Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Մի աղմուկը ծածկել մյուսով․ Փաշինյանի հին ու մաշված հնարքը

Մի աղմուկը ծածկել մյուսով․ Փաշինյանի հին ու մաշված հնարքը

Mon, 16 Nov 2026 12:45:15 +0400


Մի աղմուկը ծածկել մեկ այլ աղմուկով․ սա է այս իշխանության մանիպուլյացիոն հնարքներից մեկը։ Ասեմ՝ մանիպուլյացիան չի գործում, երբ բացահայտվում է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հնարքներն այնքան են կրկնվել ու այնքան բացահայտ են դարձել, որ երբեմն պերյաշկի-բանանի մակարդակի են։ Դրանց վրա կանգ առնելու կարիք էլ չկա։

Բայց կա մի հին հնարք, որը, թեև մաշված է, դեռ որոշ չափով աշխատում է։ Դա հանրության ուշադրությունը մի խնդրից կտրելն ու մեկ այլ աղմուկի վրա սևեռելն է։ Որովհետև երբ բոլորը քննարկում են աղմուկը, մոռանում են՝ ինչն էր այդ աղմուկից առաջ։
Վերցնենք ժամանակագրական համընկնումը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, ճիշտ այն ժամանակ, երբ համացանցում և մամուլում բուռն քննադատության ալիք էր բարձրացել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նոյեմբերի 12-ի ճեպազրույցի շուրջ։ Խոսքը կալանավորված անձի մահվան և նախարարի՝ լրագրողների հարցերին տված պատասխանների ու այդ ընթացքում նրա ծիծաղի մասին է։
Ի՞նչ էր պետք անել։ Նախորդ աղմուկը չէր մարում, հանրության դժգոհությունը չէր ցրվում։ Բանանն ու Էրևանը չօգնեցին։ Եվ ահա հայտնվեց նոր թեմա՝ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման տաղավարային միջադեպը։
Հիմա մի պահ մտածենք։ Հանրային հեռուստաընկերությունը իշխանության վերահսկողության տակ է։ Հետևաբար, երբ այդ հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած սկանդալային միջադեպի կադրերը տարածվում են ամենուր, պետք է առնվազն հարց տալ՝ ո՞ւմ էր ձեռնտու այդ աղմուկը։

Արդյունքը տեսանելի է։ Լրատվական դաշտը լցվում է տաղավարային ծեծկռտուքի, դրա մասնակիցների, մեղավորների ու զոհերի քննարկումներով։ Իսկ Սրբուհի Գալյանի շուրջ բարձրացած աղմուկն աստիճանաբար հետին պլան է մղվում։ Հանրությունը զբաղված է նոր տեսարանով, իսկ իշխանությունը խուսափում է հին հարցերից։

Սա ուշադրությունը շեղելու դասական եղանակ է։ Եվ եթե այդ ամենը պատահականություն չէր, ապա գործ ունենք ոչ թե սովորական հեռուստատեսային միջադեպի, այլ քաղաքական հաշվարկի հետ։ Միակողմանի սադրանքի տպավորությունն ավելի է ուժեղանում։
Երկրորդ փաստարկը՝ կադրերը չմոնտաժելու հանգամանքը։

«Մեծ բանավեճ» հաղորդումը ուղիղ եթեր չէ։ Այն նախապես նկարահանվում և մոնտաժվում է։ Այսինքն՝ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն ուներ հեռացնելու ծեծկռտուքի հատվածը։ Բայց չարեց դա։
Ավելին՝ հաղորդումը նկարահանվել էր նոյեմբերի 13-ին, իսկ միջադեպի կադրերը ոչ միայն հայտնվեցին եթերում, այլև լայնորեն տարածվեցին։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ի՞նչն էր պատճառը, որ հեռուստաընկերությունը որոշեց պահպանել հենց այդ հատվածը։ Մի՞թե հնարավոր չէր կանխել այդ տեսարանների տարածումը, եթե դրանք իսկապես հաղորդման բովանդակության համար էական չէին։
Երբ հեռուստաընկերությունն ունի միջադեպը հեռացնելու հնարավորություն, բայց հակառակն է անում, դա կասկածներ է առաջացնում։ Հատկապես այն դեպքում, երբ այդ կադրերը դառնում են հանրային քննարկման գլխավոր թեման։

Այստեղ արդեն խոսքը միայն մոնտաժի մասին չէ։ Խոսքը այն մասին է, թե ով է որոշում՝ հանրությունը ինչ պետք է տեսնի, ինչի մասին պետք է խոսի և ինչի մասին պետք է մոռանա։ Երրորդ փաստարկը՝ տաղավարում նստած հանդիսատեսի պահվածքը։

Հանդիսատեսի կազմն ու ընտրողական ծափահարություններն այնքան աչքի էին զարնում, որ դժվար էր դրանք չնկատել։ Ովքե՞ր էին այդ մարդիկ, ինչպե՞ս էր ձևավորվել նրանց կազմը, և ինչո՞ւ էին ծափահարությունները նման ընտրողական բնույթ կրում։
Սա էլ պատահական մանրուք չէ։ Հեռուստատեսային բանավեճը պետք է լինի տարբեր կարծիքների ազատ բախում, ոչ թե նախապես ձևավորված վերաբերմունքի ցուցադրություն։ Երբ հանդիսատեսի արձագանքը միակողմանի է, այն կարող է ազդել նաև հեռուստադիտողի ընկալման վրա։ Մարդուն կարծես հուշում են՝ ում ծափահարել, ում չընդունել, ում ծիծաղելիս նայել։
Սա հոգեբանական ազդեցության պարզ, բայց արդյունավետ միջոց է։ Նախ ձևավորում են մթնոլորտը, հետո այդ մթնոլորտը ներկայացնում որպես հանրային վերաբերմունք։

Իսկ ամենակարևորն այն է, որ այս ամբողջ աղմուկի մեջ կրկին մոռացվում է հիմնական հարցը՝ ի՞նչ եղավ կալանավորված մարդու մահվան հետ կապված, և ինչո՞ւ էր արդարադատության նախարարը նման պատասխաններ տալիս լրագրողներին։
Ահա թե ինչ է պետք հասկանալ։ Իշխանությանը ձեռնտու է, որ հանրությունը չքննարկի իր պատասխանատվությունը, այլ քննարկի իր կազմակերպած կամ առնվազն իր վերահսկողության տակ գտնվող հարթակում ծագած աղմուկը։

Մի աղմուկը կարող է որոշ ժամանակ ծածկել մյուսին, բայց չի կարող վերացնել այն։ Հատկապես երբ մարդիկ արդեն հասկացել են՝ ինչու են իրենց անընդհատ նոր տեսարաններ առաջարկում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները Sun, 15 Nov 2026 15:30:16 +0400 Բանկերը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով