Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն

Thu, 19 Nov 2026 12:15:03 +0400


Նոյեմբերի 14-ին Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարը միության նոր նախագահ պետք է ընտրեր, սակայն այն հետաձգվել է եւ կկայանա նոյեմբերի 21-ին: Թեկնածուները երեքն են՝ գեղանկարիչ Արա Շահումյանը` Հաղթանակ Շահումյանի որդին, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը եւ արվեստաբան Գայանե Իգիթյանը։
Նկարիչների միության գործող նախագահ Սուրեն Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում նախորդ ամիս ասել էր, որ Նկարիչների միության կանոնադրությունն այնպիսին է, որ նույն անձը երկու անգամից ավել չի կարող լինել նախագահ, ուստի այս անգամ ինքը չի առաջադրվել: Ինչպես բոլոր կառույցներում, Նկարիչների միությունում եւս կասկածներ կան, որ ընտրությունը չի լինելու արդար եւ թափանցիկ:

Թեկնածուներից Արա Շահումյանի փաստաբան Մարիաննա Եղիազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Նկարիչների միության նախագահությունն անհասկանալի կանոններ է սահմանել ընտրություններից առաջ: Մասնավորապես` երեք օր լռության օր են սահմանել, թեկնածուներին արգելել են խոսել, կարծիք հայտնել՝ նախագահ ընտրելու պրոցեսի հետ կապված, ինչը, ըստ փաստաբանի, խնդրահարույց է ու կասկածելի. «Միության բոլոր անդամներին փոստային եղանակով ծանուցում չեն ուղարկել: Կանոնադրությունն իրավունք չի տալիս, որ ընտրությունը կայացվի հեռավար կարգով, սակայն մեյլայն սիստեմ են հորինել եւ պնդում են, որ ընտրությունն այդ եղանակով պետք է անցկացվի, ինչը վերահսկելն անհնար է: Փակել են նաեւ մուտքը: Արա Շահումյանի աջակիցների մեծ մասը ազատ ստեղծագործողներ են, ովքեր դժգոհ են միությունից եւ ցանկանում են, որ փոփոխություն լինի, որպեսզի անդամագրվեն: Կան գրողներ, ովքեր ուզում են Գրողների միությունից բացի անդամագրվել նաեւ Նկարիչների միությանը, սակայն նրանց՝ բոլորի մուտքը փակել են»:

Ինչո՞ւ եք կարծում, որ ընտրությունը կարող է կեղծվել, թեկնածուների մեջ կա՞ մեկը, որ հարում է քաղաքական իշխանություններին եւ կարող է նման քայլի գնալ։ «Ես հստակ չեմ կարող փաստերով ասել, թե ով որ քաղաքական ուժին է հարում, սակայն Լեւոն Աբրահամյանը միության փոխնախագահն է, եւ արդեն 30 տարի է՝ Նկարիչների միությունում փաստացի իշխանափոխություն տեղի չի ունենում, անվերջ իրար են փոխարինում «ժառանգորդները», որոնք մշտապես համագործակցում են բոլոր իշխանությունների հետ: Միությունը երբեք նկարիչներին չի ծառայել, եւ դա խիստ մտահոգիչ է: Միայն այն հանգամանքը, որ գործող նախագահն այդ թեկնածուին` Լեւոն Աբրահամյանին ամեն տեղ ուղեկցել է, բավարար է պնդելու համար, որ նա է ցանկալի թեկնածուն: Նա մասնակցում է վարչության բոլոր նիստերին, սակայն դրա իրավունքը չունի: Ոչ մի այլ թեկնածու չունի այդ հնարավորությունը: Մեծ ռիսկեր կան, որ քվեարկությունն այնպես կարող են կազմակերպել, որ կեղծիքներ լինեն: Օրակարգը ստացել ենք ընդամենը երեկ, այն պարագայում, երբ այն պետք է ստանայինք ընտրությունից երկու շաբաթ առաջ, որպեսզի նկարիչներին ներկայացնեինք: Բայց իրենց ցանկալի թեկնածուն ամեն բան իմացել է ի սկզբանե: Սա եւս ժողովրդավարության խախտում է: Ոչ հավասար մրցակցային պայմաններ են, եւ կեղծիքի մեծ ռիսկեր կան»:

Ինչպե՞ս կարող են կեղծել ընտրությունը, ի՞նչ եղանակով։ «Մեր նպատակն այն է, որ գյուղում ապրող նկարիչը տեղյակ լինի, որ միությունում նախագահի ընտրության հարց է քննարկվում, եւ կարողանա մասնակցել պրոցեսին: Միությունը նման դեպքերում պարտավոր է մարզերում ապրող նկարիչների տրանսպորտի ծախսերը հոգալ: Բայց մի սխեմա են մշակել եւ առաջնորդվում են դրանով: Ով իրենց մարդն է, ամեն բան հոգում են, բայց մնացածը անգամ չգիտեն, որ նախագահի ընտրության հարց կա: Գնացել էինք Գյումրի` ոչ մեկը ոչ մի բանից տեղյակ չէր: Ինչ վերաբերում է հնարավոր կեղծիքներին, ապա վարչությունում դիմումի ինչ-որ ձեւ են հաստատել, այդ դիմումի ձեւը ցանկացած մեյլից միության անդամները կարող են ուղարկել Նկարիչների միության էլեկտրոնային հասցեին: Չկա նույնականացում, օրինակ` ես եթե ունեմ ինչ-որ մեկի անդամատոմսը, իսկ միության ղեկավարությունն ունի բոլոր անդամների անդամատոմսերի օրինակները, կարող եմ քվեարկել այլ մեկի փոխարեն: Այս օրերին մենք հեռախոսազանգերի միջոցով նկարիչներին տեղեկացրել ենք, որ նախագահի ընտրություն է լինելու: Գիտե՞ք, թե ինչ է պարզվել, որ այդ ցուցակից լիքը մարդիկ մահացած են, իսկ շատերն էլ երկրում չեն: Մտավախություն ունենք, որ մահացած նկարիչների փոխարեն կարող են քվեարկել: Մի նոր աբսուրդ են հնարել, երեք օր պետք է լռեն բոլորը: Վարչության նիստում է այդպես որոշվել»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Աղբն այրում են` նոր աղբի համար տեղ բացելով

«Հրապարակ». Աղբն այրում են` նոր աղբի համար տեղ բացելով Thu, 19 Nov 2026 10:15:13 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով