Սնուփ Դոգի և Ջենիֆեր Լոպեսի համերգների մասին․ ի՞նչ պատասխանեց նախարարը
Thu, 19 Nov 2026 13:26:13 +0400

ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել է, թե որքանով էր հիմնավորված պետական բյուջեի միջոցներով արտասահմանյան աստղերի համերգների կազմակերպումը։
Պատգամավորը հիշեցրել է, որ 2023 թվականին նախատեսված էր Սնուփ Դոգի համերգը, որը հետագայում չկայացավ, իսկ դրա փոխարեն Հայաստանում կազմակերպվեց Ջենիֆեր Լոպեսի համերգը։
Ղազարյանը նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք հաշվարկվել է, թե այդ միջոցառումների համար հատկացված գումարներով քանի երեխայի կարելի էր ապահովել անվճար երաժշտական կրթություն ստանալու հնարավորությամբ, եթե համերգները չկազմակերպվեին պետական միջոցներով։
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բազմաթիվ երկրներ մշակութային միջոցառումներն օգտագործում են որպես տնտեսական զարգացման կարևոր խթան։ Նա պատգամավորի բարձրացրած հարցադրումը որակել է որպես «մանիպուլյատիվ դիխոտոմիա»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր