«Հրապարակ»․ Այդ հանձնաժողովն իշխանություններին պաշտպանելու համար չի ստեղծվել
Tue, 17 Nov 2026 09:45:20 +0400

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը, որը գումարվել էր Վարդգես Գասպարիի դիմումի հիման վրա՝ ընդդեմ պատգամավոր Գեղամ Մանուկյանի։ Դիմումում Գասպարին նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարության օրը ինքը պաստառով գնացել է դատարանի մոտ, փորձել է ակցիա անել, իսկ Գեղամ Մանուկյանը վիրավորել է իրեն, ոստիկաններ է կանչել, որ իրեն տանեն: Այդ միջադեպից հետո Վարդգես Գասպարին դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին եւ պահանջել է պատժել պատգամավորին, քանի որ նա խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները։
ԱԺ էթիկայի հանձնաժողովը 2 նիստ է արել այս հարցով, որի ժամանակ քննարկել են դիմումի հիման վրա վարույթ սկսելու հարցը։ Հանձնաժողովը կազմված է 10 պատգամավորից․ 5-ը՝ իշխանական, 5-ը՝ ընդդիմադիր։ Հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, նախագահի տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը, անդամներն են՝ ՔՊ-ից Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, Արման Եղոյանը, Վիլեն Գաբրիելյանը, «Ուժեղ Հայաստան»-ից՝ Մամիկոն Ասլանյանը եւ Հարություն Հարությունյանը, Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը՝ «Հայաստան» դաշինքից։
Դիմումի հիման վրա քննություն սկսելու հարցը քննարկվում եւ ընդունվում է քվեարկությամբ։ Իսկ երբ ձայները բաշխվում են հավասար սկզբունքով՝ 5 կողմ եւ 5 դեմ, վճռորոշ է դառնում հանձնաժողովի նախագահի ձայնը։ Այս պարագայում Գեղամ Մանուկյանի դեմ դիմումն ընդունվել է վարույթ, քանի որ քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են 5 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ․ իշխանական պատգամավորները կողմ են եղել քննություն սկսելուն, ընդդիմադիրները՝ դեմ, վճռորոշ է եղել այն, որ այս պահին հանձնաժողովի նախագահը Մարիա Կարապետյանն է՝ ՔՊ-ից, եւ նա կողմ է քվեարկել։ Ի դեպ, 6 ամսից ռոտացիոն կարգով նախագահի պաշտոնն անցնելու է ընդդիմությանը։ Ինչ վերաբերում է Գասպարիի դիմումին, ապա դրա հիման վրա քննարկում է սկսվել, եւ նշանակվել է գործով զեկուցող։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստերը փակ են։
Ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանի եւ Վարդգես Գասպարիի միջադեպին, ապա տեսանյութերի ուսումնասիրությունից էթիկայի խախտման փաստ՝ հարված կամ հայհոյանք, չի հայտնաբերվել։ Պարզ չէ, թե ինչ է քննելու հանձնաժողովը եւ ինչ եզրահանգման է գալու, եթե միանգամայն կանխատեսելի է հանձնաժողովի անդամների քվեարկությունը, եւ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում երբեք այս կանոնից բացառություններ չեն լինում։
Էթիկայի հանձնաժողովն օրերս երկրորդ դիմումն է ստացել՝ քննում է նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցը: Առաքելյանը վիրավորել էր Աջափնյակի թաղապետին, սպառնացել թքել նրա վրա: Անկախ նրանից՝ պատգամավորն ընդդիմադիր է, թե իշխանական, պարտավոր է զերծ մնալ փողոցային բառապաշարից, սպառնալիքից, ինչ խոսք, Մեսրոպ Մանուկյանի բառապաշարը տգեղ է եւ անընդունելի, բայց արդյո՞ք իշխանական պատգամավորները զերծ են նման բառապաշարից: Բազում նման օրինակներ կան։ Միայն Տարոն Չախոյանի ելույթները բավական են, որպեսզի ընդդիմությունը էթիկայի հանձնաժողովում բարձրացնի նրա հարցը եւ քննարկման դնի իշխանականների բառապաշարը, անձնական բնույթի վիրավորանքներն ու հակաքաղաքական ելույթները: Ի դեպ, Էթիկայի հանձնաժողովը, որպես կանոն, ոչ թե իշխանություններին պաշտպանելու համար է ստեղծվել եւ գործում, այլ հակառակը՝ ընդդիմության եւ շարքային քաղաքացիների իրավունքները պաշտպանելու եւ չափն անցած իշխանական պատգամավորներին զսպելու համար:
ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Լիլիթ Գալստյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ ընդդիմադիրները չեն դիմում էթիկայի հանձնաժողով, չեն քննարկում իշխանական պատգամավորների բառապաշարը, վարքագիծը: Գալստյանը հիշեց, որ այս հանձնաժողովը Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին ստեղծվել է Դաշնակցության համառ ջանքերի շնորհիվ, ապա հավելեց. «Նախ ասեմ, որ ես վստահ չեմ, որ ընդդիմությունը չի նախաձեռնել ինչ-որ բան: Օրինակ, ես չգիտեմ` «Ուժեղ Հայաստանը» դիմե՞լ է, թե՞ ոչ»:
ԱԺ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մամիկոն Ասլանյանն էլ, մեզ հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, շեշտեց. «Այս պահին դեռեւս որեւէ հարց չենք ներկայացրել հանձնաժողով: Դեռ աշխատանքները նոր են սկսվել: Քննվող դիմումներ չկան այս պահին, բայց կլինեն ընթացքում: Կոնսենսուսով է՝ հինգ-հինգ հարաբերակցությամբ է ձայների իրավունքը, կարող է որոշ դեպքերում լինել կոնսենսուս: Այս պահին քննվում է միայն Գեղամ Մանուկյանի եւ Մեսրոպ Մանուկյանի հարցը»:
Փաստ է, որ ընդդիմությունն իր համար հասանելի միջոցներից ու լծակներից չի օգտվում, իսկ իշխանությունն անգամ ընդդիմության համար ստեղծված այս գործիքից՝ էթիկայի հանձնաժողովից կարողանում է օգտվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր