Հանրայինին գրոհ է սպառնում․ Տաթեւը ձեռնամարտ է պարապում․․․
Tue, 17 Nov 2026 13:45:48 +0400

Պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճը» բավականին լայն ձեւաչափ ունի։ Այնտեղ կարելի է ոչ միայն բանավիճել, հակառակվել, այլեւ, անհրաժեշտության դեպքում, անցնել ձեռնամարտի։ Կարեւորը՝ հեռուստադիտողը տեսնի ամեն ինչ եւ ինքնուրույն որոշի՝ ով էր մեղավոր, ով՝ անմեղ։
Այս նորությունն իմացա «Մեծ բանավեճի» վարող, լրագրող Տաթեւ Դանիելյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցից։ Հաղորդման տաղավարում լրագրող Բորիս Մուրազիի եւ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքն արդեն մի քանի օր է՝ քննարկման թեմա է։ Սակայն Հանրայինի ներկայացուցիչներն առանձնապես մտահոգվելու պատճառ չեն տեսնում։ Տաթեւ Դանիելյանն ասում է.
«Ազգային ժողովում էլ վերջերս ծեծկռտուք տեղի ունեցավ, լրագրողները չլուսաբանեցի՞ն: Լուսաբանեցին, չէ՞: Նման միջադեպերը կոծկելն անիմաստ է, եթե եղել է, ապա պետք է հրապարակվեն»:
Միջադեպի արդարացման այս տրամաբանությունը Պարոնյանի գրչին արժանի երգիծական նյութ է։ Փաստորեն, այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, կարելի է կրկնել նաեւ Հանրայինի տաղավարում։ Եթե պատգամավորներն իրենց տարաձայնությունները բռունցքներով են լուծում, ինչո՞ւ բանավեճի մասնակիցները պիտի սահմանափակվեն միայն խոսքերով։ Չէ՞ որ Հանրայինն էլ խոստանում է ոչինչ չմոնտաժել, որպեսզի հեռուստադիտողն իր աչքով տեսնի, թե մինչեւ ուր կարող է իջնել հանրային եթերի նշաձողը։
Բայց այստեղ մի հանգամանք կա, որ Տաթեւ Դանիելյանը, կարծես, անտեսում է։ Նա սովորական լրագրողի եւ Հանրային հեռուստաընկերության լրագրողի գործառույթները նույնացնում է։ Սովորական լրագրողը կարող է լուսաբանել Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը, բայց Հանրայինի հաղորդավարի պարտականությունը միայն կատարվածը տեսախցիկով արձանագրելը չէ։ Նա պատասխանատու է նաեւ սեփական տաղավարում տեղի ունեցողի, եթերի մշակույթի եւ հանրային միջոցներով հեռարձակվող հաղորդման բովանդակության համար։ Լուսաբանելն ու սեփական եթերում նման վարքագիծը հանդուրժելը, այն էլ՝ որպես արդարացում ներկայացնելը, բոլորովին տարբեր բաներ են։
Իսկական ֆելետոնային գոհար է Տաթեւ Դանիելյանի մեկ այլ բացատրություն. «Եթե մոնտաժենք, Հանրային հեռուստաընկերության դեմ կգրոհեն»։
Փաստորեն, Հանրայինը վախենում է գրոհից, բայց չի վախենում հանրային եթերը վարկաբեկելուց։ Մնում է հասկանալ՝ հեռուստաընկերությունն իր խմբագրական քաղաքականությունը վարո՞ւմ է, թե՞ առաջնորդվում է հնարավոր գրոհների կանխատեսումներով։ Եթե մոնտաժես՝ կգրոհեն, չմոնտաժես՝ հեռուստադիտողը կտեսնի ծեծկռտուք։ Այսպիսի իրավիճակում, թերեւս, ամենաապահով տարբերակը ոչինչ չանելն է։
Ի դեպ, պարզվում է՝ հաղորդավարուհու ձեռքի շարժումները, որոնք ինձ համար մինչեւ հիմա առանձին ուսումնասիրության թեմա էին, նույնպես լուրջ բացատրություն ունեն։ Նա այնքան ակտիվ է ձեռքերը թափահարում բանախոսի քթի առաջ, որ ակամայից մտածում ես՝ գուցե դա ձեռնամարտի նախավարժա՞նք է։ Հավանաբար, «Մեծ բանավեճի» ձեւաչափով մասնակիցները մինչեւ եթեր մտնելը պետք է ծանոթանան նաեւ ձեռքի հարվածների տեխնիկային։ Իսկ եթե հաղորդման ընթացքում հանկարծ բռունցքների անցնեն, հաղորդավարուհին անակնկալի չի գա։ Մանավանդ երբ Հանրայինին գրոհ է սպառնում։
Միայն թե մի բան այդպես էլ անհասկանալի մնաց. Հանրայինի տաղավարում բանավեճի կանոննե՞ր են գործում, թե՞ պարզապես հանրային միջոցներով հեռարձակվող ռինգ է, որտեղ հաղորդավարն էլ մրցավարի փոխարեն նախավարժանք է անցկացնում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր