«Հրապարակ»․ Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել
Fri, 20 Nov 2026 08:05:57 +0400

Նոր Հաճնում դեկտեմբերի 13-ի ընտրություններում հայտ ներկայացրած «Գործարար» կուսակցության 29 թեկնածուից 3-ն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Պատմեցին, որ առաջադրվելուց հետո իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, փոշմանել են, դուրս եկել պայքարից: Հնարավոր է, որ եւս 2 թեկնածու ինքնաբացարկ ներկայացնի: «Գործարարի» համայնքապետի թեկնածու Վարդան Պապյանին հարցրինք՝ ինչո՞ւ են իրենց թեկնածուներն ինքնաբացարկ նեկայացրել։
«Տեղեկությունը կճշտենք, տեսնենք` ովքեր են, եթե ինքնաբացարկ անող էլ լինի, մենք հաշտ ենք դրա հետ: Դե, երեւի որոշել են չպայքարել: Կեղտոտ խաղեր են խաղում, մարդիկ կան, որ ուզում են անձնականացնեն ընտրությունները ու հարազատների մեջ խժդժություն են գցում: Դրա հետ կապված կարող են լինել 1 կամ 2 հոգի, կեղծ լուրեր են տարածում: Մի քանի հոգու ընտանիքում միտումնավոր խնդիրներ են առաջացրել, բայց ովքեր էլ որ իրենց մեջ ուժ կգտնեն՝ կհասկանան, որ ընդհանուրի շահն իրենց հարաբերություններից կարեւոր է: Մանիպուլյացիաներ են անում, որ խանգարեն եւ խաթարեն, բայց չի ստացվելու»: Թիվ 28 ԸԸՀ նախագահը հաստատեց, որ 3 դիմում են ստացել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր