Անելանելի վիճակ
Sat, 21 Nov 2026 09:00:19 +0400

Փակուղին, որում իր գործողությունների ու վարած քաղաքականության հետեւանքով հայտնվել է Նիկոլ Փաշինյանը, չափազանց ակնհայտ է` այն չտեսնելու համար: Նա ինքն իրեն ուղղակի մանեւրելու տեղ չի թողել: Այդ շինծու ծիծաղն ու զայրույթը, ինքնավստահ երեւալու փորձերը, հոխորտալն ու սպառնալը հենց փակուղու գիտակցությամբ են պայմանավորված: Ընդ որում, փակուղի է ոչ միայն ԵՄ-ԵԱՏՄ այլընտրանքի լուծման խնդիրը, ոչ միայն Ալիեւի եւ մյուս «պահանջատերերի» իրարամերժ ցանկությունները համադրելու հարցը, այլ նաեւ սեփական հանրության հետ լեզու գտնելու, իր գործողությունները մարդկանց բացատրելու, նրանց վստահությունը պահպանելու հրամայականը:
Բայց ամենամեծ փակուղին սահմանադրության հետ կապված թնջուկն է, որն ուղղակի անկյուն է մտցրել երկրի ղեկավարին: Պարզ է, որ ընդդիմությունը չի «ուտելու» այդ «կտերը» եւ պակասող 7 ձայնը չի տալու Փաշինյանին, որ Ալիեւի թելադրած, միանգամայն անիմաստ, բացառապես հայ ազգի ստորացման համար պարտադրվող սահմանադրությունը հանրաքվեի դրվի: Պարզ է, որ քիչ թե շատ հնարավոր ուղին արտահերթ ընտրությունն է: Բայց խորհրդարանական ընտրություններից կես տարի անց նոր ընտրություններ կազմակերպելն էլ խայտառակություն է: Դա ոչ միայն ծանր ֆինանսական բեռ է առանց այն էլ պարտքերի տակ կքած ու դեֆիցիտ ունեցող մեր բյուջեի համար, այլեւ իշխանությունների լեգիտիմությանը, վարկանիշին հասցված լուրջ հարված է: Այդքան թմբկահարված հաղթանակն անգամ մեկ տարվա լեգիտիմություն չապահովեց այս քաղաքական ուժի համար: Բայց նոր ընտրությունն ուրիշ խութեր էլ է պարունակում` շատ մեծ հարցականի տակ է, որ ՔՊ-ն նույնքան ձայն կստանա, ինչքան հունիսի 7-ին ստացավ: Կկեղծի՞. դրանով կխարխլի իր իսկ հիմքերը եւ լեգիտիմության ավելի մեծ դեֆիցիտ կառաջացնի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր