ԿԳԲ-ի պադվալները լցնելու հայտարարությունը հենց այս ամբիոնից է եղել
Mon, 16 Nov 2026 12:37:08 +0400

Ազգային ժողովում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումները։
Լսումների ընթացքում զեկույցով հանդես է եկել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխիքները ձևականորեն ապահովված են, սակայն իրականությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։
Գալստյանը ժողովրդավարության առանցքային չափանիշներ է համարել պետական կառույցների անկախությունը և օրենքի գերակայությունը։ Նրա գնահատմամբ՝ այդ չափանիշների համադրությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ վկայում է իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ձևավորման մասին։
«Դե-ֆակտո բախվում ենք մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի ձեռքում կենտրոնացված ավտորիտար ռեժիմի հետ, ուր իշխանության ճյուղերի միջև հավասարության և փոխադարձ վերահսկելիության սահմանները պարզապես ջնջվել են, ինչպես ջնջվել են կամ հատվել բոլոր կարմիր գծերը»,- հայտարարել է նա։
Հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ խորհրդարանական ամբիոնից բազմիցս հնչել են ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնության և հետապնդումների կոչեր։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է ընդդիմադիրներին ԿԳԲ-ի նկուղները լցնելու և պարանով կախելու մասին հայտարարությունները։
Գալստյանի խոսքով՝ Հայաստանի ժողովրդավարական հետընթացի մասին արձանագրումներ են արել նաև միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ։ Նա անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ այդ ուղղությամբ նույնպես արձանագրված առաջընթացը բավարար չէ։
Զեկույցում հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մարդու իրավունքների խախտումների տարբեր դրսևորումներ՝ առանձնացնելով լրագրողների և քաղաքական ընդդիմադիր գործիչների իրավունքների ոտնահարման դեպքերը։ Նրա պնդմամբ՝ այդ խախտումների զգալի մասի պատասխանատուն իշխանության ներկայացուցիչներն են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր