«Քաղաքը դիտարկել են սեփական գրպանը լցնելու միջոց»
Tue, 24 Nov 2026 14:02:45 +0400

Երևանում առաջացած տրանսպորտային, կոմունալ և ենթակառուցվածքային խնդիրների պատճառը քաղաքային իշխանությունների վարած քաղաքականությունն է։ Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նրա գնահատմամբ՝ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում են քաղաքը կառավարող ուժերը, որոնք տարիներ շարունակ շինարարության թույլտվություններ են տրամադրել՝ հաշվի չառնելով դրանց հնարավոր հետևանքները։
Ստեփանյանը պնդում է, որ 2018 թվականից սկսած Երևանում շինթույլտվությունները տրվել են մեծ ծավալներով, իսկ 2023 թվականից դրանց քանակը զգալիորեն ավելացել է։ Նրա խոսքով՝ նման քաղաքականության հետևանքով մայրաքաղաքն այսօր կանգնել է լուրջ խնդիրների առաջ՝ ճանապարհային խցանումներից մինչև խմելու ջրի որակի, կոյուղատար համակարգի և էլեկտրամատակարարման հետ կապված դժվարություններ։
Ավագանու ընդդիմադիր անդամի համոզմամբ՝ Երևանի ենթակառուցվածքներն այլևս ի վիճակի չեն դիմակայելու նորակառույց շենքերի շարունակական ավելացմանը։ Նա անհրաժեշտ է համարում իշխանությունից հեռացնել քաղաքային կառավարումը ձախողածներին՝ նրանց մեղադրելով մայրաքաղաքը սեփական շահերի համար օգտագործելու մեջ։
«Եկել է ժամանակը, քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը, որով անկուշտները քաղաքը դիտարկեցին սեփական գրպանը լցնելու միջոց»,-ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր