Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը չդառնա Ադրբեջանի գաղութը
Mon, 23 Nov 2026 13:47:02 +0400
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրա համոզմամբ՝ իշխանափոխությունը անհրաժեշտ է՝ թույլ չտալու համար, որ երկիրը հայտնվի Ադրբեջանի ազդեցության ներքո։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը հայտարարել է, որ ընդդիմությունը մերժում է Փաշինյանի առաջարկը և չի պատրաստվում նրա հետ բանակցությունների գնալ։
Պատգամավորը վարչապետին հորդորել է իրականացնել իր իսկ հնչեցրած մյուս առաջարկը՝ նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Միաժամանակ նա կասկածի տակ է դրել նման ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ հիշեցնելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, ըստ որի՝ կամ կընդունվի նոր Սահմանադրությունը, կամ ժողովուրդը կհեռացնի ընդդիմությանը։
Խաչատրյանի խոսքով՝ Փաշինյանն ինքը ևս նախկինում հայտարարել է, որ իրեն իշխանությունից հեռացնելու միակ ճանապարհը հեղափոխությունն է՝ փաստացի բացառելով ընտրությունների միջոցով այդ գործընթացը։
«Մենք ասում ենք, որ Փաշինյանը պետք է գնա, որ Սահմանադրությունը չփոխվի, Հայաստանը չդառնա Ադրբեջանի վասալ պետությունը, գաղութը»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը կորցնի իր ինքնուրույնությունը և վերածվի Ադրբեջանի գաղութի, ապա ընտրությունների մասին խոսակցություններն այլևս որևէ իմաստ չեն ունենա։