Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Ովքեր են կանգնած 6.3 միլիարդ դոլարի կրիպտոգողություն հետևում

Ովքեր են կանգնած 6.3 միլիարդ դոլարի կրիպտոգողություն հետևում

Fri, 13 Nov 2026 20:45:24 +0400


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարել է Binance կրիպտոարժութային խոշորագույն հարթակից գողացված ավելի քան 1.2 միլիարդ դոլարի թվային ակտիվների նկատմամբ վերահսկողություն սահմանելու և դրանք առգրավելու իրավական թույլտվություն ստանալու մասին։

Խոսքը հոկտեմբերին տեղի ունեցած կիբեռհարձակման մասին է, որի հետևանքով Binance-ից գողացվել է շուրջ 6.3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ։ Դեպքը համարվում է կրիպտոարդյունաբերության պատմության մեջ ամենախոշոր գողություններից մեկը։
Ամերիկյան իրավապահ մարմինները հարձակման պատասխանատվությունը վերագրում են հյուսիսկորեական TraderTraitor խմբավորմանը։ ԱՄՆ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի հետ կապվող հաքերային խմբերը կիբեռհանցագործությունների միջոցով միջոցներ են հայթայթում երկրի ֆինանսական և ռազմական ծրագրերի համար։
ՀԴԲ-ի տվյալներով՝ ամերիկյան պետական կառույցներին և մասնավոր հատվածի գործընկերներին մինչ այժմ հաջողվել է սառեցնել գողացված միջոցներից ավելի քան 2.7 միլիարդ դոլարի ակտիվներ։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարանի թույլտվություն է ստացել այդ գումարից ավելի քան 1.2 միլիարդ դոլարի նկատմամբ բռնագանձման ընթացակարգ սկսելու կամ դրանց տնօրինումը սահմանափակելու համար։ Հետագա դատական գործընթացների ընթացքում պետք է որոշվի նաև վերականգնված միջոցների իրավական պատկանելությունը։

Սակայն այս գործը միակ կիբեռհանցագործությունը չէ, որի մասին վերջին օրերին հայտնել են ամերիկյան իրավապահները։
ՀԴԲ-ն նաև Հյուսիսային Կորեային է վերագրել FaceStealer անվանումով առանձին խարդախության սխեման, որի միջոցով վերջին 18 ամիսների ընթացքում, ըստ ամերիկյան կողմի, գողացվել է ավելի քան 400 միլիոն դոլարի կրիպտոարժույթ։

Հանցագործները կիրառել են կեղծ տեսազանգեր, գողացված օգտահաշիվներ և արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութեր՝ զոհերի վստահությունը շահելու և նրանց սարքերում վնասաբեր ծրագրեր տեղադրելու համար։

Միջադեպերը կրկին օրակարգ են բերել թվային ֆինանսական համակարգերի անվտանգության հարցը։ Չնայած կրիպտոարժույթների շուկայի զարգացմանը՝ վերջին խոշոր հարձակումները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենախոշոր հարթակները շարունակում են լուրջ կիբեռանվտանգության ռիսկերի առջև կանգնել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով