հեռացնել բոլոր անկայուն տարրերին՝ Ղազախստանի անփոխարինելի թվացող նախագահ Նազարբաեւի գլխավորությամբ:
Թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության շրջանում, կդժվարանամ ասել: Դա, իհարկե, մեծապես կախված է ՀՀ իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերից: Ռուսաստանի Դաշնությունը, ռազմաքաղաքական ամենաբարձր մակարդակով, նրան քանիցս ասել է, որ հայ-ռուսական հարաբերություններում կարեւորում է առաջին հերթին հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը եւ պատրաստ է հաշվի նստել բոլոր այն որոշումների հետ, որ կընդունի հայ ժողովուրդը: Հայ ժողովուրդը կուզենա՞, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, խնդրեմ, հարց չկա, դրեք հանրաքվեի: Ասվե՞լ է՝ ասվել է, Նիկոլ Փաշինյանի մասին որեւէ խոսք կա՞ այս պահանջի մեջ՝ չկա: Ես մինչեւ սրտիս խորքը կվիրավորվեի, եթե ինձ այդպես արհամարհեին: Մինչդեռ մեր ինքնիշխանը, ի հեճուկս ՀԱՊԿ-ում այդ օրը նախագահությունն ստանձնող Ռուսաստանի Դաշնության, թուրքական բաժակով թեյ է խմում Անթալիայում եւ ցուցադրաբար «բանան թռցնում» հյուրանոցից՝ հասկացնելով, որ իր տանձին չէ ՀԱՊԿ-ում ձայնազուրկ պատանդի վիճակում հայտնված Հայաստանի ճակատագիրը:
ՀԳ. Հեռագիր: Հույժ գաղտնի: Դուբլին: Փաշինյանին: Հարց՝ եթե ՀԱՊԿ-ում որոշեն, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանում պետք է կարգուկանոն հաստատել եւ բարեկամ հայ ժողովրդին ազատել քո արեւմտա-սորոսական խայտառակ իշխանությունից, ԵՄ-ն, Էրդողանն ու Ալիեւը կօգնե՞ն քեզ՝ մնալ իշխանության եւ գլխավորել ՀԱՊԿ ուժերի դեմ պայքարը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր