Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Գինեսի գրքում արձանագրվելու արժանի ռեկորդ

Գինեսի գրքում արձանագրվելու արժանի ռեկորդ

Wed, 18 Nov 2026 17:45:46 +0400


Քեֆս բերեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած՝ դատախազության կողմից դատարան ուղարկված քրեական գործերի վիճակագրական շարքը: 2012-2022 թվականներին դրանց թիվը կազմել է 33908 կամ տարեկան միջինը՝ 3400 գործ։ Փաստաբանը շարունակել է շարքը՝ 2022-ին ուղարկվել է 4833 քրգործ, 2023-ին՝ 7959-ը, 2024-ին՝ 11515-ը, 2025-ին՝ 14091-ը: Իսկ 2026-ի սկզնից մինչև այժմ՝ 18046 գործ: Այսպիսով՝ 2022-2026-ին՝ 56444 քրեական գործ: Եվ վերջում տվել է հռետորական հարց. «Նիկոլ Փաշինյան ջան, հանցավորությունը գնալով աճու՞մ ա, թե՞ իրավապահները գործեր են «սարքում»»: Կարծում եմ պատասխանն ակնհայտ է. հանցավորությունը չի աճում և ոչ էլ բացահայտումներն են աճում: Եվ, այո, նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում Հայաստանում ավանդույթ է դարձել գործ «սարքելը»:

Դրանք հիմնականում առնչվում են ընդդիմությանը՝ ընդդիմադիր ղեկավարներին և ակտիվիստներին կալնավայրեր ուղարկելու առումով: Հատկապես փողոցային բողոքների և ընտրությունների ժամանակաշրջանում: Բայց այդ եզրակացությունը ճշտման կարիք ունի. 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիրների ձերբակալություններն ու կալանավորումները հազվադեպ էին: Ենթադրում եմ, որ պատճառը երբեմնի «դուխով» Նիկոլից «խեղճ հարիֆի» վերածված վարչապետի վախն էր ժողովրդից: Այն ժողովրդից, որին նա իբրև թե սիրում էր և ում առջև թատերակայնորեն ծնկի գալիս: Ինչը, բնականաբար, առաջին հերթին պայմանավորված էր պատերազմի խայտառակ պարտությամբ: Դրան գումարած այն հանգամանքը, որ նախընտրական ժամանակաշրջանում դեռևս թարմ էր 2021-ի փետրվարին վարչապետի պաշտոնում նրա անձի համատարած մերժումը:

Եվ մի հանգամանք ևս. 2024-ի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դերակատարները ձերբակալվեցին հաջորդ տարի: Թե ինչով էր պայմանավորված այդ հապաղումը՝ դժվար է ասել: Եթե, իհարկե, կրկին չարձանագրենք վախի գործոնը: Ի դեպ, 2025-2026 թվականներին համարյա նույնքան (32137) գործ է ուղարկվել դատարան, որքան 2012-2022 թվականներին: Դե, իսկ չավարտված 2026-ին իսկական ռեկորդ է խփվել՝ Գինեսի գրքում արձանագրվելու արժանի: Ինչը վկայում է, որ նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում Հայաստանն աստիճանաբար մոտենում է բռնապետական Ադրբեջանին: Նկատենք, որ ադրբեջանցի ընդդիմադիրները հիմնականում կա՛մ բանտում են և կա՛մ արտասահմանում:

Ինչ մնում է 2026-ի ռեկորդին, ապա այն, ինչպես բազմիցս է ասվել տողերիս հեղինակի կողմից, եվրոպական ժողովրդավարական երկրներին մատուցված դաս է, թե ինչպես է անհրաժեշտ կազմակերպել ընտրությունները: Լինեն դրանք տեղական, թե համապետական: Իսկ այն հանգամանքը, որ դատախազության կողմից դատարան ուղարկված քրեական գործերի մեծամասնությունը փուչիկիկ նման պայթում է, ապա դա ևս տեղական «ժողովրդավարության» հատկանիշներից է: Քանի որ դրանով միջազգային հանրություն կոչված անսեռ ու լղոզուն զանգվածին ներկայացվում է հայաստանյան՝ իբրև թե անկախ դատական համակարգի գոյության փաստը: Իրականում, դա ևս նախանշված է հենց սկզբից. վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դատախազության միջոցով ընտրություններից առաջ չեզոքացնում է ակտիվ ընդդիմադիրներին, որոնք ազատվում են կալանավայրերից ընտրություններից հետո: Իսկ այդ ընտրություններում, բնականաբար, 90 քանի տոկոսով հաղթում է գործող իշխանությունը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա Tue, 17 Nov 2026 19:45:15 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով