Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ
Fri, 20 Nov 2026 21:15:20 +0400

Նիկոլ ջան, երկար եմ մտածել՝ ինչ առաջարկել քեզ, որ Սահմանադրության փոփոխության գաղափարն այնքան հրապուրիչ դարձնես, որ մարդիկ ոչ միայն ընդունեն այն, այլև սիրով գնան ընտրատեղամասեր եւ քվեարկեն քո եւ Ալիեւի համատեղ գաղափարի օգտին, իսկ մինչ այդ էլ ԱԺ գան՝ քո հրահանգով ընդդիմությանը ճնշելու։
Ինձնից լավ գիտես, որ քո թիմի ներկայացուցիչները, ինչպես նաև քեզ դեռևս սիրող մի քանի քաղաքացիներ, Սահմանադրության նշանակության մասին առանձնապես խորքային պատկերացում չունեն։ Նրանցից ոմանք, թերևս, մինչև հիմա էլ չեն կողմնորոշվել՝ Սահմանադրությունն ի՞նչ է՝ ուտելիքի մենյո՞ւ է, վայն-լի՞ստ է, մանկական երազանքների թվարկո՞ւմ է, թե՞ հեքիաթների ժողովածու։
Հետևաբար, առաջարկում եմ Սահմանադրության փոփոխությանն աջակցելու համար մի շատ գայթակղիչ դրույթ ներառել։ Գրիր, որ Սահմանադրությանը կողմ քվեարկած յուրաքանչյուր քաղաքացի կսնվի հատուկ ճաշացանկով։ Երկուշաբթի՝ քյաբաբ, երեքշաբթի՝ խաշլամա, չորեքշաբթի՝ իքիբիր, հինգշաբթի՝ տավարի պոչ, ուրբաթ՝ էշի պոչ, շաբաթ՝ ռակի պոչ, կիրակի՝ ոչինչ չեն ուտի, միայն Ջերմուկ կխմեն, որպեսզի ամբողջ շաբաթվա կերածը մարսեն։
Համոզված եմ՝ այս առաջարկով սահմանադրական փոփոխությունների քարոզարշավդ աննախադեպ հաջողություն կունենա։ Ավելին՝ մարդիկ հերթ կկանգնեն ոչ թե Սահմանադրությունը կարդալու, այլ քվեարկելու համար։
Միայն մի բան չմոռանաս, Նիկոլ ջան. եթե խոստացածդ քյաբաբը չտաս, կասես` իրավիճակ է փոխվել, Պուտինը խանգարեց, ռսաստրուկ ընդդիմությունն է մեղավոր…Դու ինձնից լավ գիտես, թե ինչ կասես։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր