Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Այս մարդուն ո՞նց կարելի է հավատալ, երբ անգամ նրա սպառնալիքներն են սուտ

«Հրապարակ». Այս մարդուն ո՞նց կարելի է հավատալ, երբ անգամ նրա սպառնալիքներն են սուտ

Fri, 20 Nov 2026 10:45:32 +0400


Վերջնական ու անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք, ու այդ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է՝ չորեքշաբթի օրն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ խոսելով սահմանադրական հանրաքվե անցկացնելու հույժ անհրաժեշտության մասին: Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում չունի այնքան պատգամավոր, որ հաստատի եւ հանրաքվեի դնի նոր սահմանադրության նախագիծը, ուստի պահանջվում է 6 ընդդիմադիրի քվե, սակայն ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել են, որ չեն աջակցելու «ալիեւյան սահմանադրության» ընդունմանը: Հայաստանի գործող սահմանադրությունը փոխելը Բաքվի նախապայմանն է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ուստի Փաշինյանը նոր սահմանադրության ընդունման խոչընդոտ համարում է խորհրդարանական ընդդիմությանը։ «Հիմա կա՛մ մենք հանրային ճնշում ենք գեներացնում, ու ընդդիմությունը, ի վերջո, հրաժարվում է էդ դերակատարումից` խաղաղության խոչընդոտի դերակատարումից, կա՛մ սրա շարունակությունը՝ քաղաքական պրոցեսները տանում ենք էն ուղղությամբ, որ ընդդիմության այս հատվածը չի լինելու խորհրդարանում, մնացածը տեխնիկայի հարց է: Մենք ունենք բավարար վճռականություն եւ կամք՝ գնալու այդ ճանապարհով»,- ասաց վարչապետը՝ չբացահայտելով ընդդիմությանը հեռացնելու «տեխնիկան»: Ջղաձգված ու նյարդային Փաշինյանի համար այնքան կարեւոր է նոր սահմանադրությունը, որ նա անգամ հայտարարեց. «Գնում ենք հանրաքվեի, մարդիկ կողմ քվեարկեցին՝ ես ստորագրում եմ խաղաղությունը եւ հեռանում։ Կողմ չեն քվեարկում՝ էլի կհեռանամ։ Ապացուցեք, որ ուզում եք ինձ հեռացնել»։ Այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի հետ:

– Հերթական անգամ հանրությունն ականատես եղավ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փողոցային բառապաշարով սպառնում ընդդիմադիրներին, բղավում, մեղադրում նրանց: Նա նորից խոսեց թալանի մասին, չնայած արդեն քանի տարի է՝ հենց ՔՊ-ական ռեժիմն է, կարելի է ասել, թալանում մեր պետությունը, նորից սպառնաց` բանտարկել ընդդիմադիր ուժերին, թեեւ երեք ընդդիմադիր ուժի առաջնորդներն էլ բանտում են: Նման իրավիճակներում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը:

– Տիտղոսային ընդդիմությունը, որ ներկայացված է խորհրդարանում, իրավիճակը շատ ավելի լավ է պատկերացնում, քան՝ մենք: Ի վերջո` իրենք են աշխատում խորհրդարանում, իսկ դրսից տրվող խորհուրդների կարիքը, ես կարծում եմ, նրանք չունեն: Մեր ունեցած ինֆորմացիան իրենց ունեցած ինֆորմացիայի համեմատ փոքր է, եւ ճշգրիտ անելիքների մասին կարող են խոսել հենց իրենք: Ազգային ժողովում կան տարբեր միջանցքներ, որտեղ պատգամավորները հաղորդակցվում են, ինֆորմացիա են ստանում….

– Լավ, այլ կերպ տամ հարցս` եթե Դուք այժմ պատգամավոր լինեիք, ինչպե՞ս կվարվեիք նման պայմաններում:

– Իմ՝ պատգամավոր եղած տարիներին բացառվում էր, որ երկրի առաջին դեմքն իրեն այդ ձեւով դրսեւորեր, խոսեր նման բառապաշարով: Անհնար է նման բան: Մենք այսօր ապրում ենք բռնապետական երկրում, եւ այս մարդն իրեն պահում է ինչպես ցանկացած բռնապետ: Ահաբեկում է պատգամավորներին, այն պատգամավորներին, որոնց ընտրել է 300 հազարից ավելի մարդ: Վախեցնում է մարդկանց բանտ ուղարկելով, վախեցնում է, որ բռնաճնշումների կենթարկի բոլոր նրանց, ովքեր դեմ են իրեն: Այն ժամանակ ուղղակի չէր կարող լինել նման բան:

– Իսկ ըստ Ձեզ` սահմանադրության փոփոխությունն ինչո՞ւ է Փաշինյանի համար կյանքի ու մահվան հարց դարձել:

– Դա ակնհայտ է: Այն ուժերը, որոնք բերել են իրեն եւ աչք են փակում, թե այս մարդն ինչ ապօրինությունների է դիմել այս տարիների ընթացքում, հիմա իրեն պարտադրել են, որ պետք է սահմանադրությունը փոխվի, եւ ոչ միայն, նա պետք է իր տերերի բոլոր հրահանգները կատարի: Այդ պայմանով են նրանք փակել իրենց աչքերն ու ականջները: Սա այդ պահանջներից հերթականն է: Եթե չկատարի, իր հանդեպ վերաբերմունքը կփոխեն իրեն իշխանության բերածները՝ բոլոր հնարավոր հետեւանքներով:

– Փաշինյանի համար այնքան կարեւոր է սահմանադրության փոփոխությունը, որ նա հայտարարում է, որ եթե փոխվի սահմանադրությունը, ես կհեռանամ….

– Մոտեցանք ամենակարեւոր կետին. երբեք չի կարելի հավատալ նրան, որը հազար անգամ դրժել է իր խոստումները: Եթե դուք հավատում եք մեկին, որը հազար անգամ դրժել է իր խոստումները, ապա ստացվում է, որ հիմարի տեղ եք ձեզ դրել: Մի անգամ կարելի է խաբվել, երկու, տասը, բայց ոչ՝ հազար: Պետք է նայել մարդու գործերին: Նա լավ գիտի, որ ընդդիմությունը չի հավատում իրեն, իր նպատակն այն է, որ հասարակությանը մոլորեցնի: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր դեռ թմբիրի մեջ են` տարբեր պատճառներով, երբեմն նաեւ շահադիտական նպատակներով:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Փաշինյանը գիտակցում է, որ հանրությունն այնքան է հոգնել ու հիասթափվել իրենից, որ հիմա էլ իր հեռանալու խոստումն է «վաճառում» ընտրողների վրա:

– Նա տեսնում է, որ իր քաղաքական ուժին եւ հենց անձամբ իրեն քվե տվող քաղաքացիների թիվը կտրուկ նվազել է, այնքան է նվազել, որ նա նույնիսկ խայտառակ կեղծիքներով չկարողացավ 50 տոկոսից ավելի ձայն ստանալ: Նա իր տերերին խոստացել էր, որ ունենալու է սահմանադրական մեծամասնություն եւ կկատարի բոլոր հրահանգները: Որպեսզի իր տերերի մոտ խայտառակ չլինի, խայտառակվեց հայ ժողովրդի մոտ: Գողացավ ԲՀԿ-ի բոլոր ձայները: Նա գիտի, որ իրեն ռեալ քվե տվողների տոկոսը բավականին ցածր է: Մեր հասարակության մեծամասնությունն իրեն «ոչ» ասաց, այն դեպքում, երբ անգամ սպառնաց, որ սեպտեմբերին դաժան պատերազմ է լինելու, եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չունենա: Այս ամենից հետո այս մարդուն ո՞նց կարելի է հավատալ, անգամ նրա սպառնալիքներն են սուտ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն Fri, 20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով