Փաշինյանի հետ բանակցությունները բացառվում են
Mon, 23 Nov 2026 13:44:07 +0400

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ ընդդիմությունը չի պատրաստվում ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկը և նրա հետ բանակցություններ վարել։ Նրա խոսքով՝ իշխանության ղեկավարի հետ երկխոսության որևէ հնարավորություն չկա։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատրյանը նշել է, որ Փաշինյանի առաջարկի շուրջ ժամանակ և ռեսուրսներ ծախսելու անհրաժեշտություն չկա։
«Ահաբեկչի հետ չենք բանակցում։ Փաշինյանի գործողությունները ահաբեկչի գործողություններ են»,- ասել է պատգամավորը՝ որպես հիմնավորում մատնանշելով քաղաքական ուժերի ղեկավարների կալանավորումները, նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերն ու ընթացող դատական գործընթացները։
Խաչատրյանի գնահատմամբ՝ երկրում ստեղծված իրավիճակն անհամատեղելի է սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվե անցկացնելու գաղափարի հետ։ Նա նշել է, որ մի կողմից Փաշինյանը ներքաղաքական դաշտում սպառնում է բուլդոզերով, մյուս կողմից Ադրբեջանը պատերազմով է սպառնում Հայաստանին։
«Էս պայմաններում ինչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև հիշեցրել է, որ Փաշինյանը նախկինում հայտարարել է՝ իրեն իշխանությունից հեռացնել հնարավոր է միայն հեղափոխության միջոցով՝ այդպիսով բացառելով ընտրությունների ճանապարհով իշխանափոխության տարբերակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր