«Ավելի քան 200 զոհ, 22 անհետ կորած, բայց մեղավորներ չկան»
Tue, 24 Nov 2026 14:14:48 +0400

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին՝ հիշեցնելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունը, որի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվել է, իսկ 22-ը մինչ օրս համարվում են անհետ կորած։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ողբերգությունից անցել է երեք տարի, սակայն հարուցված քրեական գործով, իր գնահատմամբ, որևէ էական առաջընթաց չկա, հանրությանը հայտնի չեն պատասխանատուները, և գործով դատական վճիռ չի կայացվել։
Աբրահամյանի խոսքով՝ զոհվածների թվում շուրջ 70-ը տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ են եղել, որոնցից շատերը ողբերգությունից կարճ ժամանակ առաջ վերադարձել էին մարտական դիրքերից։
Նախկին պատգամավորը նաև նշել է, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանը ներկայումս պաշտոն է զբաղեցնում Պաշտպանության նախարարությունում, սակայն, իր պնդմամբ, հրաժարվում է հանդիպել զոհվածների ընտանիքների հետ և պարզաբանումներ ներկայացնել։
Աբրահամյանը հարց է բարձրացրել նաև տուժած ընտանիքներին համապատասխան կարգավիճակ տրամադրելու և նրանց փոխհատուցելու հարցում։ Նա քննադատել է պետական միջոցների բաշխման առաջնահերթությունները՝ նշելով, որ տարբեր միջոցառումների և պարգևավճարների համար գումարներ են հատկացվում, մինչդեռ ողբերգության զոհերի ընտանիքների աջակցությունը մնում է չլուծված։
Տիգրան Աբրահամյանը պնդել է, որ Հայաստանում իրավապահ համակարգը գործում է քաղաքական հանձնարարություններով՝ միաժամանակ արձանագրելով, որ իշխանությունների վերաբերմունքում մարդկային և բարոյական պատասխանատվության զգացումը, իր գնահատմամբ, բացակայում է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր