Ինչպես և սպասվում էր՝ Բաքուն ողջունել է Փաշինյանի ներկայացրած «ալիևյան սահմանադրությունը»
Mon, 23 Nov 2026 15:14:21 +0400

«Ադրբեջանը դրական է գնահատում Հայաստանի Սահմանադրությունում երկրի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը»։
Այս մասին Բաքվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տականիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է երկու երկրների կողմից՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
«Համաձայնագիրը բաց է հանրության համար, այն հրապարակվել է։ Մենք այն ժամանակ հստակորեն արտահայտել ենք Ադրբեջանի դիրքորոշումը և հիմա էլ կրկնում ենք այն։ Բաքուն պատրաստ է ստորագրել փաստաթուղթը մեկ պայմանով. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Թե երբ դա տեղի ունենա, դա միայն Հայաստանի ներքին գործն է», – ալիևյան ռեժիմի հակահայ թեզը վերահնչեցրել է Բայրամովը։
Նա նշել է, որ այս ուղղությամբ առաջընթաց է գրանցվել.
«Վարչապետ Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Ես կխուսափեի Հայաստանի սահմանադրության վերաբերյալ մեկնաբանություններ անելուց, քանի որ դա ներքին գործ է։ Մեր միակ հետաքրքրությունն այն է, որ նոր նախագիծը չներառի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Նոր նախագիծը, ըստ երևույթին, չի ներառում այս դրույթը, և մենք դա դրական ենք գնահատում»։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի ներսում սահմանադրական գործընթացն ավարտելու ժամանակացույցը կախված է երկրի ղեկավարությունից և հասարակությունից. «Երբ այս հարցը լուծվի, նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, ներկայացրել է ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը։ Սկզբնապես և հիմնապես մերժելի նոր փոփոխությունների նախագծում Անկախության հռչակագրի մասին հղում չկա, պետական խորհրդանիշների մեջ չի հիշատակվում Արարատ լեռը, հիշատակում չկա նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի մասին, ինչպես նաև այլ վտանգավոր դրույթներ կան։
Ընդդիմությունն արդեն կտրականապես մերժել է Մայր օրենքը փոխելու՝ իշխանությունների առաջարկը՝ Սահմանադրության փոփոխությունների նոր տարբերակն անվանելով ալիևյան սահմանադրություն և դա համարելով Ադրբեջանի հերթական պահանջի կատարում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր